Մատչելիության հղումներ

Ակտիվիստների դեմ ոստիկանության հայցերը դատարանում մերժվում են


Ակտիվիստների դեմ ոստիկանության հայցերը դատարանում մերժվում են
please wait

No media source currently available

0:00 0:04:52 0:00
Վերջին օրերին մեկը մյուսի ետևից դատարանում մերժվում են ոստիկանության՝ անցած ամռանը Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիաներ անող երիտասարդներին 50 հազարական դրամով տուգանելու հայցերը։

Շուրջ երեք ամիս քաղաքապետարանի դիմաց նստացույցի մասնակցած Վահագն Մինասյանի դեմ մեկ տասնյակից ավելի հայցեր կան. մեկի դեպքում, սակայն, դատարանը ոչ միայն մերժել է իրավապահներին, այլև բավարարել ակտիվիստի հակընդդեմ հայցը՝ ոստիկանությունից բռնագանձել 200 հազար դրամ։

«Դատարանը գոնե այս անգամ օրենքի տառով է առաջնորդվում, այդ ոչ թե հանցավոր վարչախմբի կողմից հրահանգներով»,- ասաց ակտիվիստը։

Վահագն Մինասյանն ասում է՝ ոստիկանությունում հույս ունեին այս հայցերով, ֆինանսական ճնշումներով իրենց հետ պահել հետագա պայքարից, բայց ստացվեց հակառակը՝ պրոֆեսիոնալ փաստաբանների միջոցով դատարաններում ջրի երես դուրս եկան իրավապահների ապօրինի գործողությունները։

«Առաջին իսկ անգամից երբ բերման ենթարկեցին, մենք արդեն գիտեինք, որ միգուցե 50 հազար դրամի չափով տուգանեն, բայց շարունակում էինք մեր գործողությունները և միշտ շարունակելու ենք»։

Այսօր էլ վարչական դատարանի տարբեր դահլիճներում շարունակվում էին լսվել քաղաքապետարանի առջև բողոքի ակցիայի մասնակիցների դեմ հայցերը: Սևակ Մամյանը դատարանի առջև է կանգնել քաղաքապետարանի դիմաց կարմիր ներկով գծանշումներ անելու համար. այսպես նա բողոքում էր Երևանում վճարովի ավտոկայանատեղեր ստեղծելու դեմ։ Րոպեներ անց Սևակը հայտնվել էր ոստիկանական բաժանմունքում։ Ասում է՝ իրավապահների այս ձեռագիրը կրկնվում է՝ լինի Կոմիտաս 5-ի պայքարը, թե Պուտինի այցի դեմ ցույցը։

«Երևում է, որ ոստիկանությունը ընտրել է գործողությունների մի նոր տեսակ, որը ենթադրում է բողոքի ակցիաները ուղղակի մարդկանց բաժին տանելով չեզոքացնելով։ Եթե հետևենք դատական պրոցեսներին, ապա կտեսնենք, որ ոստիկանությունը ակնառու անօրինական է գործել»,- ասաց Մամյանը։

Երիտասարդների շահերը դատարանում հիմնականում Արտակ Զեյնալյանն է պաշտպանում. իրար ետևից մերժվող հայցերը փաստաբանը համարում է վկայություն, որ ոստիկանության գործողությունները եղել են ոչ իրավաչափ, իսկ հայցերը՝ անհիմն։

«Նպատակը եղել է խաղաղ հավաքների ազատությունը կասեցնել, կոտրել հավաքի մասնակիցների կամքը։ Մենք ունենք բողոքի ակցիայի մասնակիցներ, ովքեր ոստիկանություն բերման են ենթարկվել ավելի քան 20 անգամ։ Ոստիկանությունը շարունակում է ծառայել ոչ թե ժողովրդին, այլ որոշակի խմբավորման շահեր է սպասարկում»,- ասաց փաստաբանը։

Զեյնալյանը շեշտում է՝ 50 հազար դրամն էլ է պատկառելի գումար, ուր մնաց մի քանի անգամ նույն տուգանքը վճարել։ Տասնյակ անգամներ ոստիկանական բաժանմունքում հայտնված Վահագն Մինասյանը չի հիշում գոնե մեկ դեպք, որ բերման ենթարկելիս իրավապահները հստակեցնեին՝ կոնկրետ որ օրինական պահանջին չի ենթարկվել։

«Ոստիկանի օրինական պահանջը ենթադրում է ոստիկանի ասածը, պահանջը՝ հղում անել որևէ օրենքի, որևէ նորմատիվ ակտի կամ որևէ որոշման։ Սակայն որևէ դեպքում ոստիկանությունը որևէ մեկի նկատմամբ, ըստ էության, իրավական հիմք չի ներկայացրել»,- ասաց Մինասյանը։

Արտակ Զեյնալյանը հիշեցնում է՝ նստացույցի օրերին ակտիվիստները անհայտ անձանց կողմից բռնությունների են ենթարկվել, ոստիկանությունը միջոցներ չի ձեռնարկել, ինչը, ըստ փաստաբանի, վկայում է առնվազն լուռ համաձայնության մասին: Իրավապաշտպանը համոզիչ չի համարում «նոր որակի ոստիկանության» մասին Վլադիմիր Գասպարյանի պնդումները։

Արտակ Զեյնալյանը դրանք որակում է քարոզչական, հրապարակախոսական խոսքեր, որոնց հիմքում չկան փաստեր։ Իրավապահները հետևություններ պետք է անեին ու փոխեին իրենց վարքագիծը դեռ Եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի կայացված առաջին վճռից հետո, ասում է նա։

«Շարունակում են չբացահայտված մնալ Մարտի 1-ի դեպքերը, առնվազն ինը ցուցարար է սպանվել, և ոստիկանները, ովքեր իրականացրել են այդ սպանությունները, շարունակում են ազատության մեջ մնալ։ Խալաֆյանի, Գուլյանի գործերով որևէ օրինական հետևանք չի եղել։ Ոստիկանությունը շարունակում է մնալ նույնը, քանի դեռ վարքագիծը չի փոխել և չի քավել մեղքը»,- ասաց նա։

Դատարանում ոստիկանության ներկայացուցիչը կտրականապես հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։

Հակընդդեմ հայցերը շահած երիտասարդները մտադիր են ոստիկանությունից գանձված գումարով ֆոնդ ստեղծել, որը կծառայի հանրային խնդիրների լուծմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG