Մատչելիության հղումներ

«Մեծ յոթնյակը» Հաագայում քննարկում է Ուկրաինայի խնդիրը


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամ, 24 մարտի, 2014թ.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամ, 24 մարտի, 2014թ.

Կիևը ուկրաինացի զինծառայողներին կարգադրել է հեռանալ Ղրիմի տարածքից։

Առաջատար յոթ պետությունների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ղեկավարներն այսօր հանդիպում են Հաագայում, որտեղ գումարվում է Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովը։

Այդ հավաքի մասնակիցների թվում են նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և տասնյակ այլ երկրների ղեկավարներ։ Յոթնյակը, որի հանդիպումը գագաթնաժողովի շրջանակներից դուրս է, պետք է Նիդերլանդների կառավարության նստավայր Հաագայում հատուկ նիստում քննարկի Ուկրաինայի հարցը։

Ռուսաստանը Հաագայում ներկայացնում է ոչ թե նախագահ Վլադիմիր Պուտինն, այլ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով, հավանաբար, առանձին կհանդիպի իր ամերիկացի պաշտոնակից Ջոն Քերրիին։

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունն արդեն սահմանել են վիզայի արգելքներ և տնտեսական պատժամիջոցներ մի քանի տասնյակ ռուս և ուկրաինացի պաշտոնյաների և գործարարների նկատմամբ ու պատրաստվում են նոր պատժամիջոցներ կիրառել։

Ռուսների կողմից բռնակցված և Դաշնության մաս հռչակված Ղրիմում այսօրվանից ուկրաինական հրիվնային զուգահեռ շրջանառվում է նաև ռուսական ռուբլին։ Պուտինի կարգադրությամբ մինչև մարտի 29-ը Ղրիմում պետք է ձևավորվեն գործադիր իշխանության ռուսական մարմիններ։

Ռուսները հսկողության տակ են վերցրել Ղրիմի տարածքում գտնվող ուկրաինական ռազմակայանները։ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեկսանդր Տուրչինովը ուկրաինացի զինծառայողներին կարգադրել է հեռանալ Ղրիմից, քանի որ նրանք և նրանց ընտանիքների անդամները ֆիզիկական վտանգի տակ են հայտնվել։

Նախօրեին Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլովն ասել է, որ ռուսները հսկայական զինուժ են կուտակել Ուկրաինայի սահմանին։

«Այդ ուժերը միանգամայն բավարար են Ուկրաինայի արևելյան սահմանը հատելու և Մերձդնեստր ներխուժելու համար, դա շատ մտահոգիչ է»,- ասել է Բրիդլովը։

Ամերիկայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Թոնի Բլինքենը երեկ CNN-ին ասել է, թե զորք կուտակելով Ուկրաինայի արևելյան սահմանի մոտ՝ ռուսները հոգեբանական ճնշում են գործադրում Ուկրաինայի եվրոպամետ նոր իշխանության վրա և կարող են իսկապես զավթել ռուսախոս շրջանները։

Եվրամիությունում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չիժովը հավաստիացնում է, որ ռուսները զավթողական ծրագրեր չունեն։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Ամստերդամում հայտարարել է, որ Ամերիկան և Եվրոպան միասնական են և Ռուսաստանին կպարտադրեն թանկ վճարել Ղրիմը բռնակցելու համար։

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Հաագայում հույս է հայտնել, որ «Մեծ յոթնյակը» միասնական կլինի Ռուսաստանի ագրեսիան դատապարտելու և Ուկրաինային սատարելու խնդրում։

«Ամենաճիշտը կլինի ցույց տալ, որ Ուկրաինան կարող է լինել միացյալ, ինքնիշխան, արդիական և կայուն երկիր, և եթե պետք լինի` ցուցաբերել հետագա քայլեր ձեռնարկելու մեր պատրաստակամությունը, որովհետև ռուսների կեցվածքն անընդունելի է 21-րդ դարում»,- ասել է Բարոզուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG