Մատչելիության հղումներ

Կիրակոսյան. «Համանախագահներին առաջարկել ենք մեծացնել ԼՂ-ի ներգրավվածությունը բանակցային գործընթացին»


Կիրակոսյան. «Համանախագահներն առաջարկել են մեծացնել ԼՂ-ի ներգրավվածությունը բանակցային գործընթացին»
please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում փոխանցեց, որ Շվեյցարիայի նախաձեռնությամբ կայացած փակ քննարկումներին Մինսկի խմբի համանախագահներին առաջարկել են բանակցային գործընթացում ավելի շատ ներգրավել Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև խրախուսել քաղաքացիական հասարակության ջանքերը իրավիճակը լիցքաթափելու համար։

Հարցին, թե Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների ֆոնին ինչպես են կարողանալու Մինսկի խմբի ռուս, ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները շարունակել աշխատել հակամարտության կարգավորման ուղղությամբ, Կիրակոսյանը պատասխանեց. - «Մինսկի խմբի ռուս համանախագահ Պոպովի հետ իմ հանդիպումից ու զրույցներից դատելով, կարող եմ ասել, որ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ և կառուցողական է։ Ինչպես 2008-ին, այդպես էլ հիմա ռուսներն ասում են Արևմուտքին և Մինսկի խմբին, որ Ղարաբաղի հարցում կարող են համագործակցել Մինսկի խմբի շրջանակներում, այլ հարց է՝ այս դիրքորոշումը կոնկրետ քայլերի կվերածվի՞, թե՞ ոչ»։

Անդրադառնալով Եվրասիական միությանը` քաղաքագետն ասաց. - «Ինձ զարմացնում է Հայաստանից անհամարժեք արձագանքն այն լուրերին, որ Ռուսաստանը ցանկանում է ադբեջանցիներին էլ տանել Եվրասիական միություն։ Իրադարձությունների վատագույն զագացման դեպքում, եթե Ադրբեջանն ու Հայաստանն անդամակցեին Եվրասիական միությանը, մահացու հարված կլիներ Ղարաբաղի համար»։

«Հայաստանի իշխանությունները պետք է խոսեն, բանավիճեն ու բացատրեն, թե ինչու պետք է Հայաստանը շարունակի փորձել անդամակցել Եվրասիական միությանը, որն այժմ հրավիրում է Ադբեջանին, մի երկրի, որը սպառնում է Հայաստանին», - ասաց Ռիչարդ Կիրակոսյանը։

Նրա կարծիքով, Հայաստանը պետք է ավելի եռանդով ընդդիմանա Ռուսաստանին` ցույց տալով, որ «լինելով տարածաշրջանում Ռուսաստանի միակ հուսալի դաշնակիցը, պետք է արժանանա հարգալից վերաբերմունքի, և ոչ թե ճնշումների»։

Հայաստանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը Ռուսաստանի կողմից, ըստ Կիրակոսյանի, արտահայտվում է նաև ադրբեջանցիներին շարունակաբար զենք վաճառելով, քանի որ այսպես Ռուսաստանը ոչ միայն դառնում է հակամարտող երկու կողմերի զենքի մատակարարն ու շահում ստատուս քվո իրավիճակից, այլև թույլ է տալիս, որ պատերազմի վտանգն անընդհատ մնա հորիզոնում։

«Ադրբեջանին ավելի շատ զենք վաճառելով՝ Ռուսաստանը ոչ միայն մեծացնում է պատերազմի վտանգը Հայաստանի և Ղարաբաղի համար, այլև Հայաստանն ավելի կախյալ երկիր է դարձնում, քանի որ վերջինս փորձում է Ադբեջանից հետ չմնալ զինվելու գործում։ Իմ մտագոհությունն այն է, որ ի տարբերություն Աբխազիայի և Հարավային Օսիայի, Ղարաբաղում ռուսների լծակներն ավելի թույլ են, ինչի պատճառով նրանք կարող են փորձել ավելի մեծ ճնշում և ազդեցություն ունենալ Ղարաբաղի հարցում։ Չի բացառվում, որ ռուսները կրկին փորձեն առաջ քաշել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորքեր տեղակայելու գաղափարը, ինչը շատ վտանգավոր կլինի Ղարաբաղի ու Հայաստանի համար»։

«Աստանայի իրադարձությունները վկայում են, որ սեպետեմբերի 3-ին Հայաստանի՝ Մաքսային միություն գնալու անակնկալ ու սխալ որոշումը գնալով ավելի վտանգավոր է դառնում տնտեսական, քաղաքական ու անվտանգության տեսանկյունից», - վստահ է Ռիչարդ Կիրակոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG