Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 11-ի մամուլ


«Ժամանակ»-ը փորձում է Զարուհի Փոստանջյանի` Ստրասբուրգում հնչեցրած հարցը և դրան հաջորդած զարգացումները գնահատել իշխող Հանրապետական կուսակցության ներքին խմորումների համատեքստում. - «Փոստանջյանի հարցի հանդեպ ՀՀԿ-ականների արձագանքներում, նաև Հովիկ Աբրահամյանի շատ արագ նախաձեռնություններում ակնհայտ երևում էր ներկուսակցական «ռազբոռկաների» ուրվագիծը: Այսինքն` ՀՀԿ-ի ներսում սկսել էին հարաբերություններ պարզել տեղի ունեցածի կապակցությամբ, և ըստ ամենայնի, Դավիթ Հարությունյանը այս հարցում փորձում է ստանալ եվրոպական աջակցություն՝ ժողովրդավարության, ժողովրդավարի դրոշով, որը անշուշտ նրան պետք կգա ներկուսակցական հարաբերությունների պարզաբանման գործընթացում: Ըստ որում` այստեղ, իհարկե, Փոստանջյանի հարցն ընդամենը առիթ էր, իսկ իրականում «ռազբոռկաների» արմատները շատ ավելի խորն են, և Դավիթ Հարությունյանը շատ լավ է հասկանում այս ամենը, և այդ իսկ պատճառով էլ, ըստ էության, շատ ավելի խորն է «փորում», քան զուտ Փոստանջյանի հարցը»:

«Ժողովուրդ»-ն անդրադառնում է «Հայոց արծիվներ» կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի հայտարարությանը` գրելով. - «Նորմալ երկրում, երբ պետական պաշտոնյան հանդես գա ագրեսիվ, հիստերիկ, առանձնակի դաժանություն պարունակող և սպանություն քարոզող կոչերով, ապա նրան ոչ միայն կհեռացնեն զբաղեցրած պաշտոնից, այլև նվազագույնը` կձերբակալեն: Սակայն խոսքը նորմալ երկրների մասին է, այլ ոչ «ապահով Հայաստանի», որտեղ իրենց անձեռնմխելիությունն են վայելում ՀՀԿ-ականները: Նույն «ապահով Հայաստանում» սպորտի փոխնախարար, «Հայոց արծիվներ» կազմակերպության առաջնորդ, Հայոց Գերագույն Արծիվ, ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանը «Երկիր» թերթի հետ զրույցում ոչ միայն «թուրքի բոստանից զորացրված դաշտամուկ» է անվանել Զարուհի Փոստանջյանին, այլև կոչ արել նրան խարույկի վրա կենդանի այրել ոչ թե որպես Ժաննա դ’Արկի, այլ որպես Ռամիլ Սաֆարովի: Մեր երկրում փոխնախարարը նման կոչով հանդես եկավ, և ո'չ իշխանության ներկայացուցիչները, ո'չ էլ իրավապահները այդ կապակցությամբ որևէ գնահատական չհնչեցրին: Ավելին, գրեթե չենք կասկածում, որ նույն «վեհ արծիվը» կշարունակի պաշտոնավարել, իսկ մեր արդարամիտ դատաիրավական համակարգը իշխանասեր Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ նույնիսկ Ասրյանի հայտարարությունը կորակի որպես ինքնապաշտպանություն»:

Թեման արծարծվում է նաև «Առավոտ»-ի խմբագրականում. - «Խարույկի վրա մարդկանց հրկիզելը՝ որպես այս կամ այն զանցանքի համար պատիժ, չի կիրառվում արդեն մի քանի դար: Գուցե աֆրիկյան ջունգլիներում, որոնք բավականին հեռու են Սյունյաց լեռներից, մարդակեր ցեղերի մոտ պահպանվել են այդ ավանդույթները: Բայց այդ ցեղերը Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ չեն, ինչպես ՀՀԿ-ն է, նրանք ԵՄ-ի հետ խորը և համապարփակ առևտուր չեն ուզում եւևեն մասնակցում Բոլոնյան գործընթացին: Նույնիսկ Մաքսային և Եվրասիական միությունում բարքերն այդքան դաժան չեն: 20-րդ դարում Եվրոպայում խարույկներ, այո, վառում էին: Դա անում էին գերմանական նացիստները: Բայց վերջիններս այրում էին ոչ թե մարդկանց, այլ գրքերը (այդ թվում նաև իրենց՝ գերմանացի մեծ գրողների և փիլիսոփաների), որպեսզի մարդիկ չվարակվեն վտանգավոր գաղափարներով: Գուցե միջնորդավորված՝ նժդեհականության միջոցով այդ՝ նացիստական գաղափարնե՞րն են ներթափանցել ՀՀԿ-ական փոխնախարարի ուղեղի մեջ: Մասնագետ չեմ, բայց հակված եմ ենթադրելու, որ պարոն Ասրյանի ասածները պարունակում են բռնության և ինքնադատաստանի կոչեր: Բայց դրա վրա, բնականաբար, ոչ ոք ուշադրություն չի դարձնի»:

«Հրապարակ»-ը զրուցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Հարց. - «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության համար նախատեսված է ծախսել մոտ 200 մլն դրամ, ի՞նչ եք կարծում՝ նման ծախսերն իմաստ ունե՞ն մի երկրում, մի քաղաքում, որտեղ աղքատության շեմն այսքան բարձր է, որտեղ կան բազում չլուծված խնդիրներ»: Պատասխան. - «Ինչ մնում է այդ գումարի համար շահարկումներին, վերջին շրջանում մամուլում կամ սոցիալական ցանցերում քննարկումներին, ես հետևյալը կասեմ, որ պետք չի անհանգստանալ, քանի որ այդ գումարների մեծ մասը՝ առյուծի բաժինը, բարերարների կողմից է լինում, մեր Երևանի տարբեր բարերարների, տարբեր միջոցներով՝ ֆինանսների կամ անմիջական մասնակցությամբ, դրա համար պետք էլ չի նշել, որ հստակ 200 մլն-ի մասին է խոսքը: Բարերարները պարտադիր չի, որ մենակ գումարով մասնակցեն, կարող են այլ միջոցներով էլ մասնակցեն, որ մենակ կարողանանք ավելի լավ կազմակերպել տոնը»: Հարց. - «Մի քանի բարերարի անուն կնշե՞ք»: Պատասխան. - «Ինձ թվում է՝ բոլորս ոչ թե պետք է խոսենք մենակ դրա մասին, գումարի, այլ պետք է խոսենք, որ ավելի տոնական տրամադրություն ստեղծենք մեր երևանցիների, մեր Երևանի հյուրերի համար և համայն հայության համար: Երբ վերցնենք ծրագիրը, կտեսնեք հովանավորողների, կազմակերպությունների լոգոտիպ նշանները. արդեն բոլորի համար պարզ կլինի, թե ովքեր են»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG