Մատչելիության հղումներ

ԵՄ ներկայացուցիչը պարզաբանում է ներկայացրել Հայաստանի հետ նիստի կապակցությամբ


Օրեր առաջ Ստրասբուրգում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ Միլան Քաբռնոխը հայտարարություն է արել, որում տեղ են գտել նիստի հետ կապված ԵՄ պարզաբանումները:

Եվրամիության ներկայացուցիչը նշում է, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հանդիպման հիմնական թեման եղել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս դրությունը և ապագա ուղղությունները որոշելը: ԵՄ պատվիրակության համար ամենակարևոր առաջնահերթությունը հենց սա էր, հատկապես Մաքսային միությանը միանալու մասին Երևանի` սեպտեմբերի 3-ի անսպասելի հայտարարությունից հետո:

Հայտարարությունում նշվում է, թե Եվրամիությանը ոգևորում է այն փաստը, որ թե՛ եվրոպացի, թե՛ հայաստանցի խորհրդարանականները համաձայնել են վերանայել 1999 թվականին հաստատված, հնացած, բայց գործող ԵՄ-Հայաստան Գործընկերության և Համագործակցության պայմանագիրը: Փաստորեն` ԵՄ այսպիսով մատնանշում է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները ետընթաց են ապրել դեպի 15 տարի առաջ ընդունված համագործակցության ձևաչափից:

Եվրոպական պատվիրակությունը ափսոսանք է հայտնում, որ թեև նիստին առաջնահերթ հարցերի շուրջ ընդհանուր մոտեցում կար, այդուամենայնիվ, տարբեր ու կապ չունեցող որոշ խնդիրներ ստվերեցին և թույլ չտվեցին համատեղ հայտարարության ընդունումը: Այդուհանդերձ, եվրոպացի օրենսդիրները պարտավորվում են շարունակել համագործակցությունը այն ոլորտներում, որոնք չեն բացառվի Հայաստանի կողմից` Մաքսային միությանը և Եվրասիական միությանը մասնակցելու պատճառով:

Հիշեցնենք` առաջին անգամ Ստրասբուրգում Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը ավարտվել է առանց համատեղ հայտարարության, հայ պատգամավորների խոսքով` Լեռնային Ղարաբաղի հարցում եվրոպացիների կոշտ ու ոչ հայանպաստ ձևակերպումների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG