Մատչելիության հղումներ

Աղջիկ է տվել, չի ասել կգնաս հինգ հոգու վրա էլ կկրակես․ ԲՀԿ պատգամավոր


Շաբաթ օրը Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների կապակցությամբ ձերբակալվել է 29 ամյա Գոռ Առաքելյանը:

Ոստիկանության փոխանցմամբ, ձեռնարկված օպերատիվ հետախուզական քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ շաբաթ օրը Վերնիսաժում տեղի ունեցած հանցագործությունը կատարել է 1985 թվականին ծնված Գոռ Առաքելյանը:

Ըստ ոստիկանության, անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ դեպքի հաջորդ օրը Գոռ Առաքելյանը ներկայացել է ոստիկանության և ներկայացրել է «Մակարով» տիպի առանց գործարանային համարի ատրճանակ:

Այլ ձերբակալվածներ այս պահին չկան, նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ ձերբակալված Գոռ Առաքելյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է: Ոստիկանությունն առայժմ մանրամասներ չի հաղորդում միջադեպի մասին, սակայն մամուլը գրում է, որ Կարո Կարապետյանի փեսան վիճաբանել է երկու անձի՝ Վալերի Հովհաննիսյանի և Նորայր Հարությունյանի հետ, ովքեր վերջերս են եկել Ռուսաստանից: ԲՀԿ պատգամավորի փեսա Գոռ Առաքելյանը, ում մեքենայում եղել է իր կինը և երեխան, նրանցից ճանապարհ են խնդրել, սակայն Վալերի Հովհաննիսյանը և Նորայր Հարությունյանը ճանապարհ չեն տվել: Դրանից հետո Գոռ Առաքելյանը դուրս է եկել մեքենայից, սկսել վիճաբանել նրանց հետ: Թեժ կռվից հետո Կարո Կարապետյանի փեսան հանել է հրազենը և կրակոցներ արձակել, որոնց հետևանքով տուժել է ոչ միայն վիճաբանող կողմը, այլև պատահական անցորդներ:

Այսօր ԲՀԿ-ական պատգամավորները դատապարտում էին տեղի ունեցածը, պատգամավոր Աբրահամ Մանուկյանն համաձայնեց, որ այս ամենը անպատժելիության մթնոլորտի արդյունք է:

«Նման բաներ պետք է չլինեն, նամանավանդ մեր նման պուճուր ազգի համար», - նշեց Մանուկյանը, - «Դա բազմաթիվ հարցերի հետևանք է: Հենց առաջինը՝ որ անօրինական զենքը կարա շրջանառության մեջ ըլնի ու մարդիկ էդ զենքը կարողանան գտնեն ու առնեն կամ պահեն»:

ԲՀԿ պատգամավոր Գրիգորի Գրիգորյանը նույնպես դատապարտում է տեղի ունեցածը․ - «Միայն այն, որ կողքից մարդիկ անցնելուց են եղել և տուժել են, դա ահավոր վատ բան է: Նույն տեղում կարող էի լինել ես իմ երեխայի հետ, կամ դուք»:

Դատապարտելով տեղի ունեցածը՝ ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը միաժամանակ պնդում է, թե գործընկերը՝ պատգամավոր Կարո Կարապետյանը, փեսայի համար պատասխանատվություն չպետք է կրի:

«Կարո Կարապետյանը, իր աղջկան տալով, իմ կարծիքով չի ասել փեսային, որ կգնաս հինգ հոգու վրա էլ կկրակես: Որ աղջիկ է տվել, դրանով մեղավորությունը ինչո՞ւմն է: Կարո Կարապետյանը այդտեղ հարց չունի, և պատասխանատվության խնդիր էլ չունի», - վստահեցրեց նա:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ասաց, թե տեղի ունեցածը դատապարտելի է իրենց համար, և անկախ այն հանգամանքից, թե միջադեպի մասնակիցը ո՞ւմ բարեկամն է կամ հարազատը՝ անպայման պետք է պատասխանատվություն կրի:

«Մեզ համար անձեռնմխելի մարդիկ չկան»,- ասաց ԲՀԿ քարտուղարը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պե՞տք է Կարո Կարապետյանը հրաժարվի մանդատից, ինչպես ժամանակին «Հարսնաքարի» դեպքից հետո մանդատից հրաժարվեց հանրապետական Ռուբեն Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե այդ հարցի հասցեատերը Կարապետյանն է:

«Կարծում եմ այստեղ մի քիչ երևի թե ճիշտ չէ նույն հարթության մեջ դնելը: «Հարսնաքարը» պատկանում էր կոնկրետ Ռուբեն Հայրապետյանին: Այստեղ իր որդին չէ, ինքը չէ: Բայց կրկնում եմ՝ ես, իհարկե, մշտապես կողմ եմ եղել, որ ցանկացած ոք պիտի պատասխան տա իր մերձավորի, բարեկամի կատարած քայլի, անընդունելի արարքի համար, բայց սա այն հարցն է, որի հասցեատերը Կարո Կարապետյանը ինքն է», - հավելեց նա:

Նշենք, որ Կարո Կարապետյանի անունը հաճախ է հայտնվել մամուլի էջերում: Ըստ ոստիկանության, դեռևս 2009-ին վիճաբանության ժամանակ նա կրակել էր Դվինի բնակիչ Արթուր Զադոյանի ոտքին: Պատգամավորի գործունեությանն անդրադարձել էր նաև «Հետք» պարբերականը, գրելով, թե ինչպես է Կարապետյանը գողացված մեքենաների իրացմամբ զբաղվում:

ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, այսօր հակադարձելով պնդումներին, թե Կարապետյանը ևս անպատժելիության մթնոլորտում է գործել, հակադարձեց, որ եթե Աշտարակի նախկին ոստիկանապետը մեղավոր լիներ, ապա այսօր ազատության մեջ չէր լինի:

«Դուգ գիտեք, չէ՞, որ գործեր է հարուցվել, քրեական գործ է եղել՝ մարդը էսօր դուրսն ա ու էդ գործերը կարճվել են: Ինչի՞ մասին է խոսքը», - ասաց նա:

Նշենք, որ ոչ բոլոր պատգամավորներն էին պատրաստ գնահատական տալ տեղի ունեցածին: Շատերը խուսափում էին, ասելով, թե տեղյակ չեն, Երևանում չեն եղել, առաջին անգամ են լսում այդ մասին և այլն: Ավելին՝ Հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ոչ միայն դեպքի մասին չէր լսել, այլև չգիտեր, թե Վերնիսաժն ինչ է:

«Վերնիսաժը ո՞րնա: Չէ, ես Էջմիածին․․․ Էջմիածին բան չի էլե․․․ Էրևան խաբար չեմ: Բայց որ իմանամ՝ կասեմ», - հավաստիացրեց գեներալը:

Սամվել Ալեքսանյանն էլ, ինչպես միշտ, այս դեպքի ժամանակ էլ ասաց՝ «ես քաղաքում չեմ ըլել, չեմ իմանում»:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ընդգծեց, որ այս դեպքը պետք է դաս լինի բոլորի համար և պետք է կանխարգելիչ գործողություններ կատարվեն նման դեպքերից խուսափելու համար:

«Անկախ նրանից ով կլինի մասնակիցները, ինձ թվում է, որ օրենքի տողին համապատասխան պիտի կրեն իրենց պատիժը», - ասաց նա:

Հավելենք, որ Վերնիսաժում տեղի ունեցած միջադեպի շուրջ փորձեցինք պարզել մտավորական, երգչուհի, Հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանի կարծիքը: Երբ վերջինս լսեց հարցը, խնդրեց անջատել տեսախցիկը, ապա անսպասելի վիրավորեց բոլոր լրագրողներին:
XS
SM
MD
LG