Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրն ուղարկվել է «ներպետական համաձայնեցման»


Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան

Պայմանագրի ստորագրման ստույգ օրը դեռ այդպես էլ անհայտ է մնում։

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը երեկ ուղարկվել է միության երեք անդամ երկրներին ու Հայաստանին՝ «ներպետական համաձայնեցման համար», և միայն այդ համաձայնեցումից հետո հնարավոր կլինի խոսել պայմանագրի ստորագրման օրվա մասին: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ոչ ոք չի ասել, որ հուլիսի 1-ին պիտի ստորագրվի։ Որոշումը, որը կայացրել էր բարձրագույն մարմինը՝ Եվրասիական հանձնաժողովը, այն մասին է, որ մինչև հուլիսի 1-ը նախապատրաստել ստորագրման համար։ Եվ երեկ՝ Եվրասիական հանձնաժողովը ուղարկել է կողմերին արդեն նախապատրաստած պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար։ Այնպես որ այդ տեսակետից տեղի է ունենում այն, ինչ նախատեսված էր»,- ասաց Քոչարյանը։

Մայիսի 29-ի Աստանայի գագաթնաժողովի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խնդրեց մինչև հունիսի 15-ը վերջնաժամկետ սահմանել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման համար: Մինչդեռ ավելի ուշ հրապարակված գագաթնաժողովի որոշման մեջ ընդամենը ասված է, որ մինչև հուլիսի 1-ը պետք է նախապատրաստել այդ պայմանագիրը, բայց այն ե՞րբ է ստորագրվելու՝ ոչ մի խոսք:

Հունիսի 20-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքից պարզ դարձավ, որ մինչև հուլիսի 1-ը նույնպես Հայաստանը փաստաթուղթը չի ստորագրելու: «Ազատության» հարցին, թե ի վերջո ե՞րբ է ստորագրվելու պայմանագիրը, Աբրահամյանը միայն ասաց՝ հուլիսի 3-ին հանդիպում է նախատեսված այդ հարցով:

«Երբ է ի վերջո Հայաստանը ստորագրելու Եվրասիական միությանը անդամակցելու պայմանագիրը»,- այսօր լրագրողները հետաքրքրվեցին փոխարտգործնախարարից:

«Դա երկրորդ հարցն է, որովհետև ստորագրման օրվա մասին չի եղել որոշում։ Եղել է նախապատրաստվել։ Երեկ ուղարկվել է ներպետական համաձայնեցման, քանի որ հարցերը հիմնականում շատ խորը քննարկվել են, հույս ունենք, որ ներպետական համաձայնեցումը շատ երկար չի տևի։ Հենց դա ավարտվեց, արդեն կարելի է խոսել ժամկետների մասին»,- պատասխանեց Քոչարյանը։

Այն հարցին, թե տեղեկություն կա, որ Ղազախստանն ու Բելառուսը դեմ են Հայաստանի անդամակցությանը, և սա է պայմանագրի կնքման ձգձգման պատճառը, Քոչարյանը արձագանքեց.- «Եթե այդպես լիներ, ապա երեկ համաձայնագիրը չէր ուղարկվի, որովհետև եթե գոնե մեկը դեմ է, ինքը միշտ կարող է որևէ հարցի շուրջ ստեղծել անհաղթահարելի խոչընդոտ։ Իսկ հարցերը հարյուրներով են, այնպես որ դա այդպես չէ»։

XS
SM
MD
LG