Մատչելիության հղումներ

Հայրիկյան. «ՄՄ-ն ամենավատ շարունակությունն էր Հայաստանի համար»


«Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքով` չնայած Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելը Հայաստանում այնպիսի արձագանք չստացավ, ինչպես Ուկրաինայում, վստահաբար Հայաստանում եվրաինտեգրման կողմնակիցները ավելի շատ են, քան Մաքսային միության աջակիցները:

Հենց եվրոպամետ քաղաքացիների հետ հանդիպման նպատակով այսօր ԱԻՄ-ը նախաձեռնել էր երթ՝ ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության: Մինչև երթը Հայրիկյանը ընթերցեց միավորման անդամների հայտարարությունը. - «Մաքսային կոչված այս արհեստածին միությունը, որ ընդամենը Ռուսաստանի կայսերապաշտական քաղաքականության մի նոր դրսևորում է, չի կարող և չպետք է դիտարկվի որպես Հայաստանի ապագա: Այս վճիռը օրվա իշխանավորների, օրվա նախագահի անձնական վճիռն է և աղերս անգամ չունի մեր ժողովրդի երազանքների, ձգտումներ հետ ու չի բխում մեր երկրի շահերից»:

Ըստ Հայրիկյանի` նախագահ Սերժ Սարգսյանը այդ որոշումը կայացնելով` փոխեց Հայաստանի զարգացման ուղին, որն ընտրվել էր 20 տարի առաջ, իսկ այս նոր ուղին սպառում է մեր ինքնիշխանությանը և պարզապես վերադարձ է դեպի անցյալ:

«Մաքսային միություն ամենավատ շարունակությունն էր, որ կարող էր Հայաստանը ընտրել: Շատ է խոսվում Հայաստանի մեկուսացման մասին, Թուրքիայի կողմից սահմանները փակելու մասին: Բայց ակնհայտ մի իրողություն կա. եթե Հայաստանը ստորագրեր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, Թուրքիան` որպես ասոցացված անդամ, ստիպված լիներ բացել սահմանը»:

Հայրիկյանը հայտարարեց, որ երթի իրավունքը զիջում է Նախախորհրդարանին, առավել ևս, որ իրենց նպատակները համընկնում են, և Ազատության հրապարակից մեկնարկեց Նախախորհրդարանի երթը, որի անդամներից Տիգրան Խզմալյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս երթերը, որոնք ամենշաբաթյա են լինելու, տեղեկատվական նպատակ ունեն: Իրենք ցանկանում են համախմբել այն քաղաքացիներին, ում նպատակը ներկայիս իշխանությունների դեմ պայքարն է. - «Մենք ապամոնտաժելու ենք այս համակարգը և ստեղծելու ենք նոր տարում նոր Հայաստան»:

Նախախորհրդարանի անդամները, ովքեր հայտարարում են, որ այլընտրանքային իշխանություն ստեղծելու նպատակով սկսում են ազգային ազատագրական շարժում, այսօրվանից ամեն օր որոշակի ժամերի Կասկադի հարևանությամբ կցուցակագրեն նախաձեռնությանը միանալ ցանկացող քաղաքացիներին:

Ի պատասխան հարցին, թե արդյոք Նախախորհրդարանի, ԱԻՄ-ի կամ նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության նպատակները մեծ մասամբ նույնը չեն, Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը չբացառեց, որ եկող տարում պայքարը կարող է միասնական դառնալ. - «Կարծում եմ, որ այս տարբեր պայքարող, դիմադրող խմբերը մոտենալու են, և դա բնական ընթացքով է տեղի ունենալու: Այսինքն` ես շատ լավատես եմ, որ առաջիկա տարվա ընթացքում այն թունելային վիճակը, որ ամեն խումբ ինքը իր մեջ էր, շատ ավելի բաց ձևով հասունացումը տեղի է ունենալու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG