Մատչելիության հղումներ

Լրագրողները ներողություն են պահանջում ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանից


Լրագրողների ակցիան ԱԺ նիստերի դահլիճում, 23-ը դեկտեմբերի, 2014
Լրագրողների ակցիան ԱԺ նիստերի դահլիճում, 23-ը դեկտեմբերի, 2014
Չորս լրագրողներ, դիմելով Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին, պահանջում են, որ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը ներողություն խնդրի՝ իրենց հասցեին արած ոչ պատշաճ արտահայտության համար:

Հանձնաժողովը դիմում ընդունել է քննության, զեկուցող է նշանակվել դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը: Լրագրող Գրիշա Բալասանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ դիմումի հետ հանձնաժողովին են ներկայացրել նաև միջադեպի տեսաձայնագրությունը։

«Քանի որ պարզ լսվում էր, թե ինչպես է իրեն անվայելուչ արտահայտություններ թույլ տալիս պատգամավորը, կարծում եմ, հանձնաժողովին այլ բան չի մնում, քան դիտել այդ տեսանյութը և հետևություն անել Առաքել Մովսիսյանը խախտել է էթիկայի կանոնները, թե՝ ոչ»,- ասաց լրագրողը։

Դեկտեմբերի 23-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստում, որի ընթացքում քվեարկության էր դրվելու Հայաստանի և Ռուսաստանի միջև գազային պայմանագրի վավերացումը և «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոսը Ռուսաստանին հանձնելու հարցը, չորս լրագրողներ պաստառներ բռնած և բերանները ժապավենով փակած ակցիա անցկացրին խորհրդարանում՝ այդպիսով իրենց անհամաձայնությունն արտահայտելով գազային պայմանագրերի վավերացման վերաբերյալ, որից հետո ՀՀԿ պատգամավորը, վիրավորական արտահայտություններով կոչ արեց հեռացնել նրանց դահլիճից:

«Կարծում ենք, որ պետք է օրենսդիր մարմինը պատշաճ գնահատական տա պատգամավորի գործողություններին։ Սա առաջին դեպքը չէ, հուսով եմ, որ վերջին դեպքն է, իսկ դրա համար պետք է, որ խորհրդարանի անդամները հստակ գնահատական տան պատգամավորի անպատշաճ վարքին»,- ասաց լրագրող Հակոբ Կարապետյանը։

Հակոբ Կարապետյանը հավելեց, որ քննարկում են նաև պատգամավորին դատական կարգով պատասխանատվության ենթարկելու հարցը՝ իրենց պատիվը և արժանապատվությունը վիրավորելու համար:

Ակցիայից հետո դրա վերաբերյալ կարծիքները հակասական էին՝ ոմանք պնդում էին, թե հենց լրագրողներն են խախտել էթիկայի կանոնները: Նրանց մեկնաբանությանը, որ այդ պահին իրենք հանդես են եկել որպես քաղաքացի, պատասխանում էին, թե Ազգային ժողով մուտք են գործել լրագրողական վկայականներով։

«Սկզբում մտա որպես լրագրող, մի քանի կադր արեցի, այնուհետև բեյջս հանեցի ու այդ պահից հանդես եմ եկել որպես քաղաքացի։ Չեմ կարծում, որ էթիկայի կոպիտ խախտում եմ թույլ տվել, ամեն դեպքում ավելի լավ նման խախտում թույլ տամ, քան օլիգարխների հետ գնամ կերուխումի»,- ասաց Գրիշա Բալասանյանը։

«Նախորդ նստաշրջանում ես հավատարմագրված չեմ եղել Ազգային ժողովում, այդ օրը հատուկ անցագիր եմ խնդրել ծանոթներիցս մեկից և հատուկ գնացել եմ այնտեղ ակցիային մասնակցելու համար։ Ես չեմ գնացել ինչ-որ բան լուսաբանելու»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG