Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ թուրքերին հաջողվեց բնաջնջել հայերին, բայց հրեաներին` ոչ


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոսթի միջև անթիվ համեմատություններ են արվել: Սակայն կա ևս մեկ համեմատություն, որ հազվադեպ է կատարվում. Հայոց ցեղասպանությունն իրականացնելու թուրքական կարողությունը և Պաղեստինի հրեա ներգաղթողներին ոչնչացնելու անկարողությունն այդ նույն ժամանակահատվածում: Նման համեմատություն չի արվել, քանզի համարյա ոչ մեկը չի ուսումնասիրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների բռնի տեղահանության թուրքական ծրագրերի կապը Հայոց ցեղասպանության հետ:

Իմ նախնական վերլուծությունը հիմնված է մի շարք տեղեկությունների վրա՝ Յաիր Աուրոնի «Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը. անտարբերության գռեհկությունը» գրքից, Վարդգես Եղիայանի «Ի շահ Հայաստանի» աշխատությունից և այլ արխիվային նյութերից: Ես կցանկանայի մանրամասնել հրեաների բռնի տեղահանության հանգամանքները և ինչպես նրանք հիմնականում փրկվեցին դրանից, մինչդեռ հայերը` ոչ: Ավելի կարևոր է, թե հրեական սփյուռքն ու Պաղեստին ներգաղթողները ինչպիսի քայլեր ձեռնարկեցին` հայերի ողբերգական ճակատագրին չարժանանալու համար:

Օսմանյան կայսրությունում հայերը և հրեաները, որպես ազգային փոքրամասնություններ, եղել են քավության հարմար նոխազներ դաժան թուրք ղեկավարների քմահաճույքների համար: Հետաքրքրական է, որ հայերի և հրեաների բռնի տեղահանության համար երիտթուրքերը օգտագործել են միևնույն պատճառաբանությունները: Թուրքերը մեղադրել են հայերին առաջխաղացող ռուսական բանակի հետ համագործակցելու համար, և նույնպիսի մեղադրանք են ներկայացրել հրեաներին՝ օսմանյան Պաղեստին ներխուժած բրիտանական զինված ուժերի հետ համագործակցելու համար: Բացի այդ, հրեաներին մեղադրել են Պաղեստինում իրենց սեփական հայրենիքը հիմնելու ծրագրերի համար, ճիշտ այնպես, ինչպես հայերին` Արևելյան Թուրքիայում իբր իրենցը հիմնելու համար: Եվս մեկ զուգահեռ. երիտթուրքերի «եռյակի» ղեկավար անդամներից մեկը` Ջեմալ փաշան, ցինիկաբար նկատել էր, որ նա «հրեաներին արտաքսում է իրենց իսկ շահերից ելնելով», ինչպես հայերին էին բռնի տեղահանել «պատերազմի գոտուց հեռու» իրենց իսկ անվտանգության համար...

1914 թվականին, երբ Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտավ Գերմանիայի կողմից և ընդդեմ դաշնակից պետությունների (Անգլիա, Ռուսաստան և Ֆրանսիա), Պաղեստինը վերածվեց պատերազմի թատերաբեմի: Թուրքական իշխանությունները սկսեցին զինվորական հարկ գանձել բնակչությունից, որն առավել ծանրությամբ ընկավ հրեա բնակիչների ուսերին: Նրանց կալվածքներն ու ունեցվածքը բռնագրավվեց թուրքական բանակի կողմից: Հրեա բնակիչներից ոմանք որպես ստրկական աշխատուժ օգտագործվեցին ճանապարհների և երկաթգծերի շինարարության մեջ: Ալեքս Ահարոնսոնը՝ Զիխրոն Յակովի մի հրեա ներգաղթող, իր օրագրում գրել էր. - «Հրամանը վերջերս էր եկել թուրքական իշխանություններից` պահանջելով նրանց հանձնել իրենց տրամադրության տակ եղած հրազենային կամ այլ զենքերը: Սա մի չարագուշակ հրաման էր, քանզի գիտեինք, որ նման միջոցառումներ ձեռնարկվել էին հայկական սարսափելի կոտորածներից առաջ, և մենք զգացինք, որ նման արհավիրք կարող է նախապատրաստվել նաև մեր ժողովրդի դեմ», ինչպես մեջբերված է Եղիայանի «Ի շահ Հայաստանի» աշխատության մեջ:

1914 թվականի աշնանը թուրքական վարչակարգը տեղահանման հրաման արձակեց բոլոր «թշնամի հպատակների», այդ թվում՝ 50 հազար ռուսաստանցի հրեաների համար, որոնք փախել էին ցարական հալածանքներից և հաստատվել Պաղեստինում: Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի և ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի բազմիցս միջամտություններից հետո, այս «թշնամի հպատակներին» թույլատրվեց մնալ Պաղեստինում, եթե նրանք համաձայնեն ձեռք բերել օսմանյան քաղաքացիություն:

Այնուամենայնիվ, 1914 թվականի դեկտեմբերի 17-ին, Ջեմալ փաշայի ենթակա, Ջաֆայի նահանգապետ Բահայեդինը, տեղահանման հրամանը գործադրեց` արտաքսելով 500 հրեաների, որոնց ձերբակալում էին փողոցներում, քարշ տալիս ոստիկանական բաժանմունքներ, իսկ այնտեղից էլ ստիպողաբար նստեցնում նավահանգստում կայանած նավերը: Խանութների վրայից հեռացվեցին եբրայերենով գրված ցուցանակները և փակվեցին Ջաֆայի հրեական դպրոցը: Սիոնիստական կազմակերպությունները լուծարվեցին, և 1915 թվականի հունվարի 25-ին թուրքական իշխանությունները հանդես եկան հայտարարությամբ ընդդեմ «սիոնիզմի անվան տակ հայտնի վտանգավոր տարրերի, որոնք պայքարում են հրեական կառավարություն ստեղծելու համար Օսմանյան թագավորության պաղեստինյան տարածքում....»:

Ի պատասխան դեսպան Մորգենթաուի և Գերմանիայի կառավարության բողոքների, Կոստանդնուպոլիսը չեղյալ համարեց տեղահանության վերաբերյալ հրամանը, և Բահայեդինը հեռացվեց իր պաշտոնից: Ըստ պրոֆ. Աուրոնի` հրեա բնակիչների վիճակը կարող էր անհամեմատ ավելի ծանր լինել, եթե չլիներ «հրեական աշխարհի ազդեցությունը թուրքական քաղաքականության վրա.... Ամերիկյան, գերմանական և ավստրիական հրեական համայնքներին հաջողվեց զսպել դրա առավել դաժան դրսևորումները: Հրամանագրերը մեղմվեցին. մոլեռանդ թուրք հրամանատարները փոխարինվեցին և աղետալի ժամանակներին հետևեցին հանգիստ ժամանակաշրջանները»:

Դեռևս 1913 թվականին, նախագահ Վիլսոնը դեսպան Մորգենթաուին նշանակելիս նրան հանձնարարել էր. - «Հիշե'ք, այն ամենը, ինչ կարողանաք անել ձեր դավանակիցների ճակատագիրը բարելավելու համար, մի գործողություն է, որ բարձրացնելու է Ամերիկայի վարկը, և դուք կարող եք ապավինել վարչակազմի լիարժեք աջակցությանը». Մորգենթաուն հավատարմորեն հետևեց այս խորհրդին»` ըստ Այզեյա Ֆրիդմանի «Գերմանիա, Թուրքիա և Սիոնիզմ. 1897-1918թթ.» գրքի: Ամերիկայի հրեաներից դեպի Ջաֆա խիստ անհրաժեշտ գումարներ տեղափոխելու աշխատանքները կազմակերպելուց հետո, Մորգենթաուն գրեց Պաղեստինի զարգացման ընկերության տնօրեն Արթուր Ռուփփենին. - «Ինձ ընտրել էին որպես գործիք իմ դավանակիցներին պաշտպանության տակ առնելու համար....»:

1917 թվականի գարնանը թուրքական իշխանությունները երկրորդ հրամանն արձակեցին Թել Ավիվից հինգ հազար հրեաների տեղահանելու վերաբերյալ: Պաղեստինում «Նիլի» խմբի՝ հրեական ընդհատակյա փոքր կազմակերպության ղեկավար և բրիտանական հետախուզության համար աշխատող Ահարոն Ահարոնսոնը տեղահանության մասին անմիջապես ահազանգեց միջազգային լրատվամիջոցներին: Եգիպտոսում Ահարոնսոնը գաղտնի հանդիպում ունեցավ բրիտանացի դիվանագետ Մարկ Սայքսի հետ և նրա միջոցով շտապ հաղորդագրություն ուղարկեց Լոնդոն 1917 թվականի ապրիլի 28-ին. - «Թել Ավիվը թալանված է: Ներկայումս Պաղեստինում տասը հազար հրեաներ անտուն են ու սոված: Ամբողջ Յիշուվին [հրեական բնակավայրերը Պաղեստինում] ոչնչացում է սպառնում: Ջեմալը [փաշա] հրապարակավ հայտարարել է, որ հայերի դեմ վարած քաղաքականությունն այժմ կիրառվելու է հրեաների դեմ» :

Պաղեստինից Ահարոնսոնի զեկույցները ստանալուց հետո, Լոնդոնում գլխավոր սիոնիստ Խաիմ Վեյցմանը հետևյալ հաղորդագրությունը փոխանցեց եվրոպական տարբեր մայրաքաղաքների սիոնիստական առաջնորդներին. - «Ջեմալ փաշան բացահայտ հայտարարել է, որ հրեաների ուրախությունը՝ կապված բրիտանական զորքերի մոտենալու հետ, կարճատև է լինելու, քանզի նրանք ևս կարժանանան հայերի ճակատագրին.... Ջեմալ փաշան շատ խորամանկ է սառնասրտորեն ջարդեր կազմակերպելու համար: Նրա մեթոդն է քշել բնակչությանը մահվան` սովի, ծարավի և համաճարակների միջոցով....»:

Ամերիկայի հրեաները խիստ վրդովված էին՝ լսելով Պաղեստինում հրեաների բռնի տեղահանությունների մասին: «Հրեաների ոչնչացման թուրքական մտադրությունների» վերաբերյալ նոր զեկույցներ հրապարակվեցին ողջ Արևմուտքի երկրներում` ըստ պրոֆ. Աուրոնի: Բացի այդ, ազդեցիկ հրեա գործարարները Գերմանիայում և Ավստրո-Հունգարական կայսրությունում պահանջեցին, որ իրենց կառավարությունները ճնշում գործադրեն Թուրքիայի ղեկավարների վրա` հրաժարվելու հրեաներին տեղահանելու իրենց ծրագրերից: Վերջապես Ջեմալ փաշան ստիպված եղավ չեղյալ համարել տեղահանման հրամանը և մթերք ու բժշկական օգնություն տրամադրեց հրեա աքսորյալներին Թել Ավիվում:

(շարունակելի)

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG