Մատչելիության հղումներ

Վարչապետի համար անընդունելի են «ամբոխային մեթոդները»


Վարչապետի համար անընդունելի են «ամբոխային մեթոդները»
please wait

No media source currently available

0:00 0:04:11 0:00

Աբրահամյանը սադրիչ ու սանձարձակ է համարում «իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը», այդ թվում՝ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանին խիստ անհանգստացնում է այն երևույթը, երբ «հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սանձարձակ և սադրիչ եղանակներով»: Այդ մասին նա հայտարարեց Կառավարության այսօրվա նիստից առաջ:

«Անընդունելի եմ համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը, ինչպես օրինակ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը», - ասաց Աբրահամյանը:

«Թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքnերն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ», - ընդգծեց վարչապետը:

Հիշեցնենք՝ պատգամավորների ու նախարարների վրա մանրադրամներ էին նետում անցած շաբաթ ընդդեմ կուտակային կենսաթոշակների մասին օրենքում Կառավարության առաջարկած փոփոխությունների Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ցույց անցկացնող «Դ!եմ եմ» շարժման ակտիվիստները:

Նշելով, թե չի ցանկանում, որ իր խոսքերը սխալ ընկալվեն, և ինքը կողմ է ազատությանը, խոսքի ազատությանը, սեփական կարծիքը տարածելու ազատությանը, ազատ տեղաշարժին, խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին, ոչ միայն կողմ է, այլև մինչև վերջ պաշտպանելու է այդ իրավունքները, Աբրահամյանը շարունակեց․ - «Բայց այդ ազատությունը ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է ոտնահարել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն, և եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուներից է, ապա ամենաթողությունը անարխիայի հենսյունն է. հանդուրժել անարխիան, նշանակում է վտանգել երկիրը»:

«Ի լուր բոլորի հայտնում եմ՝ ես դա չեմ հանդուրժելու, ուստի հանձնարարում եմ արդարադատության նախարարին ու ոստիկանապետին՝ քննարկել այս հարցը և առաջարկել լուծումներ` թե՛ օրենսդրական, թե՛ կազմակերպական», - հայտարարեց վարչապետը:

«Եթե անհրաժեշտ է՝ հրավիրեք ձեր եվրոպացի գործընկերներին, ուսումնասիրեք նրանց փորձը, անցկացրեք ուսուցում, բայց ապահովեք, որ հասարական կարգը պահպանող մարմինները իրենց գործողություններով լիակատար պաշտպանեն Սահմանադրության ազատությունները, միաժամանակ կտրուկ կանխեն ամենաթողության ցանկացած դրսևորում», - ասաց Հովիկ Աբրահամյանը:

«Դ!եմ եմ» շարժման անդամ Դավիթ Մանուկյանն ընդունում է, որ յուրաքանչյուր անձ, այդ թվում իշխանության ներկայացուցիչներն ունեն իրավունքներ, և դրանք պետք է պաշտպանված լինեն: Այդուհանդերձ, եվրոպական երկրներում ընդունված է հասարակական պարսավանքի ինստիտուտը, և վարչապետին ու իշխանության մյուս ներկայացուցիչներին պետք է մտահոգի այն, թե ինչո՞ւ է հասարակությունը պարսավանքի ենթարկում այս կամ այն պաշտոնյային, նկատում է Մանուկյանը:

«Դրան նրանք արժանացել են իրենց պահվածքով՝ հասարակությանը հնարավորինս բոլոր մեթոդներով կողոպտելու, մեծապատիվ մուրացկանությամբ, հասարակությանը գրպանահատելու միջոցով։ Լավ կլինի, որ պատճառների դեմ պայքարեն, առիթ չտան»,- ասաց Մանուկյանը։

Ինչ վերաբերում է սանձարձակության մասին վարչապետի նկատառումներին, ապա «Դ!եմ եմ»-ի անդամը սանձարձակությունը նկատում է հենց Ազգային ժողովում.- «Կուզենայի պարոն վարչապետի ուշադրությունը հրավիրել, թե ինչ սանձարձակություն ու խուլիգանություն է տեղի ունենում Ազգային ժողովում։ Հանրությանը հայտնի են այն բառերը, լեքսիկոնը, որ հարիր է խուժանին ու որն օգտագործվում է ԱԺ-ում, և առավել ևս Հանրապետական կուսակցության որևէ անդամ չպետք է խոսի սանձարձակությունից»։

Մանուկյանը հորդորում է արդարադատության նախարարությանն ու ոստիկանությանը ուշադրություն դարձնել պաշտոնյաների խոսելաձևին ու լեքսիկոնին:

Եթե որևէ պաշտոնյա գտնում է, որ կա ապօրինություն քաղաքացու կողմից, ապա այդ պաշտոնյան կարող է դիմել իրավապահներին, նիստից հետո վարչապետի հայտարարությանն անդրադառնալով՝ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

«Եթե տվյալ դեպքում մանրադրամի նետումը համարվում է արժանապատվության ոտնահարում, դրա համար կա դատարան։ Իհարկե, շատ տգեղ է մի դեպքում նսեմացնել ցանկացած մարդու արժանապատվությունը՝ որևէ բան նրա վրա շպրտելով, միևնույն ժամանակ շատ գռեհիկ և տգեղ է վիրավորել, հայհոյել որևէ մարդու»,- ասաց օմբուդսմենը։

Վարչապետի ասածը շատ հստակ էր և հարգանքը պետք է լինի փոխադարձ, գործադիրի նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարը նաև նշեց, որ իրավապահներին դիմելու «խնդիր այս պահին չունի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG