Քարվաճառում սպանված ադրբեջանցի դիվերսանտ Հասան Հասանովի դին հողին է հանձնվել Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովային:
Վերջինիս փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի գրասենյակը ծանուցվել է այն անձի հուղարկավորման մասին, որին ադրբեջանական ընտանիքը ճանաչել է որպես իր հարազատ, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչը մասնակցել է հուղարկավորմանը որպես դիտորդ և վկայել է սպանվածի դիակի հանդեպ ցուցաբերված հարգանքի մասին:
Հուսեյնովան նշել է նաև, որ ԿԽՄԿ-ն շարունակում է բանակցությունները սպանվածի մարմինը վերադարձնելու հարցով:
Հիշեցնենք՝ Քարվաճառ ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտների վնասազերծման օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ նրանցից երկուսը ձերբակալվել են, մեկը՝ սպանվել: