Մատչելիության հղումներ

Արցախի առնչությամբ հատվածական քաղաքական խաղերը վնասում են հայկական շահերին


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Քանի որ բոլոր հայերն անխտիր պաշտպանում են Արցախի շահերը, շատերի մոտ հարց է ծագում, թե ինչու Հայաստանի կառավարությունը մինչ օրս չի ճանաչել նրա անկախությունը:

Հայաստանի ղեկավարները մտահոգված են, որ Արցախի անկախության վաղաժամ ճանաչումը կարող է վնաս հասցնել Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման գործընթացին, և հնարավոր է, որ Հայաստանը ենթարկվի միջազգային ճնշման ու պատժամիջոցների: Բացի այդ, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պատերազմ հայտարարի, Հայաստանը այդ ժամանակ կճանաչի Արցախի անկախությունը:

Ընդդիմադիր քաղաքական գործիչները պնդում են, որ Անցախի ճանաչումը վաղուց է հասունացել, և մեղադրում են կառավարությանը նրա անկախությունը պաշտոնապես չճանաչելու համար: Նրանք նաև զարմանում են, թե ինչպես կարելի է ակնկալել Արցախի Հանրապետության ճանաչումն այլ երկրների կողմից, քանի դեռ Հայաստանն ինքն առաջինը չի ճանաչել այն: Ելնելով այս փաստարկներից, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամները պարբերաբար բանաձև են ներկայացնում Հայաստանի Ազգային ժողով` Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու համար: Անկասկած, նման բանաձևերն օրակարգ են բերվում այն անկեղծ համոզմամբ, որ Հայաստանը պարտավոր է ճանաչել Արցախի ազատագրված տարածքը: Սակայն ոմանք պնդում են, որ ընդդիմության իրական մտադրությունն է ծանր կացության մեջ գցել կառավարության մեծամասնությանը, որի անդամները հանդգնություն կունենա՞ն դեմ քվեարկել Արցախի անկախությանը:

Նման բանաձևերն անհարմար իրավիճակներ են ստեղծում ոչ միայն իշխանամետ, այլ նաև մյուս ընդդիմադիր պատգամավորների համար, որոնք ստիպված են լինում աջակցել բանաձևին, որպեսզի սխալ տպավորություն չստեղծվի, թե նրանք դեմ են Արցախի անկախությանը:

Նոյեմբերի 13-ին «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դարձյալ ներկայացրեց նման մի բանաձև, որը վերջնական քվեարկությամբ ստացավ 10 կողմ և 0 դեմ ձայներ: Չնայած ոչ ոք դեմ չէր քվեարկել` բանաձևը չընդունվեց, քանի որ 131 պատգամավորների ճնշող մեծամասնությունը որոշել էր բոյկոտել նիստը, չքվեարկելու համար ընդդեմ Արցախի անկախության:

Զարմանալի է, որ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտոնյաները միանշանակ արձագանքեցին այդ օրինագծին: Արցախի Ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն իր համաձայնությունը հայտնեց Հայաստանի խորհրդարանական մեծամասնության դիրքորոշմանը. - «Այս պահին Արցախի Հանրապետության ճանաչումը նպատակահարմար չէ, քանի որ գոյություն ունեն մի շարք կարևոր խնդիրներ»: Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ևս համաձայնեց, որ. - «Ներկա փուլում Արցախի ճանաչումը կհակասի Հայաստանի շահերին, որովհետև այն կդառնա միակ երկիրը, որ ճանաչել է Արցախը՝ անբարենպաստ իրավիճակ ստեղծելով Հայաստանի համար ներկա պահին»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էլման Աբդուլաևը համաձայն է հայ պաշտոնյաների հետ. - «Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու մասին բանաձևի քննարկումը Հայաստանի խորհրդարանի կողմից բացասաբար կանդրադառնա հակամարտության խաղաղ կարգավորման վրա և կխանգարի այդ գործընթացին»: Ադրբեջանցի քաղաքագետ Ֆիկրատ Սադիխովն ավելի կոշտ արձագանքեց. - «Նման ճանաչումը կլինի լուրջ մարտահրավեր Ադրբեջանին, որը, իհարկե, անպատասխան չի մնա: Երևանը քաջ գիտակցում է, որ նման քայլը Հայաստանի կողմից կհամարվի կարմիր գծի անցում, որը դեռ պահում է Ադրբեջանին իր հողերն ազատագրելու համար ուժային և արմատական քայլերից»: Սադիխովը նաև հավելեց. - «Հայաստանի ղեկավարությունը հասկանում է, որ անջատողական վարչակարգի անկախության ճանաչումով կծայրահեղացնի և կսրի իրադրությունը և կզայրացնի միջազգային կազմակերպություններին ու տարածաշրջանի պետություններին»:

Չնայած Արցախի ճանաչման հնարավոր բարդ հետևանքներին՝ աշխարհասփյուռ հայությունը խանդավառորեն աջակցում է Արցախի Հանրապետության անկախությանը: Սակայն նախընտրելի կլինի, որ նման օրինագծերը խորհրդարանի քննարկմանը ներկայացվեն բոլոր խմբակցությունների համաձայնությունն ապահովելուց հետո միայն: Այլապես, երբ խորհրդարանական ընդդիմադիր մի քանի պատգամավորներ այս հարցն օրակարգ են բերում մեծամասնության ցանկությանը հակառակ, ապա թվում է, որ նրանք զուտ հատվածական շահեր են հետապնդում՝ սխալ ազդանշան ուղարկելով Ադրբեջանին ու աշխարհի մյուս երկրներին, թե իբր Հայաստանը դեմ է Արցախի անկախությանը: Բացի այդ, նման բանաձևերի ընդդիմախոսները, սովորաբար մեղադրվում են այս կարևորագույն հարցում կողմնակից լինելով Ադրբեջանին, դրանով իսկ խափանելով հայկական ջանքերը՝ ապահովելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:

Արցախի անկախությանն աջակցելու համար առավել նախընտրելի ռազմավարությունը կլինի Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական և ռազմական հզորացումը, որպեսզի նրա ղեկավարներն Արցախի Հանրապետության ճանաչման պատեհ ժամը որոշելիս շատ չմտահոգվեն միջազգային դատապարտման և պատժամիջոցների մասին:


Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG