Մատչելիության հղումներ

Մերժելով Եվրադատարանի վճիռը՝ Թուրքիան դառնում է խայտառակված պետություն


Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մայիսի 12-ին արձակել է իր ամենամեծ դատավճիռը, որ երբևէ կայացրել է որևէ երկրի դեմ` պարտավորեցնելով Թուրքիային վճարել 123 միլիոն դոլար վնասի փոխհատուցում անհետ կորած կիպրացի հույների հարազատներին և Հյուսիսային Կիպրոսի հունական անկլավի բնակիչներին:

«Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի» գործով դատարան էին դիմել 1999 թվականին` Հյուսիսային Կիպրոսի գրավումից 25 տարի անց: Դեռևս 2001 թվականին, այն բանից հետո, երբ դատարանը վճռել էր, որ Թուրքիայի կառավարությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ հոդվածներ, ՄԻԵԴ-ը հետաձգել էր Թուրքիայի կողմից վճարվելիք տուգանքի չափի սահմանումը:

Այդ որոշումը կայացվեց այս ամսվա սկզբին, երբ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի 17 դատավորները հրապարակեցին իրենց վերջնական դատավճիռը: 16 կողմ և 1 դեմ քվեարկությամբ (հայ և կիպրացի դատավորները քվեարկել էին մեծամասնության հետ, իսկ թուրք դատավորը միակ ընդդիմադիրն էր) Եվրադատարանը վճռեց, որ դատարանի 2001 թվականի որոշումն անվավեր չի կարող ճանաչվել այն պատճառով, որ անցել է 13 տարի, ինչպես պնդում էր Թուրքիան: 15 կողմ և 2 դեմ քվեարկությամբ ՄԻԵԴ-ն ընդունեց, որ Թուրքիայի կառավարությունը պարտավոր է վճարել 41 միլիոն դոլար, ավելացրած ցանկացած հարկեր և տոկոսներ (եթե չի վճարվում երեք ամսվա ընթացքում) 1456 կիպրացի հույների համար, որոնք անհետ կորել են 1974 թվականին Կիպրոս թուրքական ներխուժման պատճառով: Մեկ այլ՝ 15 կողմ և 2 դեմ ձայներով ՄԻԵԴ-ը վճռեց, որ Թուրքիան պետք է վճարի լրացուցիչ 82 միլիոն դոլար, ավելացրած ցանկացած հարկեր և տոկոսներ (եթե չի վճարվում երեք ամսվա ընթացքում) այն վնասների համար, որ կրել են Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի Կարպաս անկլավային թերակղզում բնակվող կիպրացի հույները:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, դատարանի վճռից անմիջապես առաջ, զուր ջանքեր գործադրեց կանխելու ՄԻԵԴ-ի ակնկալվող բացասական որոշումը, նախազգուշացնելով, որ Թուրքիայի դեմ կայացվող վճիռը կխոչընդոտի Կիպրոսի հակամարտության կարգավորմանը ուղղված ընթացիկ բանակցություններին: Դատարանն արդարացիորեն անտեսեց Դավութօղլուի սպառնալիքը և արձակեց իր որդեգրած սկզբունքային վճիռը հօգուտ Կիպրոսի:

Անկարող լինելով վախեցնել դատավորներին, Դավութօղլուն արհամարհանքով հայտարարեց, որ Թուրքիան մերժում է մարդու իրավունքների Եվրոպայի բարձրագույն դատարանի դատավճիռը, և իր երկիրը հրաժարվելու է վճարել 123 միլիոն դոլար գումարը որպես վնասի փոխհատուցում:

Հարկ է հիշեցնել Դավութօղլուին, որ ՄԻԵԴ-ի «Մեծ պալատի դատավճիռները վերջնական են». դրանք վերանայման ենթակա չեն, և ըստ դատական գործերի նյութերի, «բոլոր վերջնական դատավճիռները փոխանցվում են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին դրանց գործադրման վերահսկողության համար»:

Թուրքիայի արտգործնախարարի անբարտավան հայտարարությունը անկասկած մոտ ապագայում իր բացասական ազդեցությունը կունենա նրա կառավարության վրա: Եվրոպայի խորհրդի բոլոր անդամները, առանց բացառության, պարտավոր են կատարել Եվրադատարանի որոշումները: Դատարանի վճիռները պարտադիր են բոլոր անդամ պետությունների համար: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Թուրքիան հարյուրավոր դատական գործեր է տանուլ տվել Եվրադատարանում և, ուզած թե չուզած, տասնյակ միլիոնավոր դոլարներ վճարել որպես տուգանք: Թուրքիան այլընտրանք չունի, եթե ցանկանում է մնալ Եվրոպայի խորհրդի անդամ: Եղել են մի քանի ՄԻԵԴ որոշումներ, երբ թուրքական իշխանությունները սկզբում հոխորտացել են, որ չեն վճարելու սահմանված տուգանքները, սակայն, ի վերջո, ամբողջությամբ վճարել են պահանջված փոխհատուցումը տոկոսներով հանդերձ:

Եթե Թուրքիայի կառավարությունը համառորեն կառչած մնա Դավութօղլուի պարծենկոտ մերժմանը, ապա Թուրքիան կզրկվի ոչ միայն Եվրոպայի խորհրդի անդամակցությունից, այլև կկորցնի Եվրամիությանը միանալու իր չնչին հնարավորությունը...

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները իրավունք չունեն որոշել` արդյոք ցանկանում են կատարել ՄԻԵԴ-ի վճիռները: Հակառակ դեպքում, ինչո՞ւ 47 եվրոպական երկրներ միասնաբար տարեկան մոտ 100 միլիոն դոլար կծախսեն դատարան պահելու համար, եթե նրա վճիռներն անիմաստ են կամ ենթակա են կամավոր կատարման:

Վերջերս Թուրքիայի ղեկավարները արհամարհել են գրեթե բոլոր ներքին և միջազգային օրենքները` բանտարկելով ռեկորդային թվով լրագրողների, կրակելով Գեզի այգու խաղաղ ցուցարարների վրա, ծեծելով հանքերի պայթյունից տուժածների ընտանիքի անդամներին, հակասեմական հայտարարություններ անելով, սպառնալով վտարել ԱՄՆ դեսպանին և մատ թափ տալով նախագահ Օբամայի վրա Սպիտակ տանը...

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն չպետք է հանդուրժի խայտառակված անդամ պետությանը, որը մարդու իրավունքների հիմնական խախտողներից է: Խորհուրդը պետք է Թուրքիային ազդարարի, որ եթե նա անհապաղ միջոցներ չձեռնարկի 123 միլիոն դոլար տուգանքը վճարելու համար, ապա կհեռացվի Եվրոպայի խորհրդից, և կառգրավվեն նրա կալվածքները երրորդ երկրներում` ստիպելով նրան ի կատար ածել դատարանի վճիռը:

Եվրոպան պետք է խիստ դիրքորոշում ցուցաբերի այս դատավճռի հարցում, քանի որ նման դատավճիռներ դեռ շատ կլինեն Թուրքիայի դեմ Կիպրոսի վերաբերյալ և հնարավոր է մի օր նաև հայկական փոխհատուցման և հողային պահանջներով...


Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG