Մատչելիության հղումներ

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը մերժվել է


Վոլոդյա Ավետիսյանը բողոքի ցույցի ժամանակ, արխիվ
Վոլոդյա Ավետիսյանը բողոքի ցույցի ժամանակ, արխիվ
Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով բողոքն ուղղված դատախազին մերժվել է։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը։

Նախորդ շաբաթ խարդախության և խարդախության փորձի մեղադրանքով արդեն կես տարի կալանավորված Ավետիսյանի գործի նախաքննությունն ավարտվել է։ Ավետիսյանը չի ընդունում մեղքը։ Այս գործով քննիչը հաստատված է համարել նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքը։

Մինչդեռ փաստաբան Զաքարյանը, համաձայն չլինելով կես տարի շարունակվող նախաքննության ու դրա արդյունքի հետ, բողոք էր ներկայացրել դատախազին։ Եվ եթե դատախազը ընթացք տար այդ բողոքին, ապա նախաքննությունը շարունակվելու մասին որոշում կկայացվեր։ Մերժումով, սակայն, դատախազը համաձայնել է քննիչի որոշման հետ՝ գործը այդ մեղադրանքով ուղարկելու դատարան։

«Եթե բողոքը բավարարեր, չէր կարող գործը ուղարկել դատարան: Դատախազը ասել է, որ բողոքի մեջ նշված հանգամանքները, ըստ էության, ուղղված են քննությունը ձգձգելու»,- ասաց Զաքարյանը:

Ազատամարտիկի փաստաբանն ասում է, որ քննիչը չպետք է ավարտած համարեր նախաքննությունը, քանի որ դեռևս չպարզված հանգամանքներ կան։ Նա նշում է, որ անցած կես տարում նախաքննական մարմինը Ավետիսյանին կալանավորելու որոշումից զատ այլ քննչական գործողություններ չի կատարել։ Քննիչը մերժել է փաստաբանի ներկայացրած տարբեր միջնորդությունները՝ անգամ Ավետիսյանի դեմ բողոք ներկայացրած քաղաքացու հետ առերեսում չանցկացնելով։ Եվ այս հանգամանքներում նախաքննությունը համարել ավարտված, օրինական չէ։

«Իրենք այս վեց ամիսը ձգձգեցին, դա ոչինչ, փորձում են ասել, որ երբ մենք գործի նյութերին ծանոթացանք, մենք սկսեցինք ձգձգել»,- նկատեց Զաքարյանը:

Սոցիալական պահանջներով անցած մայիսին պայքարի ելած Ավետիսյանին մարտական ընկերներն ու համախոհները քաղաքական բանտարկյալ են համարում։ Նրանք դատարանից ակնկալիք չունեն, իսկ նախաքննական մարմնի որոշումը համարում են ամենաթողության հետևանք։

Ավետիսյանը, ըստ նախաքննական մարմնի, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով 2000 դոլար է հափշտակել, մեկ այլ անձից էլ 500 դոլար է պահանջել։
XS
SM
MD
LG