Մատչելիության հղումներ

Էրդողանին հաջողվեց թշնամանալ թե՛ արաբների, թե՛ հրեաների հետ


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի ներսում իր բռնապետական իշխանության դեմ բողոքի զանգվածային ալիքը դաժանորեն ճնշելուց հետո այժմ կանգնած է մեկ այլ լուրջ խնդրի առաջ` «հաջողեցնելով» իր դեմ միավորել արաբներին և հրեաներին:

Թուրքիայի վարչապետն արդեն հակադրվել էր Իսրայելին և Սիրիային իր թշնամական գործողություններով ու հայտարարություններով: Վերջին օրերին նա հասցրել էր նաև վիրավորել միլիոնավոր եգիպտացիների՝ մերժելով նրանց նոր կառավարությունը՝ զինվորականների կողմից նախագահ Մուրսիին հեռացնելուց հետո: Չնայած Էրդողանի ձևական առարկությանը Եգիպտոսի «ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահի» տապալմանը, ակնհայտ է, որ նա ավելի շատ մտահոգված է իր սեփական կաշին փրկելով՝ վախենալով պատմականորեն հեղաշրջման հակում ունեցող թուրքական զինված ուժերի կողմից նման զավթումից:

Անցյալ շաբաթ Հալեպի համալսարանը Էրդողանին զրկեց միջազգային հարաբերություններում պատվավոր դոկտորի կոչումից, որը նրան շնորհվել էր 2009 թվականին, երբ Սիրիան ու Թուրքիան վայելում էին կարճատև սիրո բերկրանքը: Համալսարանի նախագահ Խոդր Օրֆալին Էրդողանին մեղադրեց «Սիրիայի ժողովրդի դեմ դավադրություններ» հրահրելու և Թուրքիայում ցուցարարների դեմ «բռնապետական» ուժ կիրառելու մեջ:

Թուրքիայի վարչապետն արաբական մրցանակը կորցնելուց հետո կարող է հաջորդը զրկվել «Խիզախության դիմագիծ» մրցանակից, որը նրան շնորհվել է Ամերիկայի հրեական կոնգրեսի կողմից 2004 թվականին՝ «մշակույթների միջև խաղաղության խթանման» համար: Անցյալ ամիս հրեական «Քոմենթարի» ամսագրում հրապարակված հոդվածում Մայքլ Ռուբինը կոչ արեց հրեական կոնգրեսին չեղյալ համարել նրա շնորհած մրցանակը՝ Էրդողանին նկարագրելով որպես «Համասի առաջատար երկրպագու, ահաբեկչության հովանավոր և տարածաշրջանը ապակայունացնող ուժ»: Այնուհետև Ռուբինը պնդեց, որ «Էրդողանը Ստամբուլի քաղաքապետի պաշտոնավարության ընթացքում արդեն ուներ կատաղի հակասեմականության և դավադրական տեսություններով հարուստ անցյալ»:

Ռուբինը նաև քննադատեց նախագահ Օբամային «Էրդողանին գովաբանելու» համար և Կոնգրեսում Թուրքիայի աջակցության խմբի 135 անդամներին «Թուրքիայի վատթարագույն խախտումները արդարացնելու» համար, ներառյալ՝ «կամայական ձերբակալություններ, ոստիկանական բռնություններ, արցունքաբեր գազի բացթողում հյուրանոցներում և հյուպատոսություններում, ազատ մամուլի վրա հարձակում, հակասեմական մերկացուցիչ ճառերի արտաբերում և բժշկական անձնակազմի ձերբակալության պատվիրում»: Ռուբինը կասկածի տակ առավ Ներկայացուցիչների պալատի այդ անդամների շարժառիթներն ու հարց առաջ քաշեց, թե արդյոք նրանք «վայելում են թուրքական իշխանությունների հյուրասիրությունները Ստամբուլ կամ Անկարա կատարած իրենց այցելությունների ընթացքում որպես հատուցում» Թուրքիայի աջակցության խմբում անդամության համար: Նա կոչ արեց Կոնգրեսի անդամներին «կասեցնել, եթե ոչ՝ հրաժարվել իրենց անդամությունից»:

Ռուբինը լուրջ խորհուրդ տվեց Ամերիկայի հրեական կոնգրեսին և հրեական այլ կազմակերպություններին «պարգևներ տրամադրել ամբողջ կյանքի ընթացքում ձեռքբերումների համար, այլ ոչ թե ցանկալին որպես իրականանություն ներկայացնել: Այլապես, հրեական կոնգրեսի առաքելությանը հակասող դիրքորոշումներին օրինականություն շնորհելու վտանգը շատ մեծ է: Էրդողանին Ամերիկայի հրեական կոնգրեսի շնորհած մրցանակը ոչ միայն չկանգնեցրեց նրա հակասեմականությունը, այլ, ավելի շուտ, ծառայեց այն երկար ժամանակով քողարկելուն: Թերևս կազմակերպությունը կարող է մեղմել իր հասցրած վնասը, ինչպես նաև չեզոքացնել Էրդողանի խեղկատակությունը՝ նրան հրապարակայնորեն զրկելով իր մրցանակից»:

Ցավոք, Ռուբինը ինը տարի ուշացումով է քննադատում Ամերիկայի հրեական կոնգրեսի կողմից Էրդողանի մեծարումը: Դեռևս 2004 թվականին, պարգևատրման արարողության օրերին ես քննադատական հոդված գրեցի Ամերիկայի հրեական կոնգրեսի և նրա նախագահ Ջեկ Ռոսենի հասցեին, ով անհեթեթորեն հայտարարել էր, թե իր կազմակերպությունը մեծարում է Էրդողանին որպես «օրինակելի մահմեդական երկրի» ղեկավարի:

Այժմ, երբ ամբողջ աշխարհն «օրինակելի մահմեդական երկրի» ղեկավարի ֆասադի հետևում տեսավ Էրդողանի իսկական դեմքը, շատ ուրիշները ևս պետք է վերանայեն իրենց մրցանակները, որոնք առատորեն պարգևել են այս անարժան ղեկավարին:

Օրինակ՝ հրեական «Ընդդեմ զրպարտությունների լիգան» (ADL) պետք է չեղյալ համարի իր հեղինակավոր «Հոգատար արիության մրցանակը», որը շնորհել է Էրդողանին 2005 թվականին: Այդ «երջանիկ» առիթով Թուրքիայի վարչապետը «Ընդդեմ զրպարտությունների լիգայի» ազգային տնօրեն Աբրահամ Ֆոքսմանին մատնանշեց Թուրքիայի «սերտ հարաբերությունները Իսրայելի հետ» և խոստացավ «զրոյական հանդուրժողականություն հակասեմական ելույթների» համար:

Ահա Էրդողանին շնորհված մի քանի այլ պարգևներ, որոնք պետք է հետ վերցվեն.

Պետական մեդալներ.
- Ռուսական պետական մեդալ նախագահ Վլադիմիր Պուտինից (1 հունիսի 2006 թ.)
- «Բյուրեղյա Հերմես» մրցանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից (15 ապրիլի 2007 թ.)
- «Նիշան է Պակիստան», Պակիստանի բարձրագույն մրցանակը (26 հոկտեմբերի 2009 թ.)
- Ֆեյսալ թագավորի միջազգային մրցանակ «Իսլամին ծառայելու համար» (12 հունվարի 2010 թ.)
- Վրաստանի «Ոսկե գեղմ» շքանշան (17 մայիսի 2010 թ.)
- Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի միջազգային մրցանակը մարդու իրավունքների պաշտպանության համար (29 նոյեմբերի 2010 թ.)
- Քուվեյթի «Կարկառուն դեմք իսլամակամ աշխարհում» մրցանակ (11 հունվարի 2011 թ.)

Պատվավոր դոկտորի կոչում.
- Նյու Յորքի Սենտ Ջոնս համալսարան (26 հունվարի 2004 թ.)
- Մադրիդի եվրոպական համալսարան (18 մայիսի 2010 թ.)
- Մոսկվայի պետական համալսարան (16 մարտի 2011 թ.)
- Շանհայի միջազգային ուսումնասիրությունների համալսարան (11 ապրիլի 2012 թ.)
- Ալժիրի համալսարան (5 հուլիսի 2013 թ.)

Պատվավոր քաղաքացի.
- Հարավային Կորեա (փետրվար, 2004 թ.)
- Իրան (փետրվար, 2009 թ.)
- Կոսովո (նոյեմբեր, 2010 թ.)

Բոլոր նրանք, ովքեր պարգևատրել են Էրդողանին, ուղղակի անպատվել են իրենք իրենց: Որքան շուտ նրանք չեղյալ համարեն իրենց պարգևները, այնքան շուտ կազատվեն իրենց նախկին ապաշնորհ արարքից:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG