Մատչելիության հղումներ

«Վեդոմոստի». Ռուսաստանը սկսել է զինտեխնիկա մատակարարել Ադրբեջանին


Ռուսական տանկերը Մոսկվայի Կարմիր հրապարակում զորահանդեսի ժամանակ, արխիվ
Ռուսական տանկերը Մոսկվայի Կարմիր հրապարակում զորահանդեսի ժամանակ, արխիվ

Ռուսաստանցի հայտնի փորձագետը զարմանալի ոչինչ չի տեսնում` «սա առաջին անգամը չէ եւ հավանաբար վերջինն էլ չէ»:

Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին մատակարարել հարվածային նշանակության շուրջ 1 միլիարդ դոլարի հասնող զինտեխիկա` նոր տեսակի տանկեր, զրահապատ մեքենաներ, հրետանային համակարգեր եւ այլն: Այդ մասին նախօրեին հայտնեց մոսկովյան հեղինակավոր «Վեդոմոստի» պարբերականը` վկայակոչելով իր աղբյուրները Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում եւ ռազմարդյունաբերական համալիրում:

Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը համարվող Ռուսաստանը նորագույն զինտեխնիկա է վաճառում Հայաստանի հետ փաստացի պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին: Ընդ որում, նախորդ դեպքերում եւս այդ մասին տեղեկությունը հայտնվել է ճիշտ այսպես` սկզբում դրա մասին գրել են ռուսական աղբյուրները, հետո այդ զինտեխնիկան ցուցադրվել է Բաքվում:

Ռուսաստանցի ռազմական հարցերով հայտնի փորձագետ Պավել Ֆելգենգաուերը ասում է, որ զարմանալի ոչինչ չկա, սա առաջին անգամը չէ եւ հավանաբար վերջինն էլ չէ: Նա հիշեցնում է, որ «Ռուսաստանը ղարաբաղյան հարցում չեզոք, հավասարակշռված դիրքորոշում ունի, այսինքն` չի պաշտպանում կողմերից եւ ոչ մեկին»:

«Եվ ընդհանրապես, Ռուսաստանը ցանկանում է վերահսկել ամբողջ Հարավային Կովկասը: Միայն Հայաստանը կամ միայն Ադրբեջանը Ռուսաստանին բավարար չէ», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ֆելգենգաուերը:

Ռուսաստանի դիրքորոշումը այս առումով հասկանալի է, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին` փոքրիկ Հայաստանը մեծ ընտրություն չունի, ուզի թե չուզի` ստիպված է Ռուսաստանի դաշնակիցը լինել, պնդում է հայտնի փորձագետը` ընդգծելով. - «Բա ո՞ւմ դաշնակիցը լինի` Ադրբեջանի կամ Թուրքիայի՞»

Իհարկե, Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, փորձում է գործընկերային հարաբերություններ ստեղծել Արեւմուտքի հետ, իր զինվորներին ուղարկում է Իրաք եւ Աֆղանստան, բայց մեծ հաշվով` Ռուսաստանին այլընտրանք Հայաստանը չունի, համոզված է Պավել Ֆելգենգաուերը:

Ռուսաստանցի որոշ փորձագետներ ասում են, որ Հայաստանին էլ Ռուսաստանը զենք ու ռազմական տեխնիկա է վաճառում, եւ վաճառում է ներքին գներով: Ֆելգենգաուերի կարծիքով` այստեղ էական տարբերություն չկա. այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես ռուսական զենքը ստանում է հաճախ ավելի բարձր գներով, քան այդ նույն զենքը վաճառվում է երկրից դուրս:

Հայաստանցիներին պետք է մտահոգի այն փաստը, որ Ադրբեջանը ոչ միայն մեծ քանակով զենք է գնում, այլ նաեւ որակական առաջընթաց ունի այս հարցում: Պաշտոնական Բաքուն մեծ քանակով զենք է գնում ոչ միայն Ռուսաստանից, այլեւ Ուկրաինայից, Թուրքիայից, Իսրայելից, ընդ որում` Իսրայելից գնում է այնպիսի զենբք, որը նույնիսկ Ռուսաստանը չունի, չի արտադրում, այսինքն` այդ զենքից չունի նաեւ Հայաստանը: Այլ հարց է, թե երբ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որոշելու, որ արդեն բավականին ուժեղ բանակ ունի Ղարաբաղում պատերազմ սկսելու համար, ասում է փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG