Մատչելիության հղումներ

Նախարարը հաստատում է` «Գազպրոմ»-ի հետ բանակցում են բաժնետոմսերը զիջելու շուրջ


Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյան
Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյան
Հայաստանի կառավարությունը մինչեւ ամսվա վերջ կավարտի բանակցությունները ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հետ, որի ընթացքում, ինչպես երեկ հայտնի դարձավ, չնայած գազի գնի նոր բարձրացմանը, քննարկվում է նաեւ «ՀայՌուսգազարդում» Հայաստանի Հանրապետությանը պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» զիջելու հնարավորությունը:

Թե ինչի դիմաց է Հայաստանի կառավարությունը զիջելու իր 20 տոկոս բաժնեմասը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հրաժարվեց մանրամասնել, ասաց` դա կխանգարի բանակցություններին:

«Սեղանին կա դրված նաեւ բաժնետոմսերը «Գազպրոմ» ընկերությանը հանձնելը, իհարկե, համարժեք որեւիցե ճիշտ լուծում կգտնենք իրենցից ստանալու», - ասաց Մովիսիսյանը` չհերքելով, որ այլընտրանքներ եւս քննարկվում են:

Հարցին, թե Հայաստանի կառավարություն բաժնետոմսերը զիջելո՞ւն, թե՞` չզիջելուն է հակված, նախարարը պատասխանեց. - «Բանակցությունների ավարտից հետո, եթե մենք գտնենք, որ բավարարված ենք զգում մեզ, այն ժամանակ կորոշենք»:

Քաղաքացիների համար մեկ խորանարդ մետր գազը ներկայիս 132 դրամի փոխարեն հուլիսի 7-ից կարժենա 156 դրամ: Գազի գնի բարձրացման պատճառով 8 դրամով կթանկանա նաեւ 1 կիլովատ ժամ էլեկտրաէներգիան:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը կորցնելու դեպքում ռուսական կողմը չի կարո՞ղ ամեն տարի բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը, էներգետիկայի նախարարը պատասխանեց. - «Խնդիրը այնպես չի դրված, որ մյուս տարի ինչ ուզեն, այնպես անեն: Բանակցությունները հենց նրա համար են գնում, որպեսզի ինչ ուզեն, չանեն, այլ որպեսզի երկարատեւ ժամանակաշրջանի համար ավելի ապահովված գազամատակարարում ունենանք»:

«Գազպրոպմին» հարյուր տոկոսանոց կառավարման հնարավորություն տալու միտքը հայկակա՞ն, թե՞` ռուսական կողմի մոտ է առաջացել. էներգետիկայի նախարարը հրաժարվեց մանրամասնել` կրկին բանակցությունների գաղտնիությանը հղում կատարելով: Նա միայն ասաց` կոնկրետ գազամատակարարման հարցում Եվրասիական միությանն անդամակցելու պարտադրանք Հայաստանի վրա չկա:

Գազի սակագնի բարձրացումը գների նոր աճի է հանգեցնելու, այսօր նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ քննարկումների ժամանակ խորհրդարանում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Գազի գինը դեռ չի բարձրացել, բայց պատգամավորն արդեն այսօր է դա զգում` իր սեփական գրպանի վրա:

«20 հազար մարդու աշխատավարձ եք բարձրացնում 10 հազար դրամով, լավ խնդիր է, բայց մատից փուշ հանել սրանով, հավատացեք, չի լինում», - ասաց նա:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հակոբ Հակոբյանը հայտարարեց` այո, հուլիսի 1-ից թանկացումներ ենք սպասում, իսկ նվազագույն աշխատավարձ ստացողներն ամենախոցելի խավն են: Նա մանրամասնեց` պետական համակարգում նվազագույն 35 հազար դրամ աշխատավարձ ստացողները հուլիսի 1-ից 10 հազարով ավելի եկամուտ կունենան, օրենսդրական այս փոփոխությունը միայն նրանց կվերաբերի, պետական մյուս ծառայողների աշխատավարձը չի բարձրանա:

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը այս օրինագիծը թանկացումների ֆոնին մեծ խաբեություն է որակում:

«Կառավարությունը ոչ թե միջանկյալ լուծում է տալիս, այլ սրանով իր անգործությունը եւ անհետեւողական քաղաքականությունը եւս մեկ անգամ հաստատում է: Վեց ամիս առաջ դուք չգիտեի՞ք, որ տեղի է ունենալու գազի եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացում: Վեց ամիս առաջ դուք չգիտեի՞ք, որ բնականոն գնաճ է տեղի ունենալու, վեց ամիս առաջ դուք չգիտեի՞ք, որ աղքատությունը աճելու է: Գիտեի'ք: Եթե գիտեիք, այն ժամանակ անեիք», - ասաց Մինասյանը:

«2004-2005 թվականներին օրական 3000 դրամը միջին օրական աշխատավարձն էր` բանվորական աշխատանքի համար: Ներկայումս այդ 3000 դրամը աճել է, դարձել է 5000-6000 դրամ եւ 45 հազարը, որ մենք բաժանենք 30 օրվա` 1500 դրամ, որեւէ բան չի արտահայտում դա», - իր մտահոգությունները ներկայացրեց «Բարգավաճ Հայաստանից» Միքայել Մելքումյանը:

Հանրապետական Հակոբ Հակոբյանը արձագանքեց. - «Հասարակության ամենախոցելի աշխատող խավը նվազագույն աշխատավարձ ստացողներն են: Դրա համար ասում ենք` հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը բերեք բարձրացնենք, որպեսզի աղքատությունը աշխատողների հաշվին չավելանա: Հետո հունվարի 1-ին բարձրացնենք բոլոր աշխատողների աշխատավարձը, որպեսզի աշխատողների [կենսա]մակարդակը նախորդ տարվա նկատմամբ չընկնի: Սա է սկզբունքը»:

Չնայած քննադատությանը ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները դեմ չարտահայտվեցին նվազագույն աշխատավարձի բարձրացմանը, որը կառավարության պնդմամբ` 160 հազար մարդու կվերաբերի:
XS
SM
MD
LG