Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Անդամակցությունը Մաքսային միությանը խթանելու է Հայաստանի տնտեսությունը


Վարչապետ․ Անդամակցությունը Մաքսային միությանը խթանելու է Հայաստանի տնտեսությունը
please wait

No media source currently available

0:00 0:05:29 0:00
Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացրել է հիմա, այլ ոչ թե երեք տարի առաջ, քանի որ մինչ այդ առաջադրվող պայմաններն անընդունելի էին:

Այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տարեվերջյան հանդիպմանը վարչապետը հայտարարեց, որ 2012 թվականի օգոստոսին, երբ Հայաստանի և
Ռուսաստանի նախագահները հանդես եկան քաղաքական հայտարարությամբ, արդեն իրավիճակ էր փոխվել և բանակցությունների արդյունքում որոշվել էր Հայաստանի պարագայում կիրառել այլ, շատ ավելի ձեռնտու գործիքակազմ:

Ինչ վերաբերում է ընդհանուր սահման չունենալու հանգամանքին, ապա այդ խոչընդոտը չեզոքացնելու համար, Կալինինգրադի օրինակով, դարձյալ յուրահատուկ և Հայաստանի համար ձեռնտու գործիքակազմ կգործադրվի, ասում է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը փաստում է, որ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում, հաշվի առնելով Հայաստանի բավականաչափ լիբերալ, ցածր տոկոսադրույքներով մաքսային համակարգը, մի շարք ապրանքատեսակների գծով գնաճ կարձանագրվի: Սակայն օգուտները գերակշռելու են, վստահեցնում է վարչապետը, համոզմունք հայտնելով, որ անդամակցությունը Մաքսային միությանը խթանելու է Հայաստանի տնտեսությունը, քանի որ տեղական ապրանքները սպառման լավ շուկա կստանան:

«Մեր քաղաքացիների համար դա առաջին հերթին պետք է զգացվի նրանով, որ Մաքսային միությանն անդամակցությունը ստեղծում է հիմքեր կայուն տնտեսական աճի համար: Երկրորդը, որ ըստ մեր պայմանավորվածությունների, մեծածավալ ուղղակի ներդրումներ են լինելու», - նշեց Տիգրան Սարգսյանը:

Գազային վիճահարույց պայմանագրերը, վարչապետի կարծիքով, Հայաստանի համար հաջողված պայմանագրեր են: Այս հարցի շուրջ եղան առավելապես շահարկումներ, բայց ոչ՝ բովանդակային քննարկումներ, ասաց վարչապետը: Նախ՝ այն մասին, թե ինչու գազի թանկացման մասին տարիներ շարունակ ոչինչ չի ասվել․ այն պատճառով, որ վերջին տարիներին շարունակ ընթացել են բանակցություններ, և «Գազպրոմը» սկզբնապես հայկական կողմին առաջադրել է անընդունելի պայմաններ: Ի վերջո, բոլոր խնդիրները կարգավորվել են, և հանգամանքը, որ հայկական կողմը վաճառել է «Հայռուսգազարդում» իր 20 տոկոսի բաժնեմասը, ամենևին էլ ինքնիշխանության զիջման մասին չի խոսում: Հինգ տարվա երաշխավորված էժան գազի դիմաց Հայաստանը, բանակցությունների արդյունքում, տվել է 150 միլիոն դոլար, մնացյալ 150 միլիոն դոլարի պարտքը «Գազպրոմի» առջև իր վրա է վերցրել «Հայռուսգազարդը»: Իսկ այն, որ «Գազպրոմի» հետ պայմանագրերի անխափանությունը 30 տարով երաշխավորվել է, պարզապես անհրաժեշտ է երկարաժամկետ ու շահավետ օտարերկրյա ներդրման տեսանկյունից: Վարչապետի ներկայացմամբ, դաշտը մրցակցային չէ, ավելին՝ սակագները կարգավորվում են Հայաստանի պետության կողմից: Հետևաբար չի կարող լինել անկանխատեսելի վարքագծի ռիսկ: Մինչդեռ հակառակ պարագայում ներդրողը պարզապես չեր համաձայնի գալ և ներդրում անել: Նույն սկզբունքը, ըստ վարչապետի, գործել է ամերիկյան ներդրողի պարագայում, որը պատրաստվում է ձեռք բերել Որոտանի կասկադը:

«Ինքնիշխանության վտանգ կա այն դեպքում, երբ որ իշխանությունները ներդրողների համար չեն ստեղծում բարենպաստ միջավայր: Այ սա է վտանգում մեր պետությունը, բայց ոչ թե երբ որ մարդիկ գալիս են ներդրումներ են անում, և վստահ են, որ իրենց ներդրումները իրենց համար ապահովելու են երկարաժամկետ հատվածում եկամտաբերության որոշակի մակարդակ», - մեկնաբանեց Տիգրան Սարգսյանը:

Օլիգոպոլիաների և մենաշնորհների մասին․ Տիգրան Սարգսյանի խոսքով, կառավարությունն ընդունում է, որ այդ խնդիրը կա և լուրջ խոչընդոտ է Հայաստանի տնտեսության համար: Սակայն դրա դեմ պայքարի ծրագիր կա, որը հետևողականորեն կյանքի է կոչվում, ասում է նա, նշելով, որ այդ պայքարի մասին կարելի է դատել որոշ օլիգարխների կողմից ֆինանսավորվող ԶԼՄ-ների հրապարակումներից: Եթե դրանք կան, ուրեմն ցավոտ կետի ենք կպել, ասում է Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ զուգահեռաբար քայլեր են արվում փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, քանի որ հենց դա է Հայաստանի ապագան․ - «Եթե այս խնդիրը չլուծեցինք, մենք կվտանգենք մեր պետության ապագան»:

Այս տարվա սկզբում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այն կառավարությունը, որը 2013-ից 17-ի շրջանում տարվա կտրվածքով չապահովի 7 տոկոսի աճ, ապա պետք է հրաժարական տա: Ինչպե՞ս է այժմ կառավարությունն արձագանքում նախագահի այս հայտարարությանը․ «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին ի պատասխան Տիգրան Սարգսյանը, խուսափելով հրաժարականի մասին խոսելուց, նշեց, թե նախագահի հիշյալ հայտարարությունն իրենց համար նախ և առաջ ավելի լավ աշխատելու ուղենիշ է․ - «Կարծում եմ, առաջին հերթին հենց հանրապետության նախագահն այս հարցին տվել է իր հստակ պատասխանը և բացատրությունը: Մեր քաղաքական թիմի ղեկավարը մեր առջև դրել է ավելի խիստ թիրախային ցուցանիշ: Դրա նպատակն այն է, որպեսզի կառավարության անդամներն առավելագույնն անեն մեր երկրի տնտեսական աճն ապահովելու գործում»:



Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաև կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին: Վարչապետի բնորոշմամբ, դա պարզապես կենսական է Հայաստանի պարագայում, քանի որ 500 հազար հարկատուն չեն կարող ըստ արժանվույն կենսաթոշակ գոյացնել 520 հազար թոշակառուների համար: Ժամանակն է, որ երիտասարդներն իրենք ևս, պետության հետ մեկտեղ, պատասխանատվություն ստանձնեն իրենց ապահով ծերության հարցում: Հակառակ դեպքում աղքատ և ծայրահեղ աղքատ թոշակառուների թիվը Հայաստանում միայն ավելանալու է:

Նաև հարց հնչեց կապված օֆշորային սկանդալի հետ: Վարչապետին խնդրեցին մեկնաբանել այն տեղեկատվությունը, ըստ որի Վարդան Օսկանյանի բարեկամ մի կին է գրանցել վարչապետին վերագրվող օֆշորային ձեռնարկությունը: Սարգսյանն ի պատասխան ասաց, թե ինքն ամենաշահագրգռված մարդն է, որ այս պատմությունը մինչև վերջ բացահայտվի:

«Մի բան արդեն պարզ է, որ այդ ձեռնարկության գրանցման հետ ես ոչ մի առնչություն չունեմ», - ասաց Սարգսյանը, հավելելով, թե ինչ դարձել է վարչապետ՝ Կիպրոսում չի եղել և հույս հայտնելով, որ հետաքննող լրագրողները կանդրադառնան այդ տեղեկատվությանը, որ հիշատակված կինը անգամ մահացած մարդկանց անունով է ձեռնարկություն գրանցել: Վարչապետը նաև հույս հայտնեց, որ Վարդան Օսկանյանն ինքը պարզաբանումներ կներկայացնի՝ մասնավորապես, այն մասին, թե արդյո՞ք այս տեղեկատվության ակունքներում հենց ի՞նքն է:

Եվ վերջում՝ վարչապետի քաղաքական ապագային վերաբերող մի հարց: Հնարավո՞ր է արդյոք, որ Տիգրան Սարգսյանն առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում: Այս հարցին ի պատասխան վարչապետը նշեց, թե իր քաղաքական թիմի օրակարգում այժմ նման հարց չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG