Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանի աջակիցներին չհաջողվեց զրուցել Բուրկհալտերի հետ


Շանթ Հարությունյանի աջակիցներին չհաջողվեց զրուցել Բուրկհալտերի հետ
please wait

No media source currently available

0:00 0:03:26 0:00
Շուրջ 7 ամիս անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի համախոհները այսօր հավաքվել էին Հայաստանի նախագահի նստավայրի առջև` փորձելով հանդիպել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերին:

Երեք ամիս առաջ, հիշեցնենք, հենց Բուրկհալտերն էր պատասխանել Երևանից ուղարկված նամակին, որի տակ ստորագրած 1500 քաղաքացիներ ահազանգել էին Հայաստանում քաղբանտարկյալների առկայության, քաղաքական դրդապատճառներով մարդկանց անհիմն կալանքի տակ պահելու մասին: Բուրկհալտերն էլ պատասխան նամակում գրել էր, թե Շվեյցարիան ուշադրությամբ հետևում է Հայաստանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակին:

«Շանթ և ազատություն» հիմնադրամը ստեղծած Ֆելիքս Հայրապետյանն ասում էր, թե ցանկանում են շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ-ի նախագահին արձագանքի համար և տեղեկացնել, որ Շանթն ու ընկերները դեռ կալանավորված են․ - «Ձևականություններ երևի չանենք, բոլորս էլ գիտենք, որ նրանք քաղբանտարկյալ են: Նրանք հասարակությանը փորձեցին արթնացնել: Նրանք ճիշտ է այդ փայտերով հեղափոխություն չէին անի, բայց մարդկանց ուղեղներում գոնե ինչ-որ բան կփոխվեր: Իշխանությունները վախենում են ուղեղում եղած փոփոխություններից»:

«Շանթ և Ազատություն» հիմնադրամը նույն նամակն ուղարկել էր նաև Հռոմի պապին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-մունին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային: Պատասխան, սակայն, միայն Բուրկհալտերից է ստացվել:

Այսօրվա ակցիայի մասնակիցները ցանկանում էին նրան նորից նամակ հանձնել, որտեղ գրել են, թե ապօրինությունները շարունակվում են, և որ թե' Շանթ Հարությունայի ու ընկերների և թե' ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետները երկարաձգելով՝ Ռուսաստանի հետ գործարքի մեջ գտնվող Հայաստանի իշխանությունները անհապաղ կասեցնում են ընդվզման ցանկացած փորձ, լռեցնում մարդկանց բողոքի ձայնը։

«Սերժ Սարգսյանն այս բոլորին մեզանից ավելի լավ է տեղյակ: Այս պատմությունը եթե շարունակվում է արդեն 6 ամսից ավելի, և նրանք ոչ մի առաջընթաց չունեն, Վոլոդյա Ավետիսյանի դեպքում արդեն 8 ամիս է առաջընթաց չկա, դատավորը անընդհատ ֆոկուսներ է անում, դա խոսում է նրա մասին, որ դեռևս հրահանգը չեն ստացել», - ասաց Հայրապետյանը:

«Ազատությունը սկսվում է քաղբանտարկյալների ազատությունից» բովանդակությամբ պաստառ և Եվրամիության դրոշներ էին պարզել ցույցի մասնակիցները:

«Հայաստանը ապագա ունի միայն ազատ խոսքի, ազատ տեղաշարժի և ազատ մտքի պարագայում», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նախագահականում որեք ժամից ավելի անցկացնելով` Դիդիե Բուրկհալտերը դուրս եկավ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ, սակայն անպատասխան թողեց դիմացի մայթից հնչող վանկարկումները, թեև թե' Սերժ Սարգսյանը, թե' Բուրքալտերը ուշադիր նայում էին պաստառների ուղղությամբ:
XS
SM
MD
LG