Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա ուղեվարձի բարձրացման դեմ


Բողոքում են տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ
please wait

No media source currently available

0:00 0:05:59 0:00

Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ բողոքելով հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ:

Մի քանի անհաջող փորձերից հետո այսօր առավոտից Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին հաջողվեց ճեղքել ոստիկանական պատնեշը և հասնել շենքի գլխավոր մուտքի մոտ։ Այստեղ նրանք նստացույց սկսեցին։ Ասացին, որ եկել են ոչ թե բողոքելու, խնդրելու կամ պահանջելու, այլ եկել են նախազգուշացնելու, որ չեն վճարելու տրանսպորտի նոր սակագինը։

Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների թվում էին նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները, ովքեր ասացին, որ մինչ քաղաքապետի ընտրությունները և դրա ընթացքում ավելի լավ Երևան խոստացող Տարոն Մարգարյանը հայտարարում էր որ առաջիկայում տրանսպորտի թանկացում չի սպասվում, մինչդեռ ստացվում է որ առաջիկան դա ընդամենը 4 ամիս էր։ Խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի խոսքով, մայրաքաղաքում տրանսպորտի գնի բարձրացումը անակնկալ էր անգամ ավագանու համար։

«Առանց ավագանու քննարկմանը ներկայացնելու այս խնդիրը՝ վերցնեն ու վարչության պետը հայտարարի այս թանկացո՞ւմը․․․ դրանից ավելի մեծ մի վիրավորանք երևանցու հասցեին՝ չկար», - նշեց Բախշյանը:

Քաղաքապետարանը տրանսպորտի թանկացման պատճառաբանություն էր ներկայացրել, ըստ որի թանկացել են մեքենաների մասերը, դիզվառելիքը, և որ ներկայիս գնով տնտեսվարողները այլևս չեն կարողանում աշխատել։

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը կասկած հայտնեց, թե ինչպես կարող է Երևանի քաղաքապետարանում անաչառ կերպով քննարկվել ուղեվարձի բարձրացման գինը, երբ անձամբ քաղաքապետին են պատկանում մի քանի երթուղիներ, Սաֆարյանի խոսքով՝ 15 և 32 համարի միկրոավտոբուսները:

Ցուցարարների պահանջները լսելու համար շենքից դուրս եկավ քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը, ում ուղղությամբ ցուցարարները սկսեցին մանրադրամներ նետել։ Ալբերտ Գևորգյանը հայտարարեց, որ վիրավորված է և ետ վերադարձավ շենք։

Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ քաղաքացիների բողոքը անտեղի է, քանի որ թանկացումը հիմնավորված է։ Ըստ նրա թանկացել են մեքենաների պահեստամասերը, դիզվառելիքը, ներկրվել են նոր ավտոբուսներ, կառուցվել են կանգառներ։ Նա ավելացրեց, որ որոշ տնտեսվարողներ անգամ ցանկանում էին մինչև 200 դրամ բարձրացնել ուղևարձը, մինչդեռ իրենք դա կանխեցին։

Քիչ անց նա որոշեց անձամբ դուրս գալ և պատասխանել ցուցարարների հարցերին։ Պաշտոնյաին տեսնելուն պես ցուցարարները սկսեցին աղմկել և մանրադրամներ նետել նաեւ նրա ուղղությամբ: Տրանսպորտի վարչության պետը բացատրեց, որ քաղաքակիրթ և նորմալ տրանսպորտային ուղևորափոխադրում ապահովվելու համար գների բարձրացումը պարտադիր է, և որ թանկացումից հետո գերբեռնված ավտոբուսներ կամ միկրոավտոբուսներ չեն լինելու։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ ներկայացրեց մի հաշվարկ, ըստ որի քաղաքապետարանի ներկայացրած թանկացման պատճառաբանությունները ուռճացված են, և որ այժմ տրանսպորտի ինքնարժեքը 83 դրամ է։

Քաղաքապետարանի պաշտոնյան հակադարձեց, որ այդ գնով կարելի է երթևեկել միայն ինչպես շախմատի ձի ու հավելեց․ - «Մեզանից յուրաքանչյուրը շահագրգռված է, որպեսզի ժողովուրդը գնա ամենացածր ուղեվարձով»:

Վերջում Նավասարդյանը ասաց, որ այսպես քննարկում չի ստացվի, նա առաջարկեց պատվիրակություն ստեղծել և գալ հանդիպման։

Ի դեպ այս հարցով ավագանու արտահերթ նիստ գումարելու առաջարկով քաղաքապետին է դիմել «Բարև Երևան» խմբակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG