Մատչելիության հղումներ

Կիևի կենտրոնն այսօր․ ակտիվիստները չեն լքում Եվրամայդանը


Կիեւի կենտրոնն այսօր. ակտիվիստները չեն լքում Եվրամայդանը
please wait

No media source currently available

0:00 0:03:24 0:00

66-ամյա Օլեգը Յակովլևիչը, ով ամբողջ կենսաթոշակը ծախսում է Եվրամայդանի ակտիվիստների համար սնունդ գնելու նպատակով, և ում այստեղ հասցրել են գնդապետ կոչել, ցույց էր տալիս ոտքերի չբուժված վերքերը:

Դրանք նա ստացել է Կիևի արհմիությունների այրվող շենքից մարդկանց դուրս բերելիս: Պաշտոնական տվյալներով փետրվարի 18-21-ը Եվրամայդանի ակտիվիստների և «Բերկուտ» հատուկ ջոկատայինների միջև բախումների հետևանքով Կիևում մոտ 100 մարդ է մահացել:

«Փետրվարի 19-ն էր, հենց այս շենքն էր վառվում: Երեքով էինք՝ ես ու երկու աղջիկներ, մոտ 200 հոգու դուրս բերեցինք այրվող շենքից», - պատմում է Օլեգը:

Եվրամայդանի մեկ այլ ակտիվիստ՝ Տատյանան պատմում է, որ որդին ծառայում էր «Բերկուտ» հատուկ ջոկատում:

«Եթե ինձ հրամայեն կրակել քեզ վրա, ես պետք է կրակեմ»,- մորն ասել է բարիկադների մյուս կողմում հայտնված որդին:

«Ես էլ ասացի՝ կկրակես»,- հուզված պատմում էր Տատյանան:

Որդին մոր վրա կրակելու հրաման, բարեբախտաբար, չստացավ, սակայն «Բերկուտ»-ի հետ բախումների արդյունքում մահացածների թիվն այստեղ բավական մեծ է: Այդ զոհերից մայդանցիներն իրենց ջոկատն են կազմել, որը կոչել են «Երկնային հարյուրյակ»: Կրեշատիկի, Ինստիտուտսակյայի, Գրուշևսկու փողոցների տարբեր մասերում մայդանցիները խնամում են զոհվածների հիշատակին նվիրված փոքրիկ հուշարձանները: Դրանց մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար ամեն օր տասնյակ մարդիկ են գալիս, ուսուցիչները պատմում են իրադարձությունների մասին դպրոցականներին։

«Սա էլ Սերյոժան է Նիգոյան, նա իսկական հերոս էր: Նրանք բոլորը հերոսներն են», - ցույց տալով հայազգի Սերգեյ Նիգոյանի նկարը՝ ասաց Տատյանան:

Սուղ միջոցները, ինքնաշեն լվացարաններն ու վառարանները և նոսրացած շարքերը չեն հուսահատեցնում Կիևի Անկախության հրապարակում մնացածներին: Նույնիսկ նոր նախագահի, քաղաքապետի ընտրություններից ու Եվրամիության հետ բարելավված հարաբերություններից հետո էլ մայդանցիները չեն վստահում իշխանություններին:

«Այն բոլոր պայմանները, որոնք առաջ էր քաշել Մայդանը, չեն կատարվել: Իշխանության լյուստարցիա տեղի չունեցավ, ոչ ոք մինչև այսօր չի պատժվել ցուցարարների սպանության համար, չնայած բարձրագոչ հայտարարություններին: Ոչ ոք այսօր վստահ չէ, որ Պորոշենկոն կստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Հենց այդ պատճառով էլ Մայդանը դեռ կանգանծ է», - ասում է Ուկրաինայի Եվրոպական կուսակցության ներկայացուցիչը:

«Այստեղից միայն Դոնեցկ կամ Ղրիմ կհեռանանք, այդ տարածքներն ուկրաինական են»,- միաբերան պնդում են մայդանցիները, որոնցից ոմանք, ի դեպ, հրաժարվում են հարցազրույցը ռուսերեն տալ:

«Մեր պայքարը Ռուսաստանի դեմ չէ, մենք դեմք ենք Պուտինին, իսկ Ղրիմը մենք հետ ենք նվաճելու, դա ուկրաինական տարածք է», - ասում էին մեր զրուցակիցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG