Մատչելիության հղումներ

Ժողովրդին գարուն են պարտք. Քաղաքացիական նախաձեռնությունները երթ անցկացրեցին


Լեւոն Բարսեղյան. «Բացի 10 կյանքից իշխանությունը ժողովրդին գարուն է պարտք»
please wait

No media source currently available

0:00 0:05:20 0:00

Լեւոն Բարսեղյան. «Բացի 10 կյանքից իշխանությունը ժողովրդին գարուն է պարտք»

Կեսօրին մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ ծաղիկներ դրեցին 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների կիզակետում գտնվող Մյասնիկյանի արձանի պատվանդանին։

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը իր հետ խորհրդանշական մոլոտովի կոկտեյլ էր բերել։

«Մարտի 1-ին պետք է հիշեցնել, որ եթե ժողովրդի դեմ ուժ է կիրառվում, ժողովուրդը պաշտպանության իրավունք ունի, և այդ իրավունքը արդեն պարտադրություն է։ Մենք եկել ենք այստեղ, որ մարտի 1-ից հետո գա մարտի 2-ը։ Մենք ապրում ենք անվերջանալի մի հայկական ձմռան մեջ, և գարունը չի բացվում։ Փորձենք այս տարի, սա պայքարի խորհրդանիշ է»,- ասաց Խզմալյանը։

Առաջին մոմը պատվանդանին վառեց «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը.- «Ցանկացած պետություն նման կարգի ողբերգություններ կանխում է առաջին հերթին պատասխանատվության կանչելով մեղավորներին։ Մեր պետությունը դա չարեց, և պատահական չէ, որ այս օրերին մենք ունենք այն իրավիճակը, թե ո՞վ է արել Մարտի 1-ը, ո՞վ է մեղավոր, ո՞վ իրավունք ունի խոսել Մարտի 1-ի մասին, ո՞վ իրավունք ունի խոսել ժողովրդի մասին, այդ տասը զոհերի անունից»։

Ծաղիկների տեղադրումից հետո մեկնարկեց երթը։ Գրիգոր Լուսավորիչ պողոտայով ակցիայի մասնակիցները նախ ուղևորվեցին Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն.- «Ռուսաստանի նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանի և նրա հանցախմբի հետ միասին կատարել է հանցագործություն մարդկության դեմ, Քոչարյանի և նրա հանցախմբի հետ միասին Պուտինն էլ ենթարկվելու պատասխանատվության»,- բարձրախոսով հայտարարեց երթի մասնակիցներից մեկը։

Այնուհետև արդեն պողոտայի երթևեկելի հատվածով ակտիվիստները շարունակեցին ճանապարհը, մինչդեռ ոստիկանները պահանջեցին երթը շարունակել մայթով։ Երթի մասնակիցների հաջորդ կանգառը Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկն էր։

«Երիտասարդ է սպանվել այստեղ, ականատեսները պատմում էին, որ ամբողջ 1-1.5 ժամ երիտասարդը դեռ ողջ էր, և ոստիկանները մոտենում էին ու ստուգում էին նրա զարկերակը, բժիշկներ կային վերևում, «Շտապօգնության» մեքենա կար, և թույլ չէին տալիս բժիշկներին, որ մոտենային և վիրավորներին բժշկական օգնություն ցուցաբերեին»,- պատմեց լրագրող Գայանե Առուստամյանը։

Երթը Պռոշյան փողոցով շարունակվեց մինչև Բաղրամյան պողոտա. արդեն նախագահական նստավայրի դիմաց Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ընթերցեց հայտարարությունը, որտեղ նրանք պահանջում էին պատժել մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին։ Հրապարակվեց նաև մեղավորների ցուցակը, որում պաշտոնյաների և օլիգարխների անուններ էին։

«Այն ուժը, որը կիրառվել է քաղաքացիների նկատմամբ, դա կարող էր կիրառվել միայն այդ մարդկանց հրամանով։ Շատ արդյունավետ կլիներ պահանջել այս մարդկանց բերման ենթարկելը»,- ասաց Սաքունցը։

Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեի անդամ Դավիթ Շահնազարյանն էլ Մարտի 1-ը համեմատեց Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։

«Ներկայիս իշխանությունները ձևավորվել են Մարտի 1-ի արդյունքով։ Մենք դիմում ենք նաև միջազգային հանրությանը և չենք թողնի, որ այս հարցը քնեցվի այնպես, ինչպես ներկայիս իշխանությունները, և այսպես կոչված, քաղաքական համակարգի մի մասն են անում։ Այսօր Մարտի 1-ը իր հետևանքներով պատնեշ է ներկայի ու մեր ապագայի միջև։ Մարտի 1-ի ուղղակի հետևանք է, որ հիմա Հայաստանը ուղղակի բռնակցվում է ռուսական կայսրությանը։ Պուտինը այսօր ագրեսիա է իրականացնում Ուկրաինայի նկատմամբ, մենք դա դատապարտում ենք»,- ասաց Շահնազարյանը։

Ակցիայի վերջում մասնակիցները հայտարարեցին, որ իրենց պահանջներին հետևողական են լինելու և ամեն ինչ անելու են, որ մեղավորները պատժվեն։

«Բացի տասը կյանքից այս իշխանությունը ժողովրդին գարուն է պարտք, իշխանությունը ժողովրդին ժողովրդաիշխանություն է պարտք։ Տարակույս չունենաք՝ հասնելու ենք նրան, որ իշխանությունը իշխանազրկվի, հակաժողովրդական ռեժիմները չեն կարող հավերժական լինել։ Տեսնելու ենք մենք այդ օրը»,- հայտարարեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG