Մատչելիության հղումներ

Արզումանյանը կարծում է` Պուտինը կառաջարկի ռուս խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում


Արզումանյանը կարծում է` Պուտինը կառաջարկի ռուս խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում
please wait

No media source currently available

0:00 0:04:06 0:00

Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկելու է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ռուս խաղաղապահներ տեղակայել Ղարաբաղում: Այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Ըստ Արզումանյանի՝ Կրեմլը փորձում է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղ գտած աննախադեպ լարվածությունը օգտագործել ի շահ Ռուսաստանի:

«Թերևս միակ երկիրը, որը ամենաշատը շահեց այս իրավիճակից դա, կարելի է ասել, Ռուսաստանն է, որը ամբողջ միջազգային հանրության կողմից այսօր անտեսված է և հանդես է գալիս որպես «իզգոյ» պետություն, բայց սա Ռուսաստանի համար լավ PR ակցիա է ստացվում»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը։

Նախկին արտգործնախարարի խոսքով՝ այսօր Մոսկվան խնդիր ունի բարելավել իր վարկանիշն աշխարհում, որը շարունակում է տուժել ուկրաինական ճգնաժամի հետևանքով, և Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը պետք է ծառայի Ռուսաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը:

«Սակայն իմ կարծիքով, հայտարարությունից բացի, Սոչիում որևէ լուրջ առաջընթաց չի գրանցվի. Ռուսաստանի, իմ կարծիքով, գերնպատակը տարածաշրջան զորքեր մտցնելն է, այդ մասին բազմիցս խոսել են տարբեր փորձագետներ Ռուսաստանում։ Իմ կարծիքով, ավելի հեռանկարային ծրագիրը Հորադիզում զորք տեղակայելն է՝ ռազմական բազա Իրանի սահմանի վրա, բայց մինչ այդ Ղարաբաղի տարածքի սահմաններում որևէ տեղ ռազմական ներկայություն ունենալ»,- փոխանցեց Արզումանյանը։

«Ինչքանով համոզիչ կլինեն Ռուսաստանի փաստարկները կամ ճնշումները, ցույց կտան բանակցությունները»,- ասաց Արզումանյանն ու հավելեց.- «Բայց Հայաստանի շահերից չի բխում իրավիճակի փոփոխությունը Արցախում, կարծում եմ, Ադրբեջանի շահերից էլ չի բխում Արցախում տեսնել ռուսական զորքեր»։

Անդրադառնալով նախորդ օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններին՝ դիվանագիտական երկարամյա աշխատանքի փորձ ունեցող «Ազատության» զրուցակիցը նշեց, թե ակնհայտ է՝ դրանք, այսպես ասած, հերթական միջադեպեր չէին. նպատակ կար ահաբեկել և մարտավարական առավելություն ստանալ հայկական կողմի նկատմամբ, Հայաստանին դարձնել զիջող և իրավիճակ փոխել հակամարտության գոտում՝ ղարաբաղյան բանակցություններում:

«Ներքին օգտագործման համար էլ ինչ-ինչ, իրենց կարծիքով, սպասվելիք հաջողությունների պարագայում, ցուցադրել, որ բանակը ռազմունակ է, նոր նախարարի առկայությամբ բանակաշինարարությունը շարունակվում է, հաշվի առնելով, որ վերջերս, մանավանդ, Ռուսաստանից մեծ քանակությամբ նոր զինատեսակներ, զինամթերք ստացվեց, երբ որ բանակը կայունանում է և արձանագրում է հաղթանակներ, և դառնում է օրերի հարց Լեռնային Ղարաբաղի հարցը՝ ռազմական ճանապարհով լուծելու համար»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը։

Ըստ նախկին արտգործնախարարի՝ հաշվի էր առնված նաև այն, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված էր Ուկրաինայի դեպքերին, և ադրբեջանական կողմի հաջողության պարագայում, շատ ժամանակ կտևեր մինչև միջազգային հանրությունն իր ուշադրությունը կուղղեր դեպի Ղարաբաղ։

«Փառք Աստծո, սա մեզ համար նաև լրացուցիչ տեղեկատվություն ստանալու առիթ հանդիսացավ. մենք տեսանք, որ Ադրբեջանի բանակը շարունակում է մնալ նույն վիճակում, ինչ 1994 թվականին էր՝ խուճապի մատնվող և միայն քանակով հաղթանակ կորզելու պատրաստ, չունի որևէ ռազմավարություն և մարտավարություն։ Ցավոք սրտի, մենք ունեցանք մի քանի զոհեր մեր տղաների շարքում, բայց նաև մեր բանակը ցույց տվեց, որ մարտունակ է և պատրաստ է պաշտպանել թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ մեր սահմանները»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը։

XS
SM
MD
LG