Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ «Հայաստանը ցանկանում է զարգացնել ԵՄ-ի հետ գործընկերությունը»


Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնի հանդիպումը, Բրյուսել, 22-ը հուլիսի, 2014թ․
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնի հանդիպումը, Բրյուսել, 22-ը հուլիսի, 2014թ․

Հայաստանը ցանկանում է մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին երկխոսությունը, Բրյուսելում հայտարարել է արտգործնախարարը:

Պաշտոնական Երևանը ցանկանում է զարգացնել Եվրամիության հետ գործընկերությունը՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռք բերված արդյունքների և առաջընթացի վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով Եվրամիության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման ժամանակ:

«Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանը և Եվրոպական միությունը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ Արևելյան գործընկերության ձևաչափում շարունակելու և ամրապնդելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ընդգծելով մեր հարաբերությունների իրավական հենքի թարմացման կարևորությունը։ Հայաստանը ակնկալում է հետագա քայլեր ձեռնարկել` ԵՄ-ի հետ համագործակցության իրավական նոր հիմքեր ձևավորելու նպատակով, որը մի կողմից կարտացոլի Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերվածը և, մյուս կողմից, հաշվի կառնի նոր իրողությունները», - ասել է նախարարը:

Նալբանդյանը նշել է, որ Եվրամիության շարունակական օժանդակությունն ու աջակցությունը նշանակալի դեր ունեն Հայաստանում բարեփոխումների գործընթացի իրականացման, ժողովրդավարության և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման համար:

Նա շեշտել է, որ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության օրակարգը ներառում է բազմաթիվ ոլորտներ` քաղաքական երկխոսությունից մինչև արդարադատություն և շարժունակություն, միգրացիայի հարցերից ինստիտուցիոնալ բարեփոխումներ և ներուժի աճ, և հավելել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Նախարարը նշել է, որ հասարակությունների միջև շարժունակության ընդլայնումն ընդհանուր նպատակ է, և Հայաստանը ցանկանում է մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին երկխոսությունը` հիմնվելով մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի հաջողված փորձի վրա:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է այս տարվա մարտին ուժի մեջ մտած Միության ծրագրերում Հայաստանի մասնակցության համար հիմնական սկզբունքների մասին գործընկերության և համագործակցության համաձայնագրի արձանագրությունը, որը թույլ կտա մասնակցել Եվրամիության տարբեր ծրագրերին և ընդլայնել երկկողմ ոլորտային համագործակցությունը:

Խոսելով տարածաշրջանային համագործակցության մասին` Նալբանդյանը շեշտել է, որ «Թուրքիան, շարունակելով փակ պահել Հայաստանի հետ սահմանը, խոչընդոտում է մեր երկկողմ հարաբերությունների կարգավորմանը և Եվրամիության հետ Հայաստանի հաղորդակցության և տրանսպորտային ուղիների շահագործմանը»:

Պարադոքսալ է, որ Թուրքիան, որպես մի երկիր, որը ցանկություն է հայտնում միանալ Եվրամիությանը, փակել է իր սահմանը հարևան պետության հետ այն դեպքում, երբ Եվրամիության տարածքում ազատ տեղաշարժը հիմնարար սկզբունք է, ընդգծել է նա:

Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Հերբերտ Սալբերի նշանակումը Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, հաջողություն մաղթել նրան իր առաքելության մեջ։

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ ի պատասխան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից հնչեցված բազմաթիվ կոչերի` Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, շարունակաբար վերահաստատել է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հանդեպ, և ափսոսանք է հայտնել Ադրբեջանում քաղաքական կամքի բացակայության առթիվ, որը դրսևորվում է միջնորդների բոլոր առաջարկների շարունակական մերժմամբ:

«Մենք լիովին համամիտ ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի: Ցավոք, Ադրբեջանը լիովին հակառակն է անում` իր ռազմատենչ և սադրիչ հռետորաբանությամբ, անհանդուրժողականության և ատելության քարոզով, որը Արցախի հետ շփման գծին և Հայաստանի հետ սահմանին հանգեցնում է տարածաշրջանում լարվածության և իրավիճակի սրման: Մենք նաև բարձր ենք գնահատում Եվրամիության կողմից տարբեր առիթներով Մինսկի խմբի համանախագահների ջանքերին արտահայտած ոչ երկիմաստ աջակցությունը, որոնք ուղղված են հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը», - հայտարարել է Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ բրյուսելյան հանդիպմանը ներկա էին Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG