Մատչելիության հղումներ

Մեծ ֆուտբոլը վերադառնում է Եվրոպա


ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի լոգոն
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի լոգոն
Այսօրվանից վերսկսվում է Եվրոպայի լավագույն ակումբների պայքարը Հին աշխարհամասի ամենահեղինակավոր մրցանակի` ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթի համար։ Խմբային մրցաշարն անցյալ տարեվերջին է ավարտվել է, սկսվել է գավաթային ձևաչափը։

Սեփական հարկի տակ և դրսում անցկացրած երկու հանդիպումների արդյունքում հաղթող թիմն անցնում է հաջորդ փուլ։ Այսօր մեկ տասնվեցերորրդն է։

Երևանի ժամանակով ժամը 23:45 «Մանչեսթըր Սիթի»-ն ընդունում է «Բարսելոնա»-ին, իսկ Լևերկուզենի «Բայեր 04»-ը` «Փարիզի «Պարի Սեն Ժերմեն»-ին։

Վաղը Լոնդոնում «Արսենալ»-ը կմրցի Չեմպիոնների լիգայի ներկայիս գավաթակիր, մեկնաբանների համոզմամբ՝ այսօրվա դրությամբ մոլորակի լավագույն թիմի` Մյունխենի «Բավարիա»-ի հետ, նույն օրը նույն ժամին «ԱՑ Միլան»-ը ընդունում է Մադրիդի «Ատլետիկո»-ին։

Հայ ֆուտբոլասերների համար չափազանց հետաքրքիր է լինելու մեկ շաբաթ հետո Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կայանալիք խաղը` Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ն ընդունելու է Դորթմունդի «Բորուսիա»-ին, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը։

Հայազգի աստղը շատ տպավորիչ է սկսել անցյալ տարվա մրցաշրջանը, հետո նրա խաղում, ըստ մասնագետների, որոշակի ճգնաժամ է նկատվել, բայց վերջին մի քանի հանդիպումները Մխիթարյանը մեծ վերելքով է անցկացնում, գեղեցիկ գոլեր է խփում և գրեթե ամեն խաղում նախաձեռնում է դարպասի գրավումով ավարտվող գործողություններ։

Նրա հմուտ անկյունային հարվածներից և խորամանկ փոխանցումներից նախևառաջ օգտվում են «Բորուսիա»-ի ռմբարկու, Լեհաստանի ազգային հավաքականի անդամ Ռոբերտ Լևանդովսկին և Գաբոնի հավաքականի հարձակվող Պիեռ Էմերիկ Օբամայանքը։

Նշենք, որ փետրվարի 25-ին «Զենիթ» - «Բորուսիա» Դորթմունդ հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 21-ին, իսկ դրանից հետո՝ ժամը 23:45 Պիրեուսի «Օլիմպիակոս»-ը կընդունի «Մանչեսթըր Յունայթեդ»-ին։

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մեկ տասնվեցերորդի առաջին խաղերը կավարտվեն հաջորդ չորեքշաբթի օրը` փետրվարի 26-ին «Շալքե» - Մադրիդի «Ռեալ» և «Գալաթասարայ» - «Չելսի» չափազանց լարված հանդիպումներով։ «Ռեալ»-ը 9 անգամ է վաստակել Չեմպիոնների գավաթը։

Ի դեպ, ստամբուլցիների և լոնդոնցիների պայքարն ունի հետաքրքիր ինտրիգ` «Գալաթասարայ»-ի կազմում է Փղոսկրի Ափից Դիդիե Դրոգբան, ով ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների գավաթը մեկ անգամ շահել է՝ հանդես գալով «Չելսի»-ում։ Նա միշտ մեծ սիրով ու հարգանքով է խոսում Լոնդոնում անցկացրած տարիների մասին, «Չելսի»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոն էլ, իր հերթին, միայն գովեստով է խոսում Դրոգբայի մասին։

Մեկ տասնվեցերորդի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 11-19-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG