Մատչելիության հղումներ

Գերագույն ռադան լուծարել է Ղրիմի խորհրդարանը


Հանրահավաք Սիմֆերոպոլում: 15-ը մարտի, 2014
Հանրահավաք Սիմֆերոպոլում: 15-ը մարտի, 2014
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ` երկրի Գերագույն ռադան այսօր կայացրած որոշմամբ լուծարել է Ղրիմի խորհրդարանը:

Փետրվարի վերջին, հիշեցնենք, Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն խորհուրդը որոշեց հանրապետության կարգավիճակի շուրջ հանրաքվե անցկացնել: Իսկ երեկ Ուկրաինայի Սահմանադրական դատարանը այդ որոշումը հակասահմանադրական ճանաչեց:

«Ես կողմ եմ հանրաքվեին, բայց դեռ չեմ որոշվել, թե ինչպես եմ քվեարկելու», - տեղական լրատվամիջոցներին մեկին ասել է ղրիմաբնակ մի կին:

Իսկ Ղրիմի մեկ այլ բնակիչ հավելում է. - «Մենք պետք է հասկանանք, թե ինչի ենք ուզում հասնել. պարզապես հպատակվել Ռուսաստանի՞ն, թե՞ որ Ղրիմում բարելավվի մարդկանց կենսամակարդակը»:

Հանրաքվեն կայանալու է վաղը` մարտի 16-ին: Քվեաթերթիկում ներառված է երկու հարց. 1. Կո՞ղմ եք արդյոք, որ Ղրիմը մտնի Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ և 2. Կո՞ղմ եք արդյոք, որ Ղրիմում վերականգնվի 1992 թվականի Սահմանադրությունը:

Ուկրաինայում ճգնաժամը սկսվեց այն բանից հետո, երբ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Կիևում հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց` հայտարարելով, թե նախագահը Ռուսաստանի ճնշումների արդյունքում է կայացրել այդ որոշումը, որը չի արտահայտում ուկրաինացի ժողովրդի կամքը:

Երկրի տարբեր շրջաններում ծայր առած բողոքի ակցիաներից զերծ չմնաց նաև Ղրիմը: Այստեղ ոտքի ելան ինչպես թերակղզին Ուկրաինայի կազմում պահելու կողմնակիցները, այնպես էլ ռուսամետները:

Ուկրաինայի տարածքային ամբողջականության կողմնակիցները, մասնավորապես, տեղի թաթարները նշում են, թե հանրաքվեն անօրինական է, պարտադրված է Ռուսաստանի կողմից: Ռուսաստանի իշխանությունները, մինչդեռ, վկայակոչում են Ղրիմի մեծաքանակ ռուսալեզու բնակչության ինքնորոշման իրավունքը:

«Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ղրիմի իրավիճակին, ասաց. - «Ղրիմում տեղի ունեցող հանրաքվեն չի կարելի կոչել ինքնորոշման հանրաքվե, որովհետև ուղեկցվում է թնդանոթների փողերով: Այլ բան, եթե իրավիճակը կայունանար, և ինչպես Շոտլանդիայում համբերատար մշակեին, պատրաստեին, հարցը դրվեր հանրաքվեի... Այսօրվա դրությամբ, երբ կա Ռուսաստանի ռազմական անմիջական միջամտությունը, Ղրիմի գործընթացը չի կարելի կոչել ինքնորոշում»:

Ղրիմում հանրաքվե անցկացնելու որոշումը ոչ լեգիտիմ են համարում Եվրամիությունը, ՄԱԿ-ը և Միացյալ Նահանգները:
XS
SM
MD
LG