Մատչելիության հղումներ

ՄՄ-ին և ՄՏՏ-ին Հայաստանի անդամակցության փաստաթուղթը՝ մինչև հունիսի 1-ը


Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից առաջ, Մինսկ, 29-ը ապրիլի, 2014թ․
Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից առաջ, Մինսկ, 29-ը ապրիլի, 2014թ․
Մաքսային միությանը (ՄՄ) և Միասնական տնտեսական տարածքին (ՄՏՏ) Հայաստանի միանալու մասին փաստաթուղթը կպատրաստվի մինչև հունիսի 1-ը և կներկայացվի պետությունների ղեկավարների քննարկմանը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մայիսի 29-ին Աստանայում կայանալիք նիստի ժամանակ: Նման որոշում է կայացվել երեկ Մինսկում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ:

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները հավանություն են տվել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագրի՝ «ճանապարհային քարտեզի» իրականացման ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքը: Մասնավորապես, ինչպես նշված է նիստը հյուրընկալած Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում, «ճանապարհային քարտեզի» 126 կետերից, որոնք պետք է կատարվեն մինչև փաստաթղթի ստորագրումը, 111-ը իրականացված են, իսկ 15-ը ընդգրկվում են Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու բուն փաստաթղթում:

Հաղորդագրությունում նշված է նաև, որ Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման ընթացքը երեկվա հանդիպման օրակարգի երկու կարևոր թեմաներից մեկն էր՝ դրանցից առաջինը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վրա աշխատանքի ընթացքն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG