Մատչելիության հղումներ

Ծագող արևի երկիրը. պարարտ հող հայերի համար


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Անցյալ ամիս առաջին անգամ այցելեցի Ճապոնիայի հիասքանչ երկիրը:

Տոկիոյի Նարիտա օդանավակայանում ոտքս դնելուն պես, կարծես թե հայտնվեցի մի սյուրռեալիստական երկրում. այնքան լավն էր, որ աչքերիս չէի հավատում…

Առաջին բանը, որ նկատում ես՝ ճապոնացիների ծայրաստիճան քաղաքավարությունն է: Հյուրերի առջև շարունակ խոնարհվելով նրանց ողջույնն անհամեմատ ավելի հարգալից է, քան մեր սովորական ձեռքսեղմումը: Ես զարմացա, երբ պարզեցի, որ նրանք բոլորին միևնույն հիանալի ծառայությունն են մատուցում առանց լրացուցիչ վճարի: Ոչ ոք թեյավճար չի ստանում, այդ թվում` մատուցողներն ու ավտոկայանատեղիների սպասարկողները:

Ճապոնիան անբասիր մաքրության երկիր է: Ոչ մի տեղ չես կարող աղբ գտնել: Որևէ տեղ կեղտի կուտակումներ չկան: Փողոցում աչքովդ չի ընկնի անգամ մի ծռմռված կամ փոշոտ մեքենա: Նույնիսկ շինանյութեր տեղափոխող բեռնատարները ծածկված են ցանցով և բեռնման հրապարակից դուրս գալուց առաջ դրանք լվանում են, որպեսզի կեղտը շաղ չտան քաղաքի փողոցներում: Զարմանալի է, որ Տոկիոյին փոթորիկի հասցրած ուղղակի հարվածից հետո անգամ փողոցներում աղբի մնացորդներ չկային:

Ի լրումն այս ամենի` Ճապոնիայում հանցագործության ցուցանիշը շատ ցածր է` շնորհիվ բնակչության հանգիստ պահվածքի և զենքի բացակայության: Չնայած Տոկիոյի մայթերը շատ մարդաշատ են, սակայն ամեն մեկն իր գործին է գնում` առանց մյուսներին հրելու կամ հրմշտելու, վիճելու կամ ձայնը բարձրացնելու: Վարորդները հարգում են երթևեկության կանոնները և իրենց մեքենաները վարում են սահմանված կարգով` առանց մյուսների առաջը կտրելու կամ ձայնային ազդանշան տալու:

Փողոցներում շատ մարդկանց կարելի է տեսնել բժշկական դիմակներով: Թվում է, թե նրանք այդ կերպ իրենց պաշտպանում են անցորդներից՝ գրիպով կամ այլ հիվանդությամբ չվարակվելու համար: Սակայն պարզվում է, որ հենց դիմակով մարդիկ են հիվանդ գրիպով: Նրանք անչափ ուշադիր լինելով, չեն ցանկանում, որ իրենց մանրէները փոխանցվեն մյուսներին…

Բացի ճապոնական սրբավայրեր և հինավուրց պալատներ այցելելուց, այս հեռավոր հողում ես հնարավորություն ունեցա մասնակցել հայությանը վերաբերող միջոցառումների: Ուրախությամբ իմացա, որ Հայաստանի Հանրապետությունը դեսպանատուն ուներ Տոկիոյում: Դեսպան Հրանտ Պողոսյանը և կցորդ Մոնիկա Սիմոնյանը սիրալիր ընդունեցին ինձ և համառոտ ներկայացրեցին իրենց անխոնջ ջանքերն ուղղված երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Մենք քննարկեցինք Միացյալ Նահանգների հայ համայնքի և Ճապոնիայում Հայաստանի դեսպանատան միջև համագործակցության հնարավորությունները, հատկապես Հայոց ցեղասպանության Հարյուրամյակի օրերին:

Բավականին հաճելի անակնկալ էր Հայաստանի դեսպանատան կազմակերպած համերգը՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: Երեք անվանի երաժիշտներ` դաշնակահարներ Արմեն Բաբախանյանը և Ջուլիետա Վարդանյանը և թավջութակահար Արամ Թալալյանը հատուկ ժամանել էին Հայաստանից այդ եզակի երեկույթի համար: Ճապոնական լսարանը, օտարերկրյա դիվանագետները, ինչպես նաև մի քանի հայ ուսանողներ ու գործարարներ մեծապես տպավորված էին Արամ Խաչատրյանի երաժշտությամբ և երաժիշտների վարպետ կատարմամբ: Անգամ հանդիպեցի մի ճապոնացի գիտնականի, որը վարժ խոսում էր հայերեն: Առաջին անգամ էի լսում ճապոնական առոգանությամբ հայերեն:

Իմ ճապոնացի հյուրընկալողները կազմակերպել էին իմ հանդիպումները Տոկիոյի և Կիոտոյի մի քանի խոշոր ընկերությունների գլխավոր տնօրենների հետ, որոնց հետ քննարկեցի ճապոնական ներդրումների հնարավորությունները Հայաստանում: Շատ տպավորիչ էր Կիոտոյի համալսարանի ցողունային բջիջների աճեցման ժամանակակից գիտահետազոտական լաբորատորիան:

Այդ նույն օրը բացառիկ հնարավորություն ունեցա դասախոսություն կարդալ մի խումբ փայլուն ուսանողների և նրանց դասախոսների առջև: Նրանք բավականին լավ անգլերեն գիտեին և բազմաթիվ հարցեր տվեցին, չնայած ինձ ասել էին, որ ճապոնացի ուսանողները սովորաբար հարցեր չեն տալիս:

Իմ ելույթում ես լուսաբանեցի Հայոց ցեղասպանությունը, արցախյան հակամարտությունը, Սիրիայի քաղաքացիական պատերազմը, արաբական գարունը, «մխիթարության կանանց» վիճահարույց հարցը և հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Տոկիո վերադառնալուց հետո հյուրընկալողներն ինձ զարմացրեցին՝ ներկայացնելով The Japan Times թերթի 1998 թվականի հոկտեմբերի 4-ի համարի պատճենը, որտեղ կես էջանոց հոդված էր հրապարակված Հայաստանի համար իմ՝ որպես Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ կատարած մարդասիրական աշխատանքների մասին:

Իմ վերջին հանդիպումը կայացավ ճապոնացի պետական բարձրաստիճան երեք պաշտոնյաների հետ, որոնց հետ մանրամասն քննարկեցի Ճապոնիայի հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ:

Ճապոնիայի համալսարանի ուսանողների և կառավարության ղեկավարների հետ ունեցած զրույցներից հասկացա, որ հայ ժողովուրդը սովորություն է դարձրել իր քաղաքական բոլոր ջանքերը կենտրոնացնել Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում` բոլորովին անտեսելով ռազմավարական բազմաթիվ կարևոր երկրներ Ասիայում:

Միգուցե քաղաքական և տնտեսական տեսանկյունից ավելի արդյունավետ կլինի ընդլայնել մեր գործունեության դաշտը` ուշադրությունը սևեռելով այն երկրների վրա, որոնց քաղաքացիները գրեթե ոչինչ չգիտեն Հայաստանի և հայ ժողովրդի մասին:


Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG