Մատչելիության հղումներ

«ԵՄ-ն շարունակելու է Հայաստանի հետ համագործակցությունը այլ ոլորտներում»


Եվրամիության և Հայաստանի դրոշները, արխիվ
Եվրամիության և Հայաստանի դրոշները, արխիվ

Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության առաջարկի մի մասն էր, ընդգծում է Ֆրանսիացի քաղաքագետը:

Լոր Դելկուրը, ով Եվրամիության ամենահայտնի քաղաքագետներից է, արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան` ԵՄ-ի հետ երկրի հարաբերությունները հետազոտելու համար, հատկապես Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումից հետո:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քաղաքագետը ասաց, որ ակնհայտ է` Հայաստանը ոչ թե տնտեսական, այլ անվտանգության նկատառումներից ելնելով է որոշել միանալ Մաքսային միությանը:

«Մենք տեսանք, որ երկիրը իսկապես ցանկանում էր համապատասխանել Եվրամիության չափանիշներին, որովհետև ԵՄ-ի համագործակցության ծրագիր ու օրինակ էր ներկայացրել: Հայաստանի համար դա հստակ նպատակ էր այն ժամանակ` Վրաստանի հակամարտության և Թուրքիայի հետ չստացված հարաբերություններից հետո: Միանշանակ, պատկերը հիմա այլ է. Եվրամիությունը վերանայելու է Հայաստանի հետ իր առաջարկները», - նշեց Դելկուրը:

Երկրում աղքատությունը, արտագաղթը, հակամարտությունները և ներքին քաղաքական զարգացումները ուսումնասիրող գիտնական քաղաքագետը կարծում է, որ Եվրամիության հետ մոտ չորս տարի տևած բանակցությունները իզուր չէին. - «Հայաստանը որոշ բարեփոխումներ իրականացրեց Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի բանակցությունների ընթացքում: Ու թեև այս բարեփոխումները լիարժեք գործի չդրվեցին, դրանք որոշակի ազդեցություն կունենան: Հայաստանի համար դժվար է լինելու Եվրամիության չափորոշիչներից անցում կատարել ռուսական ստանդարտներին: Օրինակ՝ սննդի անվտանգության ոլորտում, որտեղ Հայաստանը լուրջ բարեփոխումներ էր կատարել Եվրամիության չափանիշներին համապատասխանելու համար, հիմա պետք է ռուսականին համապատասխանեցնի, ինչը բոլորովին այլ բան է: Հայաստանի համար սա թե՛ ֆինանսապես, թե՛ ադմինիստրատիվ առումով բարդ խնդիր է լինելու»:

Հարցին, թե ինչպե՞ս կբացատրեր Հայաստանի հետ կապված որոշ ծրագրերի ֆինանսավորման շարունակումը Եվրամիության կողմից՝ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի անհաջողությունից հետո, Լաուրա Դելկուրը արձագանքեց․ - «Հարևանության ծրագիրը միայն Ասոցացման համաձայնագրի կամ տնտեսական համագործակցության շուրջ չէ կառուցվում: Երկրներ կան, ինչպես Ադրբեջանը կամ Բելառուսն են, որոնք ինչ-ինչ պատճառներով նույնիսկ չեն սկսել տնտեսական համագործակցության համաձայնագրի բանակցությունները: Այսինքն, բացի Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերից, շատ այլ ծրագրեր կան, որոնք Եվրամիությունը իրականացնում է իր գործընկեր երկրների հետ: Օրինակ՝ վիզաների դյուրացումը. այստեղ Հայաստանը հաստատուն առաջընթաց արձանագրեց: Այնպես որ, Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության առաջարկի մի մասն էր, և այն շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ այլ ոլորտներում»:

Եվրամիությունը հանկարծակիի եկավ Հայաստանի որոշումից, այսպիսի զարգացում ոչ ոք չէր սպասում, «Ազատության» հետ զրույցում ասաց ֆրանսիացի քաղաքագետը: «Եվրամիությունը վստահաբար պատրաստ չէր Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը: Այն պլան Բ չուներ: Հիմա Եվրամիությունը պետք է մշակի այդ պլան Բ-ն այն երկրների համար, որոնք չեն ստորագրելու Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերը; Եվ սա պետք է արվի հատկապես Հայաստանի համար, որը, ի տարբերություն Ադրբեջանի և Բելառուսի, հաջողությամբ ավարտին էր հասցրել բանակցային փուլը», - նշեց նա:

Ինչ վերաբերում է Մաքսային և Եվրասիական միություններին, Լոր Դելկուրը կարծում է, որ, մի կողմից, Խորհրդային Միության փլուզումից հետո դրանք առայժմ տարածաշրջանային ինտեգրացիայի ամենահաջողված փորձերն են, մյուս կողմից, սակայն, «այս առաջարկը գրավիչ չէ շատ երկրների համար՝ հատկապես այն երկրների, որոնք Արևելյան հարևանության ծրագրի մաս են կազմում»: «Ճնշումները միշտ չէ, որ նպաստում են արդյունավետ ինտեգրմանը», - ընդգծեց քաղաքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG