Մատչելիության հղումներ

Հայոց Կաթողիկոսը Ադրբեջանի հոգևոր առաջնորդին կոչ է արել օգնել հայ ռազմագերուն


Հակոբ Ինջիղուլյանը հարցազրույց է տալիս ադրբեջանական լրատվամիջոցին, 12-ը օգոստոսի, 2013թ․
Հակոբ Ինջիղուլյանը հարցազրույց է տալիս ադրբեջանական լրատվամիջոցին, 12-ը օգոստոսի, 2013թ․

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի ազատ արձակման և հայրենիք վերադարձնելու համար:

Վեհափառի մամուլի քարտուղար Վահրամ քահանա Մելիքյանի տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, թե Ինջիղուլյանի ազատ արձակման հարցով Գարեգին Բ-ն «խնդրել է նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի միջնորդությունը Ադրբեջանի իշխանությունների առջև»:

Մինչդեռ, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, թե պաշտոնական Երևանը սպասում է, որ Հակոբ Ինջիղուլյանը ազատ կարձակվի ու կվերադառնա հայրենիք: Քոչարյանը չբացառեց ռազմագերիների փոխանակման տարբերակը:

«Բոլոր մակարդակներում, բոլոր ուղղություններով հնարավորինս արվում է: Դա և՛ զանգեր են, և՛ հանդիպումներ են», - վստահեցրեց փոխարտգործնախարարը, - «Եվ դա ոչ միայն արտգործնախարարությունն է, այլ բոլոր կառույցները, որոնք այս կամ այն ձևի կարող են այդ գործին օգնել»:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ տեսողության խնդիրներ ունեցող 22-ամյա հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը դիրքերում ծառայությունն իրականացնելու ժամանակ օգոստոսի 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի և ադրբեջանական զինված ուժերի շփման սահմանագիծը և հայտնվել հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ գերի ընկնելով ադրբեջանցիներին:

Գերության միայն 12-րդ օրը՝ օգոստոսի 20-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին հաջողվեց հանդիպել Ինջիղուլյանին, թեև, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին օրերս փոխանցել էր Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Ժնևի կոնվենցիայի 70-րդ հոդվածի համաձայն գերության մեջ գտնվող անձի հետ ամենաուշը յոթ օրվա ընթացքում պետք է կապը ապահովվի և «առնվազն երկու հասցեներով, մեկը՝ ընտանիքի, երկրորդը՝ ԿԽՄԿ-ի հետ»:

Հայ ռազմագերին կարողացել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով գրություն ուղարկել հարազատներին: Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընթերցեց ստացված գրությունը: Հայ զինծառայողը ողջույններ էր ուղարկել ընտանիքին, գրել էր, որ իրեն լավ է զգում, ամեն ինչով ապահովված է՝ սննդով, ծխախոտով, ըմպելիքով:

«Անցել եմ բուժզննում, ինձ բուժել են: Ունեմ քնելու տեղ, նոր համազգեստ: Դուք ընդհանրապես կարող եք չանհանգստանալ: Ինձ շատ լավ վերաբերմունք են ցույց տալիս այստեղ», - ասված էր նամակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG