Մատչելիության հղումներ

Շվեյցարիան ՄԻԵԴ-ից կպահանջի վերանայել Հայոց ցեղասպանության հարցով վճիռը


Շվեյցարիան դիմելու է մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ հորդորելով վերանայել թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքին արդարացնելու որոշումը: «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ՝ երեքշաբթի այս մասին ասել է Շվեյցարիայի արդարադատության նախարարը:

Բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը 2005 թվականին մասնակցելով Շվեյցարիայում կազմակերպված քննարկումներին ժխտել էր Հայոց ցեղասպանությունը, հայտարարելով, թե՝ «Հայոց ցեղասպանության մասին պնդումները միջազգային հանրության կողմից տարածվող կեղծիքներ են»:

«Շվեյցարիա - Հայաստան» ընկերակցությունը նրա դեմ հայց էր ներկայացրել․ Շվեյցարիայում օրենք կա, որը պատիժ է նախատեսում ռասիստական հայտարարությունների, ինչպես նաև ցեղասպանությունների փաստը հրապարակավ հերքելու համար։ 2007 թվականի գարնանը շվեյցարական դատարանը Փերինչեքին մեղավոր ճանաչեց՝ և պարտավորեցրեց 12 հազար շվեյցարական ֆրանկ տուգանք վճարել: Փերինչեքը բողոքարկեց վճիռը, բայց Վերաքննիչ դատարանը այն անփոփոխ թողեց: Սակայն անցած դեկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արդարացրեց նրան, գտնելով, որ Շվեյցարիայի դատարանը խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազատ արտահայտվելու իրավունքը: Այս որոշումից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Հայ դատի հանձնախմբերը դիմել էին Շվեյցարիան հորդորելով բողոքարկել եվրոպական դատարանի որոշումը:

Եվ ահա այսօր Շվեյցարիայի արդարադատության նախարարը ասել է, թե դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունել է Շվեյցարիայի կառավարության որոշումը: Հայտարարությունում Հայ դատի խորհուրդը նշում է, որ փաստորեն այս քայլով Շվեյցարիան իր օրենսդրությունը պաշտպանելու ջանք է գործադրում, միաժամանակ ընդառաջելով հայության ակնկալիքներին՝ հնարավորություն ստեղծելով սրբագրել եվրոպական դատարանի որոշումը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը Թվիթերի իր էջում ողջունել է Եվրոպական դատարան դիմելու՝ Շվեյցարիայի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG