Մատչելիության հղումներ

Գերմանիայի դեսպան․ Չի բացառվում, որ Մաքսային միությունը կդառնա քաղաքական միություն


Գերմանիայի դեսպան․ Եվրասիական միությունը ի վերջո կդառնան քաղաքական միություն
please wait

No media source currently available

0:00 0:02:48 0:00
Եվրամիության ամենաազդեցիկ երկրներից մեկի՝ Գերմանիայի դեսպանը չի բացառում, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղված Մաքսային միությունը, իսկ այնուհետև միության հիմքի վրա ստեղծվելիք Եվրասիական միությունը ի վերջո կդառնան քաղաքական միություն, և անդամ երկրները կզրկվեն անկախ արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից:

Մեր կողմից հիշեցնենք, որ Ռուսաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ ձևավորվող Մաքսային միությունը կոչված է զուտ տնտեսական խնդիրներ, մինչդեռ թե՛ հետխորհրդային երկրներում, թե՛ Արևմուտքում շարունակում են հնչել մտահոգություններ, թե Կրեմլի իրական նպատակը Խորհրդային Միության վերստեղծումն է: Հանրահայտ են Պուտինի խոսքերն այն մասին, որ ԽՍՀՄ փլուզումը 20-րդ դարի աշխարհաքաղաքական խոշորագույն աղետն էր:

«Չեմ առարկում, որ դա կարող է տեղի ունենալ, բայց չեմ էլ կարծում, որ դա հարյուր տոկոսով իրագործելի է, քանի որ հենց հիմա մենք ականատեսն ենք, թե որքան դժվար է իրագործվում Մաքսային միության գաղափարը: Եվ Մաքսային միությունը դեռ լիարժեք կայացած միություն չէ, այլ այն գործընթացի մեջ է: Անշու՛շտ, կարելի է քարոզչության միջոցով ասել, որ սա իրականություն է դարձել, բայց թե որքա՞ն է այդ քարոզչության ետևում եղածը կենսունակ կամ հնարավոր իրագործել, դա այլ հարց է», - «Ազատությանը» հետ զրույցում այսօր ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, - «Եվ մի բան էլ հաշվի չենք առել, սակայն սա շատ կարևոր է՝ դա երկրների քաղաքացիական հասարակություններն են: Ի վերջո, քաղաքացիական հասարակություններն էլ ունեն իրենց պատկերացումները, ակնկալիքները, պահանջները իրենց երկրներից և կարող են որոշիչ գործոն հանդիսանալ երկրների կայացրած որոշումներում: Թերևս սա այժմ այդքան էլ չի երևում, սակայն հետագայում այն կարող է զարգացում ապրել ու երևալ, ինչի ականատեսն ենք այժմ Ուկրաինայում»:

«Երբ նշում եք, մենք տեսնում ենք, թե որքան դժվար է Մաքսային միության և հետագայում ստեղծվելիք Եվրասիական միության կառուցման ճանապարհը, դուք նկատի ունեք այն դիմադրությո՞ւնը, որը կա հետխորհրդային երկրներում՝ հասարակությունների գերակշիռ մասը դեմ են հանդես գալիս այդ գաղափարին, օրինակ՝ Ուկրաինայում»,֊- հարցրեցինք Գերմանիայի դեսպանին:

Ռայներ Մորելը արձագանքեց․ - «Այո, կարծում եմ, որ այդպես է: Առհասարակ, եթե կոպիտ համեմատություն անենք արևմտյան ու արևելյան երկրների միջև, կպարզենք, որ գոյություն ունի մի տարբերություն․ արևմտյան երկրներում ժողովուրդը ավելի մեծ մասնակցություն ունի քաղաքական գործընթացներում և ոչ թե սոսկ նրա համար, որ ուղղակի մաս կազմի քաղաքականությանը, այլ որ քաղաքականությունը լինի հօգուտ ժողովրդի: Սակայն ասեմ, որ այս մոտեցումը աստիճանաբար հաստատվում է նաև արևելյան երկրներում: Առհասարակ, եթե կոպիտ համեմատություն անենք արևմտյան ու արևելյան երկրների միջև, կպարզենք, որ գոյություն ունի մի տարբերություն․ արևմտյան երկրներում ժողովուրդը ավելի մեծ մասնակցություն ունի քաղաքական գործընթացներում և ոչ թե սոսկ նրա համար, որ ուղղակի մաս կազմի քաղաքականությանը, այլ որ քաղաքականությունը լինի հօգուտ ժողովրդի: Սակայն ասեմ, որ այս մոտեցումը աստիճանաբար հաստատվում է նաև արևելյան երկրներում»:

Անդրադառնալով Մաքսային միությանը միանալու Հայաստանի նախագահի՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում արված և շատերի համար անակնկալ դարձած հայտարարությանը, Գերմանիայի դեսպանը նշեց, թե Հայաստանի իշխանությունները պետք է հաշվետու լինեն հասարակությանը՝ իրենց կայացրած որոշումների համար:

«Այո՛, կառավարությունը պետք է հաշիվ տա ժողովրդին՝ առաջին հերթին օգտագործելով խորհրդարանը: Ազգային ժողովը իրավունք ունի և կարող է հարցեր տալ ու պարզաբանումներ ակնկալել կառավարությունից՝ համապատասխան քայլերի, որոշումների համար: Երկրորդ, այո՛, կառավարությունը պետք է մերթընդմերթ հանդես գա հայտարարություններով՝ իրազեկելու ժողովրդին, թե ինչու՞ է արել կամ չի արել այս կամ այն քայլը և դա կարևոր է նաև այն առումով, որ այդպես կառավարությունը կարող է ստանալ ժողովրդի աջակցությունը», - ասաց դեսպանը: Մորելը հավելեց, թե սա մի գործընթաց է, որին պետք է վարժվել․ - «Մեզ մոտ նույնպես դա միանգամից տեղի չի ունեցել: [Թեև] կառավարությունը իր հերթին տվել է որոշ բացատրություններ՝ ինչու՞ է որոշում կայացրել Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ ու նշել է անվտանգության հարցը, տնտեսական հարցեր, գազի հարցը: Միաժամանակ՝ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ կշարունակի բարեփոխումների ճանապարհը, որը որդեգրել է Եվրամիության կառույցների հետ միասն»

Դեսպանի հետ խոսեցինք նաև Ուկրաինայում շարունակվող ժողովրդական հուզումների մասին: Ռայներ Մորելը կարևորեց այն աջակցությունը, որը եվրոպական գործիչները ցուցաբերում են Ուկրաինային: Օգտվելով առիթից՝ Գերմանիայի դեսպանին ուղղեցինք այն հարցը, որը վերջին շրջանում չի իջնում հայաստանյան լրատվամիջոցների էջերից՝ Եվրոպան, Միացյալ Նահանգները, որոնք այժմ նման կերպ միջամտում են ուկրաինական զարգացումներին, ինչո՞ւ նույն կերպ չարձագանքեցին 2008թ․ մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին:

«Լավ հարց է, որին սակայն չեմ համարձակվում պատասխանել, քանի որ այն ժամանակ ես Հայաստանում չէի ու չեմ կարող իրավիճակը հստակորեն գնահատել: Արդեն 5 տարի է անցել այդ դեպքերից և նաև փոխվել է իրավիճակը, զարգացումներ են եղել, առաջընթաց է ապրել ժողովուրդը: Տարիներ անց չեմ կարող ասել, թե ինչպիսի՞ն է եղել իրավիճակը այն ժամանակ: Թերևս ավելի ճիշտ կլիներ ավելի շատ համերաշխություն ցուցաբերել կամ ավելի շատ անել, քան արվել, է, բայց չեմ կարող ասել, քանի որ խոսքը այնպիսի պատմական իրավիճակի է վերաբերում, որին ես անմիջական մասնակցություն չեմ ունեցել և չէի ցանկանա շահարկումներով զբաղվել», - ասաց Գերմանիայի դեսպանը:

Արձագանքելով ԵՄ-Հայաստան հետագ ընթացքին վերաբերող հարցին Ռայներ Մորելը նշեց․ - «Առաջին հերթին գնահատում եմ այն, որ բանակցությունները [Եվրամիության ու Հայաստանի միջև] շարունակվում են, որ որևէ բան չի ընդհատվել: Երկրորդ՝ գնահատում ենք նաև այն, որ Հայաստանի կառավարությունը իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու համագործակցությունը Եվրամիության հետ: Մյուս դրական գործոնն այն է, որ ԵՄ՝ իր հերթին ողջունել է հետագա համագործակցությունը, արտահայտել է իր պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը: Այսինքն, կան բոլոր նախադրյալները՝ հետագա համագործակցության համար, և սա արդեն դրական է: Հիմա պետք է նայել բովանդակությանը: Ինչի՞ մասին պետք է բանակցել, ի՞նչ ամրագրել: Այստեղ նույնպես երկու կողմերը բավականին միակարծիք են: Մի կողմ թողնենք Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի մասին պայմանագիրը, Ասոցացման համաձայնագրի շատ դրույթներ կշարունակեն լինել բանակցությունների առարկա: Կարելի է նաև օգտվել Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի որոշ կետերից՝ դրանք վերցնել և փորձել մասը դարձնել նոր՝ բանակցվող փաստաթղթի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG