Մատչելիության հղումներ

Հայաստանը ձմեռային օլիմպիական խաղերում չորս մարզիկ կներկայացնի


Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը և Արման Սերեբրակյանը կներկայացնեն Հայաստանը փետրվարի 7-23-ը Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին:

Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ սա առաջին անգամն է, երբ ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը մասնակցելու է վարկանիշ ձեռք բերած։

«Երկու մարզիկները՝ դահուկորդներ Արթուր Գալստյանը և Սերգեյ Միքայելյանն են նվաճել վարկանիշային միավորներ: Սա թույլ տվեց, որ Կատյա Գալստյանը հատուկ թույլտվությամբ մասնակցի Օլիմպիական խաղերին: Մինչ այս Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցում էինք միայն հատուկ թույլտվությամբ»,- ասաց Գիլոյանը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) սպորտային վարչության պետ Գաբրիել Ղազարյանը նշեց, որ վարկանիշ ձեռք բերելը, որը նաև թույլ կտա մասնակցել Օլիմպիական խաղերին, հեշտ չէ, հատկապես տարիներով ձմեռային մարզաձևերը զարգացրած ու այդ ոլորտում առաջատար երկրների հետ մրցապայքարում:

Չորս մարզիկներից երեքը ներկայացնում են դահուկավազքը, ամերիկաբնակ Արման Սերեբակյանը կմրցի լեռնադահուկային սպորտում: Առաջինը իրենց մրցելույթները կսկսեն դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը՝ փետրվարի 9-ին սքիաթլոն ձևում: Միքայելյանը փետրվարի 23-ին կմրցի նաև ձմեռային օլիմպիադաների ավանդական 50 կմ ազատ ոճի դահուկավազքում, որով սովորաբար ավարտվում են ձմեռային օլիմպիական խաղերը:

Հայաստանը ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցում է 1994 թվականից: Ամենալավ արդյունքները գրանցվել են 2000-ականներին, սակայն ի տարբերություն ամառային օլիմպիական խաղերի, հաջողություններ այստեղ շատ չունենք:

«Մարզիչներից է, գույքից է, պայմաններից է, ֆինանսավորումից է: Ձմեռային մարզաձևերը ավելի թանկ են։ Օրինակ, դահուկորդները որպեսզի լավ քսուկներ օգտագործեն, որոնք դահուկը ավելի արագընթաց են դարձնում, պետք է մեծ գումարներ ծախսեն, մեկ տուփը 2-3 հազար եվրո արժե»,- ասաց Կարեն Գիլոյանը:

«Վերցնեք թեկուզ մեր գեղասահքը, մեկ բազա ունենք՝ դա Կարեն Դեմիրճյանի անվան համալիրն է: Դա էլ է մասնավոր, բացի այդ՝ սառցադաշտն այնտեղ գործում է մոտ 5 ամիս: Այս դեպքում պետք է ուսումնամարզական հավաքների ուղարկենք մարզիկներին, դրա համար ֆինանսավորում է պետք», - նշեց ՀԱՕԿ-ի սպորտային վարչության պետը:

Հայտնի է, որ Ռուսաստանը մեծ կարևորություն է տալիս այս օլիմպիական խաղերին, սակայն մարզական մեկնաբանի կանխատեսմամբ՝ լավագույն արդյունքները ԱՄՆ-ը և Նորվեգիան ցույց կտան: Իսկ հայաստանցի մարզիկներից իրատեսական ակնկալիքներ ունեն. Գաբրիել Ղազարյանը նշեց, որ Հայաստանի համար լավագույն արդյունքները ցույց տալու համար մարզիկներին պարգևատրումներ են սպասվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG