Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքեց. Առանց Ղարաբաղի մասնակցության անհնար է առաջ շարժվել


ՀՀ ԱԳՆ-ն արձագանքեց. Առանց Ղարաբաղի մասնակցության անհնար է առաջ շարժվել
please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00
Առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհնար է առաջ շարժվել բանակցային գործընթացում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հրապարակած և ղարաբաղյան բանակցային գործընթացում քննարկվող վեց հիմնական դրույթներին։

Ըստ փոխարտգործնախարարի, դեսպան Ուորլիքը նոր բացահայտումներ չի արել, դրանք հրապարակել են նաև համանախագահ երկրների ղեկավարները։

Քոչարյանն ասաց՝ դեսպանի հայտարարությունը պետք է ընկալել որպես բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու ցանկություն։
Առաջընթացի համար, սակայն, Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով, երկու հիմնական խոչընդոտ կա։

«Առաջին՝ որպեսզի նման բարդ հարցերում հնարավոր լինի փոխզիջումներով առաջ շարժվել, անհրաժեշտ է վստահության մթնոլորտ կողմերի միջև։ Իսկ Ադրբեջանի բոլոր քայլերը առայսօր ուղղված են ոչ թե վստահության մթնոլորտի ամրապնդմանը, այլ ճիշտ հակառակը։ Եվ երկրորդ՝ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք ներգրավվածության բանակցային գործընթացին անհնարին է առաջ շարժվել։ Հայաստանը մասնակցում է բանակցություններին, բայց երբեք իրենով չի կարող փոխարինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Եվ պատահական չէ, որ եթե մենք ծանոթանանք այդ տարրերին, որոնք ժամանակին հրապարակվել էին, որոնք նորից հիշեցրեց Ուորլիքը, դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին»,- ասաց փոխարտգործնախարարը։

Եթե այս երկու պայմանները չստեղծվեն, քիչ հավանական է, որ ամերիկացի համանախագահի ցանկությունը իրականանա, նկատեց Քոչարյանը.- «Չկա որևէ խաղաղ կարգավորում, որը իրականություն դառնա առանց իրական սուբյեկտի մասնակցության։ Դրան ընդդիմանում է Ադրբեջանը։ Ընդ որում մենք չենք դնում այդ պայմանը, դա ինքնին բնական պայման է։ Եթե ցանկություն կա, որ առաջընթաց լինի, պետք է լինի այդ երկու պայմանը՝ վստահության մթնոլորտի ստեղծում և Ղարաբաղի լիարժեք մասնակցություն։ Բաքվից անընդհատ ողբում են, որ այս իբր ստատուս քվոն պահպանվում է, բայց Ադրբեջանի բոլոր քայլերը ուղղված են այդ ստատուս քվոյի պահպանմանը»։

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, անդրադառնալով բանակցային գործընթացին Ղարաբաղի լիարժեք մասնակցության հարցին, հայտարարեց.- «Կոնկրետ մասնակցությունը պետք է բանակցվի կողմերի միջև, կողքից ոչ մեկը չի կարող նման բան պարտադրել»։

Դեսպան Հեֆերնն այսօր պարզաբանեց՝ դեսպան Ուորլիքի նպատակը նոր քաղաքականության մասին հայտարարելը չէր. նրա հայտարարության նպատակը խաղաղության համաձայնագրի կետերի վերաբերյալ հասարակական քննարկում սկսելն էր, որպեսզի բոլոր տարածքների, երկու երկրների ժողովուրդները պատրաստ լինեն խաղաղության, երբ հասնի պահը։

Վաշինգտոնը կարգավորման հնարավորությունը տեսնում է միայն փոխզիջումներով․ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը չի վերահսկվի Բաքվի կողմից, կստանա միջանկյալ կարգավիճակ՝ ինքնակառավարման պայմանով, Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքներն էլ կվերադարձվեն Ադրբեջանին, Հայաստանը կունենա Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցք։

Բանակցային գործընթացում քննարկվող և ամենավիճահարույց՝ տարածքների վերադարձի մասին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց՝ Հայաստանը նպատակ չունի Ադրբեջանին վերադարձնել գրավյալ տարածքները։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույնպես դեմ է Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու հեռանկարին։

«Ես կոնկրետ դեմ եմ այդ մոտեցումներին, հստակ բոլոր քայլերը պետք է հնչեցվեն, և այս խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքնքների հիման վրա՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում։ Դա է լինելու մեր սկզբունքը»,- ասաց վարչապետը։
XS
SM
MD
LG