Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը «հաջողված» է համարում ավարտվող տարին


Գյուղնախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփում է տարին: 25-ը դեկտեմբերի, 2013 թ.
Գյուղնախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփում է տարին: 25-ը դեկտեմբերի, 2013 թ.
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ավարտվող 2013 թվականը հաջողված է համարում ոլորտի գրեթե բոլոր ճյուղերի համար:

Նախորդ տարիների համեմատ, ինչպես լրագրողների հետ հանդիպմանը այսօր փոխանցեց նախարարը, ավելացել են գյուղատնտեսական արտադրանքի արտահանման և մթերման ծավալները, անասունների գլխաքանակն ու ստացված բերքը. - «Կարելի է տարին համարել հաջողված գյուղատնտեսության համար, հաջողված, արդյունավետ և բերքառատ: Հատկապես այս տարի մթերման ծավալներն ավելացել են, և մենք լուրջ ձեռքբերումներ ունեցանք հատկապես գյուղատնտեսական մթերքների արտահանման առումով»:

Հիշեցնենք, այդուհանդերձ, որ տարվա ընթացքում գյուղացիները դժգոհում էին մթերման ցածր գներից, մթերող գործարանների մոտ օրերով հերթ կանգնելուց: Նրանք նաև դժգոհում էին, որ բարձր գները իրենց համար անհասանելի են դարձնում ոռոգման ջուրը, պարարտանյութերը, գյուղտեխնիկան: Շատերին այս ամենը ստիպում է բռնել արտագաղթի ճամփան:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով`գյուղերից արտագաղթը տարեցտարի ավելանում է, քանի որ խոշոր հողատերերը` հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներ ու օլիգարխներ, շարքային գյուղացուն պարզապես դուրս են մղել ապրանքային շուկայից:

«Դրանք շատ հայտնի մարդիկ են: Խոշոր հողատերերից է Հովիկ Աբրահամյանը, Մանվել Գրիգորյանը, Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանը… Կարելի է երկար թվարկել: Իսկապես մթերողները` հյութ արտադրողները, տոմատ արտադրողները, գինի արտադրողները հիմա շատ մեծ հնարավորություն ունեն միանգամից 1, 2, 3, 5, 10 մարդուց վերցնել այն մթերքը, որ հազարավոր մարդկանցից պետք է մթերեին: Եվ այդ հազարավոր մարդիկ հիմա դուրս մղվեցին ուղղակի և' արտադրողների, և' նույնիսկ շուկայի վաճառքի դաշտից: Ավելին, նույնիսկ հողը` որպես ապրանք անիմաստ դարձավ գյուղացիների ձեռքին»:

Ազգագրագետի պնդմամբ` դրական ցուցանիշները գյուղատնտեսության ոլորտում գրանցվել են նշված մի քանի տասնյակ խոշոր հողատերերի և ֆերմերների հաշվին. - «Մեկը գյուղնախարարին հարցներ, թե, օրինակ, գյուղական աղքատության տոկոսը գյուղատնտեսական արտադրանքի այդպիսի առատության դեպքում ինչ-որ փոփոխություն կրե՞լ է: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ աղքատության պատկերի մեջ միայն բացասական փոփոխություն պետք է լինի»:
XS
SM
MD
LG