«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ամրագրված պարտադիր բաղադրիչը Հայաստանի Սահմանադրությանը հակասող է ճանաչվել, ՍԴ-ի որոշումն այսպես մեկնաբանեցին Ազգային ժողովի 36 պատգամավորների ներկայացուցիչները։
Նրանց խոսքով՝ մինչ այս պահը գանձված գումարները պետք է վերադարձվեն աշխատողներին։
«Հետևաբար պարտադիր բաղադրիչը չի կարող գործադրվել այս որոշման հրապարակման պահից»,- ասաց ՍԴ-ում հայցը ներկայացնողներից Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում» պարտադիր բաղադրիչը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու հայցով անցած տարեվերջին Սահմանադրական դատարան էին դիմել Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, Հայ ազգային կոնգրեսի, ՀՅ Դաշնակցության և «Ժառանգության» պատգամավորները: ՍԴ-ն այսօր կայացրած որոշմամբ օրենքի մի շարք դրույթներ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց։
Նրանց ներկայացուցիչներն այսօր արձանագրեցին՝ իրենց պահանջը կատարվել է ամբողջությամբ։ Պատասխանող կողմի՝ Ազգային ժողովի ներկայացուցիչ, հանրապետական Հակոբ Հակոբյանը ՍԴ-ի որոշումը չշտապեց մեկնաբանել, մասնավորաբար, զերծ մնաց կիսել հունվարից հետո գանձված գումարները աշխատողներին ետ վերադարձնելու՝ դիմողների համոզմունքը։
«Ես նման բան չեմ կարող ասել, դատարանի որոշումը փաստեց, որ մեր մշակած և ընդունած օրենքի դրույթները չեն համապատասխանում Սահմանադրությանը։ Ուզում եք՝ 30 անգամ ասեմ...»,- ասաց Հակոբյանը։
Արձագանքելով ՍԴ-ի 64 էջանոց որոշմանը՝ կառավարությունը առանձնացրել է ընդամենը երկու դրույթ. առաջին՝ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը, և երկրորդ՝ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել մինչև սեպտեմբերի 30-ը։
Կառավարության պաշտոնական հաղորդագրությունում նշվում է նաև, որ գործադիրը հետագա գործողությունների ծրագիրը կընդունի Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո:
Ժամ առաջ ներկայացնենք ճշմարտությունը, որպեսզի կառավարությունն ու իշխանության որոշ ներկայացուցիչներ իրենց հարմար ձևով ՍԴ-ի որոշումը չմեկնաբանեն, ասուլիսում նշեցին դիմող կողմի ներկայացուցիչները։
«Պետք է տեր կանգնել իրավունքներին և թույլ չտալ, որպեսզի գործատուները հաշվարկեն և փոխանցումներ կատարեն առանց նրանց համաձայնության։ Այսինքն յուրաքանչյուր աշխատող լիիրավ է ՍԴ-ի որոշման հրապարակումից հետո այն վերցնել իր ձեռքը՝ որպես զենք, և օգտագործի այն»,- ասաց պատասխանողի ներկայացուցիչ, իրավաբան Մերի Խաչատրյանը։
Հայցվորների պահանջն այսօր ամբողջությամբ կատարվեց, սակայն միևնույն ժամանակ ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը ասաց. - «Սույն որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով ՀՀ ԱԺ-ին և ՀՀ կառավարությանը իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին»։
ՍԴ-ի նախագահը նաև անդրադարձավ գանձված գումարների վերադարձելիությանը. - «Սույն որոշման պահանջներից բխող նոր իրավակարգավորումներից ելնելով և հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ վերահաշվարկի են ենթակա մինչ այդ կատարած կուտակային բոլոր վճարները»։
Արծվիկ Մինասյանը վստահ է՝ նշած ժամկետը օրենքի կիրառությունը երկարաձգելու հետ որևէ կապ չունի.- «ՍԴ-ն օրենքով նախատեսված կարգով այս հակասահմանադրական ճանաչված նորմերի գործողության ժամկետը համարել է մինչև սեպտեմբերի 30-ը, բայց հատուկ շեշտել է՝ ինչ նպատակով... որպեսզի հնարավորություն տա Աժ-ին և կառավարության իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին։ Եվ վերջ, այսինքն երկարացման ժամկետը նպատակ ունի միայն համապատասխանեցնել, ոչ թե պարտադիր նորմը գործադրել»։
Մինասյանը զգուշացրեց կառավարությանը. - «Չփորձել ՍԴ-ի որոշումը միակողմանի, նեղ և միայն առանձին շահերից ելնելով մեկնաբանել։ ՍԴ-ի իրավական դիրքորոշումները ուժի մեջ են մտել հրապարակման պահից»։
Պատգամավորը կարծում է՝ ՍԴ-ն իր բարձրունքի վրա է եղել.- «Իշխանության առանձին ներկայացուցիչներ, ինչքան էլ փորձում էին ՍԴ-ի նկատմամբ գործադրել իրենց ճնշումը, իրենց պարտադրվող մոտեցումները, այս ամենը էական դեր չխաղաց։ Թող այլ բան չընկալվի, բայց ես իմ մասով հիմա կասեմ՝ գոհունակություն եմ ուզում արձանագրել, որ նաև հանրապետության նախագահը իր լիազորությունը չփորձեց գործադրել ՍԴ-ի նկատմամբ՝ ճնշում բանեցնելու առումով»։
Պատասխանողի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի համոզմամբ՝ ՍԴ-ի այսօրվա որոշումից հետո, պարտադիր բաղադրիչն ընդհանրապես չի կարող կիրառվել։ Օրենքը լրամշակելուց հետ անգամ պետք է ամրագրվի միայն կուտակային համակարգին մասնակցության կամավոր սկզբունքը։
«ՍԴ-ի դիրքորոշումը որևէ իրավակարգավորման Սահմանադրության հակասելու վերաբերյալ, որևէ այլ օրենքում կամ նույն օրենքում այլ խմբագրմամբ չի կարող շարադրվել։ Դա կհակասի ՀՀ Սահմանադրությանը»,- ասաց Զեյնալյանը։
Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ խորհրդարանի ոչ իշխանական չորս խմբակցությունները ՍԴ-ի որոշումն ավելի արագ կյանքի կոչելու համար առաջիկայում մտադիր են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։
«Չհանգստանաք, որովհետև պայքարը տեղափոխվել է նաև Ազգային ժողով»,- ասաց Մինասյանը։