Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Կառավարությունում էական փոփոխություններ են լինելու»


Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ, արխիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ, արխիվ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով՝ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու:

Այսօր Կենտրոնական բանկի ղեկավար անձնակազմի հետ խորհրդակցության ժամանակ պատասխանելով նոր ձևավորվելիք կառավարության վերաբերյալ հարցին՝ նախագահը հայտարարել է. - «Նոր կառավարության մասին, իհարկե, ես դեռ կխոսեմ: Բայց կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»:

«Ուզում եմ մեկ անգամ ևս ավելացնել՝ իրոք, վարչապետի հրաժարականը հրաժարական էր, այլ ոչ թե՝ պարտադրանք: Երբ երեկ մենք մեր կուսակցությունում քննարկում էինք, և ես ասացի, որ վարչապետը մարտի 3-ին է ինձ հրաժարականի մտադրություն ներկայացրել, դա մենք չենք արել նրա համար, որպեսզի ասենք՝ տեսեք մենք ինչ-որ քաղաքական ուժերի ճնշման տակ չենք այս բանն արել: Մենք, ուղղակի, մեր գործընկերներին, մեր հանրությանը զուտ ցանկանում ենք ասել, որ սա է եղել իրավիճակը», - նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:

«Վեցը տարին երկար ժամանակահատված է վարչապետի համար: Ամենածանր, ամենատաժանակիր, միգուցե ճիշտ բառ չեմ ասում, բայց ամենաանշնորհակալ, կոնկրետ ժամանակահատվածի համար եմ ասում, աշխատանքն է: Ես շատ քիչ եմ աշխատել այդ պաշտոնում, բայց դա էլ բավարար է եղել, որպեսզի ծանրությունն զգամ: Այդպիսին է մեր իրավիճակը, ցավոք: Բայց կարծում եմ, որ մի քսան տարի հետո արդեն շատ ավելի հեշտ է լինելու շատ աշխատանքներ կատարելը», - հայտարարել է նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG