Մատչելիության հղումներ

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 25 միլիոն եվրո կտրամադրի


Եվրոպական հանձնաժողովը 25 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին` կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքացիական ծառայությունների ոլորտներում բարեփոխումների համար։

Եվրոպական հանձնաժողովի հայտարարության համաձայն` Արևելյան գործընկերության ինտեգրացիայի և համագործակցության ծրագրի այս հավելյալ ֆինանսական աջակցությունը կստանան երեք երկիր` Մոլդովան, Վրաստանն ու Հայաստանը: Ծրագրի ընդհանուր արժողությունը 87 միլիոն եվրո է, այն տրամադրվում է գյուղական բնակավայրերում տնտեսական հնարավորությունները, էներգետիկան, աշխատանքի շուկաներն ու կրթական ոլորտը զարգացնելու և այլ նպատակների համար։

Ամենաշատ ֆինանսավորումը կստանա Մոլդովան` 35 միլիոն, ապա Վրաստանը՝ 27 միլիոն, և ամենաքիչը Հայաստանը՝ 25 միլիոն եվրո: Համաձայն Եվրահանձնաժողովի` այս հավելյալ աջակցությունը տրամադրումը Արևելյան հարևանության երկրներին ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտները բարեփոխելու համար են:

Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսքով` այս տարի երեք երկրներ են միայն պարգևատրվել բարեփոխումների ուղղությամբ իրենց գործադրած ջանքերի համար:

Վրաստանում ԵՄ-ի հավելյալ գումարները կծախսվեն աշխատանքային շուկան զարգացնելու համար, Մոլդովայում` գյուղական բնակավայրերի տնտեսությունը բարելավելու, իսկ Հայաստանում` կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքացիական ծառայությունների ոլորտներում բարեփոխումների համար: Բացի այդ կմեծանա անմիջապես Հայաստանի քաղաքացիական հասարակությանը տրամադրվող ֆինանսական աջակցությունը։

Անցյալ տարի նույն ծրագրով ԵՄ-ն Հայաստանին տրամադրել էր 15 միլիոն եվրո` արդարադատության ոլորտի և կրթական բարեփոխումների համար: Այս տարի ԵՄ-ի աջակցությունը Մոլդովային, Վրաստանին և Հայաստանին մի քանի միլիոնով ավելացվել է, սակայն Հայաստանն այս անգամ էլ ստանում է ամենաքիչ ֆինանսական աջակցությունը, և այս անգամ արդեն ոչ թե պետական ոլորտների, այլ քաղաքացիական հասարակության զարգացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG