Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն Պռոշյանի ընտրությունները բնորոշում է որպես «քաղաքական ցինիզմի դրսևորում»


Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարում է, որ կիրակի Պռոշյան համայնքում տեղի ունեցած արտահերթ ընտրությունները «անցել են վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր մակարդակների ընտրություններին հատուկ տրամաբանությամբ»:

«Կրկին գործի դրվեցին հանրածանոթ բոլոր մեթոդները` վարչական լծակների կիրառում, արտաքին միջամտություն, պարտադրանք, ընտրակաշառք և այլն: Արդյունքում հաղթանակն արձանագրվում է սպանված համայնքապետի` նախորդ ընտրություններում մրցակից հանրապետական թեկնածուի օգտին: Քաղաքական ցինիզմի այսօրինակ դրսևորումը խաթարեց ընտրական գործընթացը, խորացրեց համայնքում առկա լարվածությունը»,- հայտարարում է Գերագույն մարմինը:

Արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը, հիշեցնենք, առաջացավ Պռոշյանի գյուղապետարանի շենքի դիմաց ապրիլի 2-ին դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի առեղծվածային սպանության պատճառով։ Այսօր Պռոշյանի երկու ընտրատեղամասերում տեղի ունեցած քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքում՝ հիմնական մրցակիցներ հանրապետական Արթուր Մուրադյանի և դաշնակցական Վովա Սահակյանի ստացած քվեների տարբերությունը 76-ից հասավ 81-ի՝ հօգուտ Մուրադյանի:

Դաշնակցության Գերագույն մարմինը հորդորում է Պռոշյանի բոլոր բնակիչներին տուրք չտալ «նոր լարվածություն ստեղծելու հնարավոր փորձերին» և վստահեցնում, որ հետամուտ են լինելու սպանված դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության լիարժեք բացահայտմանը և մեղավորներին պատժելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG