Մատչելիության հղումներ

A4 ստանդարտ չլինելու կոչ՝ «Որդան Կարմիր»-ի կատարմամբ


«Որդան Կարմիր» ռոք խումբը
«Որդան Կարմիր» ռոք խումբը

Լույս է տեսել «Որդան Կարմիր» խմբի «A4» ձայնասկավառակը:

A4, այսինքն՝ ստանդարտ չլինելու կոչով «Որդան Կարմիր» ռոք խումբը հինգշաբթի օրը կայացած համերգին դիմեց նաև հանդիսատեսին:

Սա խմբի առաջին ձայնասկավառակն է, որը կարծես «Որդան Կարմիր»-ի գործունեության 8 տարիների ամփոփումն է:

«Շատ են այնպիսի մարդիկ, ում դեմքին նայում ես, ոնց որ A4 լինի, իր մտքերը պատճենահանած լինի ինչ-որ մեկից: Հենց նման խոսքեր կա մեր «A4 դեմքեր» երգի մեջ: Ձայնասկավառակի ընդհանուր գաղափարը դա է, որ փորձենք կոտրել այդ A4-ը, այդ անտարբերությունը, այդ քառակուսին, ստանդարտը», - ասաց խմբի վոկալիստ Վահան Պողոսյանը՝ հավելելով, որ արվեստագետներին այս տարիների ընթացքում որոշ չափով հաջողվել է տեղ հասցնել ստանդարտ չլինելու կոչերը:

Ծանր ռոքը համատեղելով հայկական ավանդական երաժշտության հետ՝ «Որդան Կարմիր»-ը ստանդարտների կրողը լինելու փոխարեն հորդորում է լինել «ավելի գունավոր, լինել ինչ-որ բան ասող», և հերքում է այն տարածված կարծիքը, որ հայերենը ռոքի լեզու չէ:

«Եթե ռոքը մի ժանր է, գուցեև մի լեզու ունի, բայց այն բազմաժանր է: Ամեն էթնիկ ռոք կունենա իր լեզուն: Ամեն լեզու իր երգեցիկությունն ունի: Եթե դու այդ երգեցիկությունը գտնես քո լեզվին համապատասխան, ցանկացած լեզով էլ կարելի է ռոք երգել», - նշեց «Որդան Կարմիր»-ի բաս կիթառահար Դավիթ Գալստյանը:

Խմբի երգերը հաճախ նաև սոցիալական թեմաներով են: Հենց «Որդան Կարմիր»-ը ելույթ ունեցավ 2011-ին Շիրակամուտ գյուղում ի պատիվ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության հաջողության, երբ բնապահպան ակտիվիստների պայքարի շնորհիվ հնարավոր եղավ կանխել Թռչկան ջրվեժի տարածքում հիդրոէլեկտրոկայանի կառուցումը:

«Բացի երաժիշտ, բացի արվեստի մարդ լինելը, մենք նաև քաղաքացի ենք և մարդ ենք, որ տեսնում է իր շրջապատի խնդիրները, արձագանքում, վերցնում և տալիս է», - փոխանցեց Դավիթ Գալստյանը:

«Մենք մեր տեսած խնդիրները, էմոցիաները նաև երաժշտության և բառերի մեջ ենք դնում: Տեղեր կա՝ դրան լուծում ենք տալիս, տեղեր կա՝ լուծումը թողնում ենք ունկնդրին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վահան Պողոսյանը:

Ձայնասկավառակի շնոհանդեսին կհետևի շրջագայությունը Եվրոպայում: Այնտեղ ևս «որդան կարմիրով ներկելով» երաժշտությունը՝ նաև եվրոպացի հանդիսատեսին կփորձեն հասցնել իրենց ուղերձը, այն է՝ խուսափել հին ստանդարտներին փոխարինելու եկած նորերի մեջ ընկնելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG