Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն նվազեցնում է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը


ԱՄՀ-ն նվազեցնում է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը
please wait

No media source currently available

0:00 0:04:06 0:00
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պնդում է, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն կարողանա ապահովել նոր կառավարության ծրագրով նախատեսված առնվազն 5 տոկոս տնտեսական աճը, ավելին՝ աճն ավելի պակաս կլինի, քանի այս ապրիլին հիմնադրամի՝ ապրիլին կանխատեսած 4.3 տոկոսից:

«Ազատությանը» տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՀ-ի ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը այս տարի մեր երկրում հիմնադրամի կողմից սպասվող տնտեսական աճի կրճատումը նախ և առաջ բացատրեց Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատթարացմամբ:

«Հայաստանի մակրոտնտեսական վիճակը շարունակում է բարենպաստ մնալ, սակայն խնդիր է տնտեսական աճը: Մեր ենթադրությունն այնպիսին էր, որ 2009-ի ճգնաժամից հետո այս տարի 4.3 տոկոս տնտեսական աճ կարող էր գրանցվել Հայաստանում, և ենթադրվում էր, որ կիրականացվեն մակրոտնտեսական այնպիսի քաղաքականություն և կառուցվածքային բարեփոխումներ, որոնք էլ կնպաստեն աճի նման մակարդակի ապահովմանը: Սակայն այս տարվա սկզբից մենք բացահայտեցինք Հայաստանի տնտեսական աճի նվազման ուղղությամբ կարևոր ռիսկեր: Ցավոք, նվազման ուղղությամբ ռիսկերը նյութականացան: Դրանցից մեկը Ուկրաինայի և Ռուսաստանի ճգնաժամն է: Այժմ ԱՄՀ-ի գնահատականն այն է, որ այս տարի Ռուսաստանում տնտեսական աճը կլինի 0 տոկոս, այսինքն աճ չի լինի։ Եվ սա իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանի տնտեսության վրա»,- ասաց Դաբան Սանչեսը։

ԱՄՀ-ի ներկայացուցիչը շարունակեց.- «Ըստ նախնական տվյալների՝ այս հունվար-ապրիլ ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունն աճել է 3.6 տոկոսով: Իհարկե, սա ավելի ցածր է թիվ, քան տարեսկզբին մենք կանխատեսել էինք՝ 4.3 տոկոս։ Այս է պատճառը, որ այժմ մենք Հայաստանի իշխանությունների հետ աշխատում ենք մակրոտնտեսական սցենարի վերանայման ուղղությամբ»:

«Ազատության» այն հարցին, թե Հայաստանի տնտեսական աճի սցենարը վերանայվելու է նվազմա՞ն ուղղությամբ, Տերեսա Դաբան Սանչեսը պատասխանեց.- «Բոլոր գործոնները այդ ուղղությունն են ցույց տալիս, սակայն մենք պետք է իրականացնենք ամբողջական վերլուծություն, որպեսզի վեր հանենք ամբողջական պատկերը և, իհարկե, գնահատենք, թե ճգնաժամը Ռուսաստանում ինչպիսի ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության վրա մինչև այս տարվա վերջ»:

ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչը նշեց, թե առաջիկա մեկ-երկու շաբաթներին կավարտեն Հայաստանի այս տարվա տնտեսական աճի վերանայման իրենց աշխատանքը:

Երեկ Ազգային ժողովը հավանության արժանացրեց Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը, որտեղ նշված է, թե այս տարվա համար իշխանությունները ապահովելու են նվազագույնը 5 տոկոս տնտեսական աճ: Տիգրան Սարգսյանի կառավարության կազմած 2014-ի բյուջեն խոստանում էր մի փոքր ավելին՝ 5.2 տոկոս: Իսկ անցած տարվա մարտին նախագահ Սերժ Սարգսյանը պահանջ էր դրել կառավարության առջև մինչև 2017 թվականը տարեկան ապահովել 7 տոկոս աճ, սակայն այսօր ԱՄՀ-ն, փաստորեն, հայտարարում է, որ այս թվերից ոչ մեկը իրատեսական չէ:

ԱՄՀ տվյալների համաձայն, Հայաստանը դեռ չի կարողացել վերականգնել 2009-ի ճգնաժամից առաջ եղած (2008թ.) իր տնտեսության ծավալները, ինչը, տնտեսական այս աճի պայմաններում մեր երկիրը կկարողանա անել միայն 2016-ին: Մինչդեռ, հարևան Ադրբեջանը տնտեսության 2008-ի ծավալներին է հասել ճգնաժամի հենց հաջորդ տարում՝ 2010-ին, իսկ Վրաստանը՝ 2011-ին:

Տերեսա Դաբան Սանչեսին խնդրեցինք անդրադառնալ նաև մենաշնորհների դեմ պայքարին: Բազմաթիվ տնտեսագետներ առաջինը հենց մենաշնորհերն են նշում որպես Հայաստանում տնտեսական աճը խոչընդոտող պատճառ, իսկ մեր երկրի իշխանությունները տարիներ ի վեր խոսում են օլիգարխիկ համակարգի դեմ պայքարի մասին:

«Երբ մենք համեմատում ենք Հայաստանը այլ երկրների հետ, կամ համեմատում ենք նախորդ տարիների իրավիճակի հետ, կարծում եմ՝ կարող ենք խոսել մենաշնորհների դեմ պայքարում որոշ առաջընթացի մասին: Սակայն մյուս կողմից, երբ հայացք ենք նետում թվերին, տեսնում ենք, որ տնտեսությունը շարունակում է խիստ կենտրոնացած մնալ: Համաշխարհային բանկի զեկույցում էլ նշվել էր, որ տնտեսության շուրջ 60 տոկոսը կենտրոնացված է կա՛մ մենաշնորհների, կա՛մ որոշ խմբերի ձեռքում»,- ասաց ԱՄՀ-ի ներկայացուցիչը։
XS
SM
MD
LG