Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հաջորդ նախագահը կարող է լինել խոշոր բիզնեսի ներկայացուցիչ


Ուկրաինացի մեծահարուստ Պյոտր Պորոշենկոն «Ազատություն» ռադիոկայանի Կիևի ստուդիայում, արխիվ
Ուկրաինացի մեծահարուստ Պյոտր Պորոշենկոն «Ազատություն» ռադիոկայանի Կիևի ստուդիայում, արխիվ

«Սոցիս» հետազոտական կենտրոնի հարցման արդյունքներով՝ այսօր նախագահի պաշտոնին հավակնողների թվում ամենամեծ ժողովրդականությունը վայելում է միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն:

Չի բացառվում, որ Ուկրաինայի հաջորդ նախագահը լինի ոչ թե Յանուկովիչի տապալումից հետո իշխանության եկած կուսակցություններից մեկի, այլ խոշոր բիզնեսի ներկայացուցիչ: Սա են վկայում Կիևում գործող «Սոցիս» հետազոտական կենտրոնի` փետրվարի 25-ից մարտի 4-ը ընկած ժամանակահատվածում անցկացրած հարցման արդյունքները:

Դրանց համաձայն՝ այսօր նախագահի պաշտոնին հավակնող գործիչների թվում ամենամեծ ժողովրդականությունը վայելում է միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն: Մայիսի 25-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում նրա օգտին պատրաստ է քվեարկել ամեն հինգերորդ ուկրաինացին` ավելի հստակ` ընտրողների 21.2 տոկոսը:

Forbes հանդեսի ուկրաինական տարբերակի տվյալներով՝ Պորոշենկոյի անձնական կարողությունը կազմում է մոտ 1 միլիարդ 600 միլիոն դոլար: Նրան են պատկանում շոկոլադե կոնֆետներ արտադրող Roshen ընկերությունը, Յանուկովիչի իշխանության օրոք խիստ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող 5-րդ հեռուստաալիքը, ինչպես նաև «Բոգդան» մակնիշի ավտոբուսներ արտադրող գործարանը:

Պորոշենկոն այսօր Գերագույն ռադայի անկուսակցական պատգամավոր է, նախկինում զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, արտգործնախարարի և տնտեսական զարգացման նախարարի պաշտոնները:

Նախագահության հավանական թեկնածուների թվում երկրորդ տեղը զբաղեցնում է ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ` քվեների 14 տոկոսով:

Անսպասելիորեն ցածր է նաև մոտ երկու շաբաթ առաջ Խարկովի բանտից դուրս եկած նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի վարկանիշը․ նրա օգտին այս պահին պատրաստ է քվեարկել ուկրաինացի ընտրողների միայն 10 տոկոսը:

Հարկ է նկատել, որ բավական ցածր են նաև ազգայնական գործիչների վարկանիշային տվյալները: Այսպես, «Սոցիս»-ի հրապարակած տվյալներով, ազգայնական «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկի նախագահական վարկանիշը ընդամենը 2․5 տոկոս է: Ուկրաինական վերջին հեղափոխության շարժիչ ուժ հանդիսացած ազգայնական մեկ այլ կառույցի` Աջ սեկտորի առաջնորդ Դիմիտրի Յարոշի օգտին պատրաստ է քվեարկել ուկրաինացի ընտրողների 1․6 տոկոսը:

Ընտրողների մոտ 30 տոկոսը, սակայն, առայժմ չի որոշել, թե ում օգտին է քվեարկելու մայիսի 25-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ:

Կիևցի սոցիոլոգները, այդուհանդերձ, կանխատեսում են, որ ընտրողների մասնակցության ցուցանիշը մայիսի 25-ին կարող է ռեկորդային լինել: Հարցման արդյունքների համաձայն` Ուկրաինայի քաղաքացիների 82 տոկոսը հաստատ որոշել է մասնակցել մայիսի 25-ի քվեարկությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG