Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտ․ «Կոռուպցիան Հայաստանում խարխլում է օրենքի գերակայությունը»


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ելույթ է ունենում Մարդու իրավունքների տարեկան զեկույցի հրապարակման կապակցությամբ, Վաշինգտոն, 27-ը փետրվարի, 2014թ․
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ելույթ է ունենում Մարդու իրավունքների տարեկան զեկույցի հրապարակման կապակցությամբ, Վաշինգտոն, 27-ը փետրվարի, 2014թ․
Մարդու իրավունքների 2013 թվականի զեկույցում, որը հրապարակվեց հինգշաբթի երեկոյան Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը Հայաստանի մասով նախ անդրադառնում է նախագահական ընտրություններին՝ նշելով, որ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) դրանք բնութագրել է որպես արհեստավարժ կազմակերպված, բաց, թափանցիկ, հարգվել են հիմնարար ազատությունները, բայց թերությունները մթագնել են ընտրությունները:

Այդ թերությունների թվում նշվում է պայմանների անհավասարությունը, քվեարկության օրը տեղի ունեցած լուրջ խախտումները, մտահոգությունները ընտրական գործընթացի վերաբերյալ: Անվտանգության ուժերը վերահսկվել են իշխանությունների կողմից, անվտանգության ուժերի որոշ անդամներ խախտել են մարդու իրավունքները:

Նշելով, որ թեկնածուները կարողացել են ազատորեն քարոզարշավ իրականացնել, զեկույցը միաժամանակ արձանագրում է նաև խախտումները, մասնավորապես՝ պետական վարչակազմը անկողմնակալ չի եղել, իշխող կուսակցությանը աջակցելու համար օգտագործվել են պետական ռեսուրսները, ձայներ գնելու մեղադրանքները հավաստի են, շարունակվել են թերությունները Ընտրական օրենսգրքի պահանջները իրականացնելու, ինչպես նաև բողոքները և դիմումները քննելու գործընթացում, ուր ձախողվել է դիմում-բողոքների արդյունավետ բավարարումը:

Պետդեպարտամենտի զեկույցում նշված է, որ տարվա ընթացքում մարդու իրավունքների ամենանշանակալից խնդիրներն են կառավարությունում կոռուպցիան, թափանցիկության պակասը և քաղաքացիների սահմանափակ իրավունքը՝ փոխելու իրենց կառավարությունը, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը:

Իշխանության բոլոր մակարդակներում կոռուպցիայի պնդումները խարխլում են օրենքի գերակայությունը՝ չնայած իշխանությունները սահմանափակ քայլեր են իրականացրել՝ կոռուպցիայի համար պատժելու միջին մակարդակի պաշտոնյաների:

Այլ խախտումներից զեկույցը նշում է բանակում խաղաղ պայմաններում մահվան կասկածելի դեպքերի մասին հաղորդագրությունները, շարունակվող «դեդովշչինան», ծառայակիցների կողմից նորակոչիկներին ծաղրանքի ենթարկելն ու նման գործողությունների համար պատասխանատվության պակասը:

Զեկույցում նշվում է, որ Ոստիկանությունը մեղադրվում է ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով խոշտանգումներ կիրառելու մեջ, ինչպես նաև հաղորդվում է քաղաքացիներին ձերբակալելու ժամանակ նրանց ծեծի ենթարկելու մասին:

Շատ բանտերում չափից ավելի կալանավորներ կան, հակասանիտարական իրավիճակ ու բժշկական անբավարար ծառայություններ բանտարկյալների համար:

Զեկույցը անդրադառնում է նաև քրեական հանցագործություն կատարելու մեջ կասկածվողների ձերբակալություններին՝ նշելով, որ իշխանությունները շարունակել են առանց հիմնավոր կասկածանքների ձերբակալելու, բերման ենթարկելու ու կամայական կալանքի տակ պահելու գործելաոճը:

Դատաքննությունները հաճախ ձգձգվում են, իսկ դատավորները ձախողել են արդար դատավարության օրենքի ապահովումը, նշված է Պետդեպարտամենտի զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG