Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Ադրբեջանի ղեկավարները միգուցե տեղյակ չեն, թե իրենց անճարակ ստորադասները ինչ ահռելի վնասներ են հասցնում սեփական երկրի շահերին և հեղինակությանը: Նախագահ Ալիևը պետք է կարճատև դադար վերցնի՝ հայերին ուղղված ամենօրյա սպառնալիքներից, և մի փոքր ավելի ուշադրություն դարձնի իր կառավարության ներքին «թշնամիներին»:
Նախ սկսենք նրանից, որ ադրբեջանցի պաշտոնյաները հաշվել չգիտեն: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը օրեր առաջ հրապարակեց մի «Սև ցուցակ», բացահայտելով 41 երկրներից 335 անձանց անուններ, որոնք սկսած 2005 թվականից Արցախ են այցելել «առանց Բաքվի թույլտվության»: Ադրբեջան մուտք գործելն արգելող պերսոնա նոն գրատա ցուցակում ընդգրկված են՝ խորհրդարանի անդամներ, գործարարներ, լրագրողներ, արվեստագետներ և այլ հանրածանոթ մարդիկ: Նրանք մեղադրվում են Ադրբեջանի սահմանները խախտելու և երկրի «ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը» չհարգելու մեջ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կայքը խեղճուկրակ ձևով ընդունում է, որ «Լեռնային Ղարաբաղը ժամանակավորապես Ադրբեջանի Հանրապետության հսկողությունից դուրս է»:
Ստորև ներկայացնում ենք 41 երկրներից յուրաքանչյուրի այցելուների թիվը, որոնք, ըստ Ադրբեջանի արտգործնախարարության կայքի, «ապօրինի» մտել են Արցախ.
Արգենտինա (6), Ավստրալիա (12), Ավստրիա (8), Բելառուս (1), Բելգիա (6), Բուլղարիա (5), Կանադա (6), Կիպրոս (3), Չեխիայի Հանրապետություն (2), Դանիա (2), Էստոնիա (1), Ֆրանսիա (22), Վրաստան (11), Գերմանիա (22), Հունաստան (2), Հունգարիա (1), Իրան (3), Իռլանդիա (2), Իսրայել (1), Իտալիա (24), Ճապոնիա (1), Հորդանան (1), Լատվիա (2), Լիբանան (1), Լիտվա (6), Մոլդովա (3), Նիդեռլանդներ (4), Լեհաստան (6), Ռուսաստան (91), Ռումինա (3), Սերբիա (2), Սինգապուր (1), Սլովակիա (2) Իսպանիա (1), Շվեդիա (1), Շվեյցարիա (7), Թուրքիա (1), Ուկրաինա (8), Մեծ Բրիտանիա (13), Ուրուգվայ (5) և ԱՄՆ (36):
Ադրբեջանցիների ներկայացրած՝ Արցախ այցելած 335 մարդկանց ցուցակը չի համապատասխանում իրականությանը: Ավելի քան 16 հազար զբոսաշրջիկներ աշխարհի 86 երկրներից միայն 2012 թվականին են այցելել Արցախ: Ադրբեջանցի չինովնիկները, ովքեր պատրաստել են այս «Սև ցուցակը» ոչ միայն չեն կարողանում հաշվել, այլև չեն կարողանում գտնել հրապարակայնորեն մատչելի տեղեկատվությունը: Թեև հայտնի չէ Արցախ մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկի անունը, սակայն թվում է, թե Ադրբեջանի հատուկ ծառայությունները արթուն չեն: Զարմանալիորեն, Հայաստանի ղեկավարներից և ոչ մեկը չի հայտնվել Ադրբեջանի «Սև ցուցակում», չնայած նրանք երբեք չեն թաքցրել իրենց պարբերական ուղևորություններն Արցախ: Արդյոք սա չի՞ նշանակում, որ ադրբեջանցի պաշտոնյաներն Արցախը համարում են Հայաստանի մաս, և այդ իսկ պատճառով իրենց սև ցուցակում չեն ընդգրկել այնտեղ այցելած հայ քաղաքացիներին:
Սխալ մաթեմատիկան և ցածրորակ հետախուզությունը հավելյալ խնդիրներ են ստեղծում Ադրբեջանի համար: 335 անձանց անուններ ներառող ցուցակում հայտնվել են այնպիսի մարդիկ, որոնք երբեք չեն եղել Արցախում, մինչդեռ ուրիշները, ինչպես, Յոնաս Հոլանդերը Գերմանիայից, այցելել են Արցախ, սակայն նրանց անունը դուրս է մնացել «Սև ցուցակից»: Հոլանդերը ֆեյսբուքյան իր էջում ցուցադրելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» համար իր մուտքի վիզայի լուսապատճենը, տեղադրել է հետևյալ հեգնական մեկնաբանությունը. - «Հարգելի Ադրբեջան, վերջերս դուք հրապարակել էիք այն մարդկանց ցուցակը, ում արգելված է մուտք գործել ձեր երկիր: Ես խորապես վիրավորված և հիասթափված եմ, որ իմ անունը տեղ չի գտել ձեր ցուցակում: Կից ներկայացնում եմ Ղարաբաղում գտնվելու իմ ապացույցը և խնդրում այդ սխալն ուղղել հնարավորինս շուտ: [Ստորագրված] Յոնաս Հոլանդեր՝ տխուր և անկարևոր լինելու զգացումով»:
Դեպի Ադրբեջան հետագա այցելությունների արգելքը ծաղրելու նպատակով հայերն ստեղծել են ֆեյսբուքյան էջ՝ «Ես այցելել եմ Արցախ առանց թույլտվության» վերնագրով:
Ահա սև ցուցակում անարդարացիորեն հայտնված նշանավոր անձանց մի քանի քննադատական արձագանքներ.
- Մարչելո Կատելմի, արգենտինական հայտնի «Կլարին» պարբերականի միջազգային քաղաքականության բաժնի գլխավոր խմբագիր. «Սև ցուցակի հրապարակումը քստմնելի և բարբարոսական արարք է: Սա մի խտրական մեթոդ է, որը պատմականորեն կիրառվել է բռնապետերի և բռնակալների կողմից, ովքեր մտադիր էին դաժան ձևով պատժել այլակարծությունը»:
- Ի. Վեյն Մերի, Եվրոպայի և Եվրասիայի գծով ավագ գիտաշխատող, Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդ, Վաշինգտոն. «Ադրբեջանը միայն ինքն իրեն է վնասում Ղարաբաղ այցելած մարդկանց իր «սև ցուցակով»: Բաքվի համար խելամիտ քաղաքականություն կլինի անմիջապես Ադրբեջան հրավիրել յուրաքանչյուր մարդու երրորդ երկրից, ով այցելել է Ղարաբաղ»:
Այն բանից հետո, երբ պարզվեց, որ «Սև ցուցակից» դուրս են մնացել տարիների ընթացքում Արցախ այցելած տասնյակ հազարավոր մարդկանց անուններ, Ադրբեջանի ԱԳՆ լրատվական ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևն ամաչելով հայտարարեց, որ այդ ցուցակը կթարմացվի և կընդլայնվի: Հուսով եմ, որ նա չի մոռանա ավելացնել նաև իմ անունը «Սև ցուցակում», հատկապես, որ ես խմբագրական եմ գրել Արցախ կատարած իմ հիշարժան այցի մասին:
Հայ պաշտոնյաները պետք է օգնեն ադրբեջանցիներին՝ հրապարակելով այն բոլոր անձանց անունները, ում բախտ է վիճակվել այցելել Արցախ վերջին 20 տարիների ընթացքում, որպեսզի արգելվի նրանց բոլորի մուտքն Ադրբեջան՝ այդ երկիրը թողնելով ավելի քիչ այցելուներով և այն մեկուսացնելով քաղաքակիրթ աշխարհից:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի