Մատչելիության հղումներ

Քոչարյանի վերադարձի խնդիր Հանրապետականի օրակարգում չկա


Հովհաննես Սահակյանը Ազատություն TV-ի ուղիղ եթերում, Երևան, 14-ը հունվարի, 2014թ․
Հովհաննես Սահակյանը Ազատություն TV-ի ուղիղ եթերում, Երևան, 14-ը հունվարի, 2014թ․

«Փաստարկներ մենք էլ ունենք, որ կարող ենք բարձրաձայնել, բայց մենք դրա մասին չենք խոսում», - նախկին նախագահին հակադարձում է իշխող կուսակցության խմբակցության քարտուղարը:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի և, մասնավորապես, վարչապետի պաշտոնը նրա կողմից ստանձնելու հարց իշխող Հանրապետական կուսակցության քաղաքական խորհրդում չի քննարկվել, և որևէ նման խնդիր կուսակցության օրակարգում գոյություն չունի: «Ազատության» հետ զրույցում այդ մասին հայտարարեց Հանրապետականի խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

«Մենք իրավական պետություն ենք, մենք ունենք Սահմանադրություն, օրենքներ, եթե որևէ մեկը փորձում է զբաղվել քաղաքականությամբ կամ որևէ գործողությամբ, և դա օրենքներին կամ այլոց չի խանգարում, ես կարծում եմ՝ ազատ է իր գործողությունների կամ ընտրությունների մեջ: Որոշելու կամ վերադառնալու կամ չվերադառնալու որոշման իրավունքը պարոն Քոչարյանինն է», - ասաց Սահակյանը:

Հարցին՝ արդյոք Հանրապետականը որևէ դեպքում կզիջի՞ վարչապետի պաշտոնը Քոչարյանին, կուսակցության խմբակցության քարտուղարը արձագանքեց․ - «Հանրապետականը այսօր ունի իր ծրագրերը, ունենք ընտրված նախագահ՝ Հանրապետական կուսակցության թիմի ղեկավար, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, և ունենք մեր ծրագրերը՝ մեր ծրագրերով առաջնորդվում ենք: Չեմ կարծում, որ պետք է քննարկումը տանենք այն ուղղությամբ, թե կզիջի թե ոչ: Մենք չենք տեսնում դրա նախ առիթը, պատճառը»:

Երկրորդ նախագահի կողմից վարչապետ Տիգրան Սարգսյանի քննադատության կապակցությամբ Հովհաննես Սահակյանն ընդգծեց․ - «Եթե չեմ սխալվում, Ռոբերտ Քոչարյանի հենց պաշտոնավարման ժամանակ է, որ տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը՝ որպես այդպիսին, Կենտրոնական բանկի ղեկավար եղել է Տիգրան Սարգսյանը, և չեմ հիշում որևիցե մի դեպք, երբ նմանատիպ քննադատության ինչ-որ առիթ լինի կամ խոսք լսած լինեմ առնվազն ես»:

«Խնդիրը պետք է մեկ այլ տեսանկյունից նայել: Մենք ունենք մի իրավիճակ, երբ ցանկացած բարեփոխում երբ փորձում ես իրականացնել, չգիտես ինչու չարախնդողները, ավելի վատ կողմից ներկայացնողն ավելի շատ են, քան թե կառուցողական քննադատող, այդ բնույթի ելույթ ունեցողները», - հայտարարեց Հանրապետական խմբակցության քարտուղարը:

Օրերս տված հարցազրույցում Քոչարյանի մատնանշած փաստերի առնչությամբ, մասնավորապես՝ գազային պայմանագրի հետ կապված, թե, փաստորեն, Հայաստանի կառավարությունը ընդհանրապես դիտորդի կարգավիճակում է հայտնվել, և որ կառավարությունը տարիներ շարունակ գաղտնի է պահել գազի թանկացումը, Սահակյանը ասաց․ - «Պետք է հիշենք, որ նախկինում այդ բաժնեմասերը եղել է 45, 45 և 10 և չգիտես ինչու դարձել է 20 տոկոս [Հայաստանի բաժնեմասը «ՀայՌուսԳազարդ»-ում]: 45-ը ավելի ավելի մեծ բաժնեմաս էր, երբ դարձավ 20 տոկոս, և սրա մասին չգիտես ինչու չենք խոսում»:

«Եթե մենք խոսում ենք 300 միլիոնի մասին կամ խոսում ենք գաղտնի պահելու մասին, նմանատիպ մի շարք փաստարկներ մենք էլ ունենք, որ կարող ենք բարձրաձայնել, խոսել․ եթե ես չեմ սխալվում, նույն էներգետիկ բլոկի համակարգի վաճառքի ժամանակ, երբ խոսքը գնում էր 98 միլիոնի մասին, և մի գիշերվա ընթացքում դարձավ չգիտես ինչու 114 միլիոն», - շարունակեց հանրապետական պատգամավորը:

«Եթե խոսում ենք «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի մասին, ապա կարելի է նույն մութ, չգիտես ինչու, առանց տարբեր քննարկումների, հասարակական ավելի լայն զանգվածների, ապա այն ժամանակ էլ չի եղել դա: Բայց մենք դրա մասին չենք խոսում, չենք խոսել, չենք հասարակությանը տրամադրել, չենք չարախնդացել: Մենք տեսնում ենք, որ նախկինում էլ նման գործարքներ եղել են, բայց հասարակությանը այս ձև որևէ մեկը չի տրամադրել», - հայտարարեց Հովհաննես Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG