Մատչելիության հղումներ

Վարչապետը մասնակցում է քառյակի հանդիպմանը


Վարչապետը մասնակցեց քառյակի հանդիպմանը
please wait

No media source currently available

0:00 0:04:17 0:00
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցեց Ազգային ժողովի ոչ իշխանական չորս քաղաքական ուժերի հանդիպմանը:

Աբրահամյանը խորհրդարան էր եկել փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի և աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Նրա այցելությունը քառյակին նաև ոչ իշխանական ուժերի համար էր անակնկալ:

Երբ Աբրահամյանը քառյակին հրավիրել էր Կառավարություն դաշնակցական Արծվիկ Մինասյանի խոսքով հորդորել էր հրաժարվել պարտադիր բաղադրիչը օրենքից հանելու նախաձեռնությունից: Քառյակը, պարզվեց, չի հրաժարվի դրանից:

«Նախագիծ մեզ տրամադրվեց: Հիմա կվերադառնանք Կառավարություն, կփորձենք քննարկել», - նշեց Աբրահամյանը:

Կառավարությունը հանդես է եկել պարտադիր կուտակային վճարներ չկատարելու դեպքում կուտակային կենսաթոշակների մասին օրենքով սահմանված տույժերը կասեցնելու նախաձեռնությամբ: Այս նախագիծը, սակայն, ոչ միայն չի լուծում Հովիկ Աբրահամյանի երկու օր առաջ տված խոստումը՝ պարտադիր բաղադրիչի դե ֆակտո կասեցումը, այլև Պետեկամուտների կոմիտեին հնարավորություն է ընձեռում շարունակել հաշվարկել պարտադիր վճարներ:

«Իմ բոլոր ասածներին ես տեր եմ», - այսօր այս առնչությամբ հայտարարեց վարչապետը:

Քառյակի հանդիպումից հետո ԲՀԿ ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանն ասաց՝ պայմանավորվել են, որ կքննարկեն, կասեն Կառավարությունն ինչի է պատրաստ:

«Մենք գիտենք, որ Կառավարությունը ևս բերում է նախագիծ: Կախված այդ նախագծի բովանդակությունից՝ մեր որոշումը մնում է ուժի մեջ: Այսինքն, կբավարարի՞ կառավարության նախագիծը այն խնդիրներին, ինչ մենք ունենք, նախապես ասել ենք, ապա մենք չենք հրավիրի, եթե չէ՝ մենք մեր պատկերացրած օրակարգով կհրավիրենք արտահերթ նիստ», - ասաց նա:

Ստեփան Մարգարյանը հավելեց, թե Հովիկ Աբրահամյանի այցելությունը «շատ անսպասելի էր»․ - «Չունեինք այդպիսի պայմանավորվածություն: Իրենք մոտավորապես ասել են իրենցը [պարտադիրի մասին], մենք էլ մեր տեսակետները ասացինք: Ես ենթադրում եմ՝ որոշակի փոփոխություններ կլինեն իրենց նոր բերածի [օրինագծի] մեջ»:

Քառյակի հանդիպման օրակարգը երեք հարցերից է բաղկացած եղել: Ինչպես ԲՀԿ ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանն ասաց՝ Ազգային ժողովում անցկացված լսումներից հետո էլ հանձնաժողովը գտնում է, որ կարմիր գծերի և արագաչափերի հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտություն կա: Հարցի քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում:

«Քվեարկությունը կլինի: Եթե կանցնի՝ կձևավորենք հանձնաժողով, եթե կմերժի խորհրդարանական մեծամասնությունը՝ մենք կշարունակենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները: Նաև ունենք մտադրություն օրենսդրական նախաձեռնություններով ևս հանդես գալու արտահերթ նիստերով», - մանրամասնեց ԲՀԿ ներկայացուցիչը: Մարգարյանը շարունակեց․ - «Երրորդ հարց էլ ենք ունեցել՝ դա ապագա համատեղ միջոցառումների ծրագիրն է: Չի բացառվում նաև հանդիպումներ հանրահավաքների և դահլիճային հանդիպումների տեսքով Երևանում և մարզերում»:

Խորհրդարանի ոչ իշխանական քառյակը Ստեփան Մարգարյանի կարծիքով Ազգային ժողովի նախագահի պաշտոնում թեկնածու չի առաջադրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG