Մատչելիության հղումներ

Վարչապետ. Նոր ատոմակայանի գաղափարից չենք հրաժարվել


Մեծամորի ատոմակայանը, արխիվ
Մեծամորի ատոմակայանը, արխիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, երկուշաբթի խորհրդարանում ներկայացնելով կառավարության ծրագիրը, անդրադարձավ նաեւ Հայաստանում կառուցվելիք նոր ատոմակայանին` վստահեցնելով, թե կառավարությունը չի հրաժարվել այն կառուցելու գաղափարից:

«Ավելին` վերջերս Հայաստան էր ժամանել [«Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն] պարոն Կիրիենկոն, ում հետ մենք սկսել ենք այս ծրագրի իրականացումը: Մենք կառուցելու ենք այդ նոր բլոկը, եւ այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանք ենք կատարել», - հայտարարեց վարչապետը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ նոր ատոմակայանի կառուցումը ներառված չէ կառավարության 2013-2017 թվականների ծրագրում:

Վարչապետը, մասնավորապես, տեղեկացրեց, որ կառավարության պատվերով համալիր վերլուծություն է իրականացվել` ատոմակայանի նոր բլոկի կառուցման անհրաժեշտությունը հիմնավորելու համար: Հիշեցնենք, կառավարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ նոր էներգաբլոկը պետք է պատրաստ լինի 2020 թվականին: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովիսյանը ասել էր, որ ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է ֆինանսավորել նոր ատոմակայանի կառուցման 50 տոկոսը, իսկ մնացած կեսը պետք է ֆինանսավորի Հայաստանի կառավարությունը` չներգրավելով երրորդ կողմ: Նախարարն ասել էր` եթե այլ երկրներից առաջարկներ չլինեն, կընտրվի ռուսական կողմի առաջարկը, սակայն այդ դեպքում էլ նոր ատմոկայանի բաժնետոմսերի առնվազն 51տոկոսը հայկական կողմի ձեռքում է լինելու:

«Մեզ ներկայացված է ծրագիր, թե ինչ քայլերով, ինչ հերթականությամբ այդ ծրագիրը պետք է իրականացվի: Մենք կառավարության ծրագրում չենք ներառել նոր ատոմակայանի կառուցման խնդիրը այն պատճառով, որ այս պահի դրությամբ քննարկումներ են գնում մեր ռուս գործընկերների հետ, թե ինչ ժամանակահատվածում է նպատակահարմար հանձնել շահագործման նոր ատոմակայանը, որովհետեւ դա առնչվում է նաեւ ֆինանսական միջոցների հետ: Մենք պետք է ընտրենք այն ճիշտ ժամանակահատվածը, որը ապահովելու է առավելագույն մեծ էֆեկտիվություն արտադրված էլեկտրաէներգիայի օգտագործման առումով, որպեսզի ինքնարժեքը լինի ցածր», - այսօր հայտարարեց վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նաեւ ասաց, որ հին ատոմակայանի շահագործման ժամկետները երկարաձգելու համար 150 միլիոն դոլար է անհրաժեշտ:

«Մեզ առաջարկվում է այսօր երկարաձգել գործող ատոմակայանի գործողության ժամկետը եւ դրա համար հատկացնել ֆինանսական միջոցներ եւ երկու տարով հետաձգել նոր ատոմակայանի կառուցումը, որպեսզի մենք հստակ ժամանակացույց ունենանք, թե երբ է դադարելու աշխատել հին ատոմակայանը: Մեզ անհրաժեշտ է հատկացնել առնվազն 150 միլիոն դոլար, որպեսզի ավարտենք աշխատանքները հին ատոմակայանի շահագործման ժամկետները երկարաձգելու խնդրում: Այն պահի դրությամբ երբ կավարտվեն ուսումնասիրությունները եւ պարզ կլինի, թե հին ատոմակայանը քանի տարի կարող է շահագործվել, դրանից հետո մենք կկարողանանք ճշգրիտ որոշել, թե նոր ատոմակայանը երբ է պետք սկսել կառուցել եւ հանձնել շահագործման: Այս մոտեցումը հնարավորություն կտա մեզ առավել արդյունավետ կառավարել մեր ֆինանսական միջոցները», - ասաց նա:

Անցած տարի հոկտեմբերին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը հայտարարել էր, որ կառավարությունն որոշել է 10 տարով երկարաձգել էներգաբլոկի շահագործման ժամկետը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր ատոմային բլոկի կառուցումը կտեւի մոտավորապես այդքան ժամանակ:
XS
SM
MD
LG