Մատչելիության հղումներ

Տուժողներն ասում են՝ մեղադրյալ Ֆելիքս Գևորգյանից բողոքներ չունեն


Տուժողները խնդրում են «իրենց հանգիստ թողնել» Ֆելիքս Գեւորգյանի գործով
please wait

No media source currently available

0:00 0:03:46 0:00
Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանն այսօր հրապարակեց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո գողության մեջ մեղադրվող Ֆելիքս Գևորգյանի գործով անցնողների ցուցմունքները:շ

Ֆելիքս Գևորգյանը, մասնավորապես, մեղադրվում է «Արաքս» ընկերությունից 10 խուրձ պղնձե մալուխ գողանալու մեջ:

Տուժող, «Արաքս» ընկերության ներկայացուցիչ Գագիկ Ավագյանը 2012 թվականի հոկտեմբերին ցուցմունք է տվել, թե ոստիկաններից է իմացել, որ իր աշխատավայրից պղնձե մալուխների գողություն է եղել:

Դատաքննության ժամանակ ի հայտ են եկել ուշագրավ հանգամանքներ: Օրինակ՝ պարզվել է, որ գողացվել է 10 խուրձ մալուխ, ընդ որում՝ յուրաքանչյուր խուրձ կշռում է 120 կգ:

«Ինչպե՞ս կարող էր մեկ հոգին, այն էլ պահակների մշտական ներկայության պայմաններում, 10 խուրձ մալուխը միայնակ տեղափոխել, տանել ընկերության տարածքից», - հարցադրում հնչեցրեց Ֆելիքս Գևորգյանի պաշտպանը՝ Ստեփան Ոսկանյանը:

Մեղադրողը՝ Դավիթաշենի դատախազի տեղակալ Ալեքսանդր Աղայանը պատասխանեց, թե իր պատկերացմամբ՝ դա հնարավոր է:


Դատարանում հրապարակվեց նաև «Ընդերքի պետական լաբորատորիա» ընկերության տնօրեն, տուժողի ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյանի ցուցմունքը ընկերությունից կատարված գողության մասին: Նրա ցուցմունքում ևս որևէ պնդում չկա այն մասին, որ ապրանքը Ֆելիքս Գևորգյանն է գողացել: Տուժողի ներկայացուցիչն ասել է, որ հանցագործության մասին հաղորդումը ոստիկաններն են գրել բաժնում, ինքն էլ կարդացել-ստորագրել է: Ի դեպ, Սուսանն Սարգսյանն իր ցուցմունքում դժգոհել է, թե գողացված ապրանքի արժեքը 10 հազար դրամ է, իսկ ինքը դատական քաշքշուկների պատճառով արդեն 30 հազար դրամի բենզին է ծախսել:

Ուշագրավ է, որ տուժողները դատարանից խնդրում են իրենց հանգիստ թողնել, ասում են, թե բողոքներ չունեն:

Ֆելիքս Գևորգյանը դատապարտվել է 2008 թվականի դեպքերի կապակցությամբ, հետո ազատ է արձակվել, ավելի ուշ ոստիկանության բաժնում, իր պնդմամբ, անգամ ոտքը շիկացած երկաթով այրելուց հետո մարտի 1-ի սպանություններից որևէ մեկի պատասխանատվությունը այդպես էլ չի ստանձնել: Դրանից հետո նրան առաջադրել են նախկինում չբացահայտված գողությունները կատարելու մեղադրանք:

Դատավոր Մարինե Մելքոնյանը որոշեց հաջորդ նիստին՝ մայիսի 14-ին, հարցաքննել 2 տուժողի:

Ի դեպ, առաջին ատյանի դատարանը արդեն երկրորդ անգամ է քննում այս գործը: Ավելի վաղ դատարանն արդարացրել էր Գևորգյանին, Վերաքննիչը գործը հետ էր ուղարկել, քանի որ դատավճռում նշված չէր եղել արդարացման հիմքը:

Ֆելիքս Գևորգյանը պնդում է, որ հաստատակամ է իր իրավունքների վերականգնման հարցում: Ոստիկանության բաժնում շիկացած երկաթով ոտքն այրելու համար մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել ոստիկանները: Նրանց մի մասին հեռացրել են համակարգից: Վերաքննիչ դատարանի որոշմամբ, ոստիկանությունում խոշտանգումների համար քրեական գործ չհարուցելու որոշումը չի վերացվի: Ֆելիքս Գևորգյանը պատրաստվում է Վճռաբեկից հետո անհրաժեշտության դեպքում՝ Եվրոպական դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG