Մատչելիության հղումներ

Հայաստանը նախընտրեց ՄՄ-ն՝ «Եվրոպայի և Ռուսաստանի առճակատման արդյունքում»


Հայաստանը նախընտրեց ՄՄ-ն՝ «Եվրոպայի և Ռուսաստանի առճակատման արդյունքում»
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00
Հանրային խորհրդի նախագահ, «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանի համոզմամբ՝ Հայաստանը նախընտրեց Մաքսային միությունը Եվրոպայի և Ռուսաստանի առճակատման արդյունքում:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ էր Հայաստանը երեք ու կես տարի բանակցում Եվրամիության հետ, եթե միևնույն է ստիպված գնալու էր Մաքսային միություն, Վազգեն Մանուկյանը բացատրեց, թե Հայաստանին թվում էր, որ երկու տեղում էլ հնարավոր է լինել: Եվ հետո Մաքսային միության ղեկավարությունը լուրջ չէր քննարկում Հայաստանի միացումը այդ միությանը, որովհետև ընդհանուր սահման չունեին: Բայց Եվրոպայի առաջ քաշած նախապայմաններից հետո փոխվեց նաև Ռուսաստանի մոտեցումը: Մանուկյանի համոզմամբ՝ այս կերպ իրականում երկու կողմերն էլ ուղերձ էին հղում պաշտոնական Կիևին:

«Երեք ու կես տարի ոչ Ռուսաստանը, ոչ Եվրոպան ձայն չէին հանում, որ անհամատեղելի է երկու միությունում լինելը, Եվրոպան բարձրացրեց այդ հարցը։ Մեզ թվում էր, թե մենք կարող էինք Ռուսաստանի հետ ստրատեգիական պարտնյորությունը շարունակել, միևնույն ժամանակ Եվրամիության ասոցացված անդամ դառնալ, և դա շատ խելոք քայլ կլիներ։ Բայց ինչ-որ պահից հետո Եվրոպան հայտարարեց՝ «կամ էս կողմ, կամ էն կողմ, չես կարող երկու հարաբերությունները շարունակել»։ Դա միանգամից բորբոքեց Ռուսաստանի ղեկավարությանը։ Եվ մենք փաստորեն մենք ընկանք երկու «թասիբների» արանքը»,- ասաց Մանուկյանը։

«Բնականաբար, երկու կողմից ճնշումներ կային, բայց բնական ընթացքը բերեց սրան, ստիպված քայլ էր դա»,- շարունակեց նա։

Վազգեն Մանուկյանի համոզմամբ, եթե Հայաստանը հակառակվեր Ռուսաստանին և ասեր, թե միևնույն է գնում է Եվրամիության հետ ասոցացվելու, ապա անմիջապես Անդրկովկասում լարվածություն կառաջանար ոչ միայն տնտեսական, այլ ռազմական առումով:

Հայասանի պաշտպանության նախկին նախարարը ընդգծում է, թե պատահական չէր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու քայլը: Հետևաբար այս իրավիճակում Հայաստանը որևէ այլ որոշման հնարավորություն չուներ, քան համաձայնել մտնելու Մաքսային միություն:

«Այսինքն այդ դեպքում պետք է հրաժարվեինք Ռուսաստանի հետ կապել մեր անվտանգության հարցերը, Ռուսաստանն էլ այն պետությունը չէ, որ հեշտությամբ է դա կուլ տալիս։ Ես պատահական չեմ համարում, որ Հայաստանում այդպիսի ցույցեր չեղան, չնայած մեր երիտասարդության մեջ մեծ հատված կա, որ ապագան տեսնում է Եվրոպայի հետ, բայց բոլորն էլ բնազդով հասկանում էին, որ բոլոր գայթակղությունների հետ միասին կան լուրջ ազգային պրոբլեմներ։ Կարծում եմ, որ այդ տեսակետից Հայաստանում ճիշտ վարվեցին և ընդդիմությունը, և իշխանությունը, որ չբորբեքեցին դա»,- ասաց Մանուկյանը։

Հանրային խորհրդի նախագահը համաձայն չէ այն տեսակետների հետ, թե Մաքսային միությունը, իսկ հետագայում էլ ստեղծվելիք Եվրասիական միությունը կարող են հիմք հանդիսանալ Խորհրդային Միության վերակենդանացման համար, և Հայաստանը կարող է ավելի ավտորիտար պետություն դառնալ։

«Սրանից ավելի՞»,- հարցնում է Մանուկյանը.- «Եվրոպայի ճնշումը [բարեփոխումների, ժողովրդավարության ուղղությամբ] մնալու է։ Ես չեմ կարծում, որ մենք քայլեր կտեսնենք դեպի նահանջ ազատությունների հարցում, բացի այն քայլերից, որ արդեն տեսել ենք 95-ից մինչև հիմա։ 95 թվից մինչև հիմա մենք նահանջ ենք ապրել, 95 թվի ժողովուրդը և հիմիկվա ժողովուրդը նո՞ւյնն են։ Այն ժամանակ ժողովուրդը համոզված էր, որ էս պետությունը իրենն է, ինքն է որոշում երկրի ապագան, գնում էր ընտրությունների, պայքարող, բոցկլտացող աչքերով ժողովուրդ էր։ Հիմա ժողովրդին սովորեցրեցին, որ քեզանից բան չի կախված։ Դրա՞նք էին Եվրոպայից ստացած ազատությունները։ Չէ, մինչև մենք ինքներս մեր երկիրը ազատ չդարձնենք, Եվրոպայի հետ հույս մի կապեք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG